Երևանի Օղակաձև այգում հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողը, 18:11, 25 Ապրիլ 2023

Երևանի Օղակաձև այգում հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս» հուշաղբյուր-
կոթողը

18:11, 25 Ապրիլ 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին մեծ շուքով բացվեց 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը:

Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Նեմեսիս»-ի պատմությունը հայ ազգ կամքի, արդարության վերականգնման մասին է: «Երեք հիմնական նշանակություն ունի այն խիզախությունը, որը դրսևորել են այն մարդիկ, որոնց անունները հուշարձանի վրա են: Առաջին հերթին ոճրագործների պատժի որոշման ու իրականացման գործողությունն էր, երկրորդն ընկճված ժողովրդին դրական լիցքեր հաղորդելն էր, և գործողությունն արձանագրումն է այն բանի, որ պատմության ընթացքում ոճրագործություններն անպատիժ չեն մնում անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես է դրան վերաբերվում: Բոլորի համար ընկալելի էր այն, ինչ արեց «Նեմեսիս»-ը, բոլորի համար արդարացի էր, սակայն մեր նպատակը պետք է լինի կանխել հնարավոր ոճրագործությունները, ստեղծել մեխանիզմներ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Դա պետք է լինի մեր հիմնական ուղերձը»,-շեշտեց նա:

Հուշարձանի ստեղծման նախաձեռնության ակունքներում կանգնած է Կամո Արեյանը: Նա հիշեցրեց, որ 108 տարի առաջ ապրիլին արյան մեջ էր մի ամբողջ երկիր, սակայն  այն պետական ծրագրին, որով ցանկանում էին աշխարհի երեսից ջնջել հայերին և Հայաստանը թողնել անքարտեզ, 1918-ին հայերը պատասխանեցին Սարդարապատի ճակատամարտով և կերտեցին Հայաստանի առաջին հանրապետությունը:

«Իսկ 1919-ին ՀՅԴ-ի նախաձեռնությունը համազգային վրիժառության որոշում էր, մեր արժանապատվությունը վերականգնելու որոշում էր: «Նեմեսիս»-ի իրագործողները մտավորական հայ տղերք էին, մեկը մյուսից լավն էին,  մեկը մյուսից պատրաստ ու պատասխանատու: Այս տղաներն ունեցան գերեզմաններ աշխարհով սփռված»,-ասաց Արեյանն ու գոհունակություն հայտնեց, որ վերջապես նրանց հիշատակը հնարավոր կլինի հարգել Հայաստանում՝ Երևանում:

Հուշարձանի բացմանը ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:

Արամ Երկանյանի շառավիղներից է լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանը:

Ըստ նրա՝ մենք վրիժառուներին պարտական ենք արժանապատիվ ազգ լինելու համար: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե «Նեմեսիս» գործողությունը չիրականացվեր: Մենք հիվանդ ազգ էինք լինելու, հոգեբանական բարդույթներից տառապող: Ես նրանց հաճախ համեմատում եմ հոգեբույժների հետ: Նրանք թույլ են տվել մեզ արժանապատիվ զգալ: Այս մարդիկ ահաբեկիչներ չեն, այլ իրականացնողն են այն արդար դատավճռի, որը  կայացվել էր օրինական իրավական ատյանի կողմից: Ես հավատում եմ, որ այն թուրքը, որը կցանկանա իրեն արժանապատիվ զգալ, պետք է գա, խոնարհվի այս հուշարձանի առաջ և հիշի, որ առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Թուրքիան, որը հետո հեռացել է իր այդ սկզբունքից»,-եզրափակեց Երկանյանը:

Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով հարստացրեց Երևանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Քրիստինա Ոսկանյանն է:

 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

 

«Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած  այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի  հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով: 

Երեք տարվա ընթացքում գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա՝ նրանք ոչնչացրել են մոտ երկու տասնյակ հանցագործի, Հայոց ցեղասպանությունն իրականացնող պարագլուխներին: «Նեմեսիս»-ը հստակ ու մանրազննին մշակված գործողություն է եղել, որը սկիզբ է առել հետախուզական աշխատանքից և ավարտվել դատավճռի իրականացմամբ: Այդ դատավճիռների իրականացման ժամանակ ոչ մի պատահական մարդ չի տուժել:

Քանի որ «Հատուկ գործը» խիստ գաղտնի է եղել, տարիներ շարունակ գաղտնազերծված չեն եղել  նրա կազմակերպիչներին ու անդամները, սակայն այժմ նրանց անունները բոլորին են հայտնի:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)