Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ․ Ռուբեն Վարդանյան, 23:44 18.04.2023

Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ։

Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին․

«Կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անպիտան են։ Խորհուրդ կտայի աշխատանքից ազատել նրանց, որովհետև որքան շատ է հնչում այս հռետորաբանությունը, որքան ավելի կոշտ ու դաժան է այն դառնում, այնքան մեծանում է հավանականությունը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ:

Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ միջոցներով է ադրբեջանական պետությունը 120 հազար հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից: Ամեն դեպքում, դա կլինի մարդկության դեմ հանցագործություն: Եվ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզվով ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում:

Այս իմաստով սա  ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»։

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)