«Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը»: «Պետք է ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով»: Հունիսի 9, 2021

«ՀՀ»-ի հարցազրույցը Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հետ:

-Պրն Գասպարյան, այսօր բոլորը խոսում են ոչ միայն 44-օրա վերջին պատերազմի, այլեւ այն իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը: Խնդրում եմ ձեւակերպել Ձեր տեսակետը:

-Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը կապված է աշխարհաքաղաքական շատ հարցերի հետ: Ինչպես հարյուր տարի առաջ, երբ վաշխառուները ցանկանում էին ոչնչացնել հնդեվրոպական քաղաքակրթությունը կամ տարածքը: Իր փրկության համար ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է շնորհակալ լինի Գարեգին Նժդեհին: Այսօր նույն իրադարձությունները կրկնվում են, եւ նորից 150 տարի առաջ ստեղծված թուրքերի ցեղասպան մեքենան ցանկանում է Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վերացնել: Իսկ այդ նպատակի իրականացման ճանապարհին նրա համար խոչընդոտը Սյունիքն է, որը միշտ եղել է քաղաքակրթության կենտրոն: Սյունիքում են գտնվում մեր սեպագիր արձանագրությունները, որոնք մոտ 15 հազար տարվա պատմություն ունեն: Դրանք առաջին գրերի ձեւերն են, որոնք կարդալու համար անհրաժեշտ է ունենալ հայկական մտածողություն: Նման սեպագիր արձանագրություններ կան նաեւ Նեղոսի ափին, սակայն այնտեղ ֆլորան եւ ֆաունան նույնն են, իսկ պատկերված կենդանիները եւ բուսական աշխարհը հիմնականում գտնվում են Հայկական լեռնաշխարհում: Ուշադրություն դարձրեք, թե ժայռապատկերներն ինչպիսի նախագծեր են եղել, ինչպիսի նյութերից են սարքված, ինչպիսի աշխատանքներ են կատարվել, ինչպիսի հասարակություն է եղել, որ դրանք 15 հազար տարի պահպանվել են: Մեր ժողովուրդն աստվածածին, ստեղծագործ ժողովուրդ է՝ մեր աստվածներով հանդերձ: Մեր հայրենիքում է գտնվում հնագույն աստղադիտարան Քարահունջը: Վերջերս այլ նախագծերով ուզում էին փոխել դրա նշանակությունը՝ նպատակ ունենալով վերացնել այն: Հասկանալի է՝ այն շատերի քունն է փախցնում, որովհետեւ Քարահունջը հավասարահեռ հեռավորության վրա է գտնվում Սթոունհենջից եւ եգիպտական բուրգերից, որոնցում փարավոնների մումիաներն այնպես են դրված, որ ուղղված են դեպի Քարահունջ կամ Տաթեւի ճոճվող սյունը: Տաթեւի ճոճվող սյան հիմնական նշանակությունը քաղաքակրթական ցիկլերի ժամանակաշրջանն է նշում, բացի մնացած հատկություններից: Մեր ժառանգությունն այնքան մեծ է, որ մենք չենք կարողանում տիրություն անել եւ ի վիճակի էլ չենք: Բայց մենք պետք է ձգտենք տեր կանգնել մեր առաքելությանը, մեր ունեցածին, որպեսզի կարողանանք մեր ապագան կերտել: Երբ Սիրիուսը եւ Օրիոնը հայտնվում են Ճոճվող սյան վրա, սկսած այդ ժամանակվանից՝ փոխվում են քաղաքակրթական բոլոր արժեքները… Հայտնի փաստ է, որ քոչվորավաշխառուական ուժերը սկզբում ասորիներին էին վերացնում, հետո՝ մեզ: Եվ հիմա նույն իրավիճակն է: Պետք է գտնենք նախաքրիստոնեական շրջանի մասին տեղեկությունները ու տիրանանք մեր ժառանգությանը: Մեզ կտրել են մեր արմատներից, բայց պետք է գտնենք դրանք անհրաժեշտաբար՝ փլուզելու համար մեր դեմ ստեղծված բոլոր դավադրությունները: Պարտավոր ենք իմանալ, թե ովքեր ենք, որտեղից ենք եկել եւ դեպի ուր պետք է գնանք:

– Այլ կերպ ասած՝ գտնենք մեր անձնագիրը՝ ժամանակների հոլովույթում դիմակայել կարողանալու համա՞ր:

-Իմ ասածն այն է, որ 100 տարի առաջ ցանկանում էին վերացնել Սյունիքը՝ որպես կոմունիկատոր, իսկ մեր ժողովուրդն այդ քաղաքակրթական հարցերի լուծման կոմունիկատորի կրողն է: Խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Եվրոպայի հետ կապի մասին է: Նվաճողի գործը կհեշտանա, եթե վերացնի այդ ադամանդը՝ Սյունիքը: Իմ նշած սեպագիր արձանագրությունները հարթաքանդակի ձեւով կան Պորտասարում, որոնց մենք տիրություն չենք անում: Եվ դա շարունակվում է: Այսինքն՝ եթե նրանք այսօր ցանկանան մեզ վերացնել,իսկ մենք չկարողանանք բարձրաձայնել, չկարողանանք վերադառնալ քաղաքակրթական հարցերի լուծմանը, ինքնըստինքյան վերանալու ենք: Հիմա մենք բողոքում ենք, որ գլոբալիզացիայի հետեւանքով ստեղծվել է շատ անցանկալի իրավիճակ: Դա բոլոր ղեկավարներն էլ տեսնում են: Բայց, ինչպես Քիսինջերն է մի առիթով ասել, գլոբալիզացիան բոլորին սրբել-տանելու է: Եվ նույնիսկ երկրների ղեկավարներն են մտնելու այդ մսաղացի մեջ: Փորձեցին վերցնել մեր ազգի գենոֆոնդը: 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը դա էր, եւ մենք, ցավոք, առաջիկայում, նվազագույնը՝ 50-60 տարի, այսինքն՝ երկու սերունդ չենք ունենա ոչ միայն ազգաբնակչության ընդլայնված, այլ ընդհանուր պարզ վերարտադրություն: Մի սարսափելի իրավիճակ է ստեղծվել. մեր այս փոքր տարածքում որոշ դեստրուկտիվ ուժեր քաոս են ստեղծում:

– Այն, որ փարավոնների մումիաները դեմքով ուղղված են դեպի Տաթեւ եւ Քարահունջ, ինչ է հուշում՝ մեր մշակութային ժառանգությունը սոսկ մշակութայի՞ն արժեք է, թե՞ նաեւ քաղաքականության միջոց:

– Երկուսն էլ՝ միաժամանակ: Մեր մշակութային ժառանգությունն այնքան մեծ է, որ մենք դրա շատ փոքր տոկոսին ենք տիրություն անում: Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը, բայց այն առավելությամբ, որ անսահմանափակ է եւ չի ավարտվում նավթի ու գազի պես: Կուզեի միայն, որ մշակույթի նախարարությունում գիտակցեին մի պարզ ճշմարտություն, այդ գերատեսչության հիմնական աշխատանքը ոչ թե մշակույթ ստեղծելն է, այլ այն պահպանելը:

-Երբ խոսում ենք Արցախի դեմ ռազմական գործողությունների մասին, պատճառները գիտենք: Բայց, ըստ Ձեզ, ինչո՞ւ իրավիճակը սրվեց Սյունիքում:

-Որոշ շրջանակների կողմից վերջերս մշակված մի փաստաթղթի համար՝ Երկիր մոլորակն այսօր ունի 12 մարտահրավեր: Դրանցից մեկը կապված է էկոլոգիայի հետ, եւ այդ հարցը բարձրացրել է Մոսկվայի պետական համալսարանի հայազգի պրոֆեսոր Վալերի Պետրոսյանը: Մենք սկզբում ողջունեցինք հայաստանյան հեղափոխությունը, որովհետեւ կարծում էինք, որ էությամբ կոռուպցիոն համակարգերը հանգեցնում են պետականության կորստի: Հենց այդ պատճառով աջակցություն հայտնեցինք տեղի ունեցող իրադարձություններին: Մարտահրավերներից մեկն էլ ես եմ մատնանշել՝ կուլտուրոցիդը: Ինչպե՞ս կարելի է մարդկանց հիշողությունը վերացնել, մյուս կողմից վերացնել տարեցներին համավարակների միջոցով, որի արդյունքում ամբոխներ են առաջանում՝ հոգեւոր դատարկ վիճակում: Իսկ այդ դատարկությունը կապի այժմյան միջոցներով՝ ֆեյսբուք եւ այլն, կունենա կենտրոնական ղեկավարում մի փոքր տարածքից: Այսինքն՝ իջեցնելու են ազգաբնակչության թիվը եւ անցնելու են նշածս գործողություններին: Բնակչության թիվը 8 միլիարդից 2 միլիարդի հասցնելու աշխատանքները կատարվում են, եւ դա բիզնես ծրագիր է: Հիմա տեսեք՝ Միացյալ Նահանգները Աֆղանստանից հանում է իր զորքերը: Որպես հետեւանք, բացի Սյունիքից, սրվել է իրավիճակը նաեւ ղրղզա-տաջիկական սահմանում: Եվ դա պատահական չէ: Արդեն երեսուն տարի դրա մասին չէին խոսում, հիմա լրջացնում են բախումը: Եվ հետաքրքիրն այն է, որ նորից Տաջիկստանի ներկայացուցիչը Մոսկվայում է, իսկ Ղրղզստանինը՝ Թուրքիայում: Որոշ ուժեր ցանկանում են, ինչպես 300 տարի առաջ չինական հասարակությանն են դրել թմրանյութերի վաճառքի տակ, նույնը իրականացնել այդ տարածքներում: Չինացիները, որպես մեծ քաղաքակրթություն, 100 տարի առաջ չին կայսրի գլխավորությամբ 40 մլն մարդ զոհաբերեցին՝ թմրանյութերի վաճառքի տակից դուրս գալու համար: Թմրանյութերի՝ Եվրոպա տարանցման համար այսօր ուղիներ են մշակվում: Այդ ճանապարհն անցել է Բաքվի միջոցով: Հիմա էլ վերականգնում են Կրասնովոդսկի միջոցով՝ օգտագործելով Բաքու-Թբիլիսի կարճ ճանապարհը: Բայց դրանց տնտեսական արդյունավետությունը հիմնականում կազմում է 23 տոկոս, եւ նույնիսկ այսօր, երբ խոսում ենք մեր կոմունիկացիաների բացումից, ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, թե դրանք ինչ ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության, Հայաստանում ապրող քաղաքացիների կենսամակարդակի համար: Որովհետեւ դրանք ոչ մի տնտեսական արդյունավետություն չունեն: Այստեղ առանցքային հարցն այն է, որ այդ թմրանյութերի տարանցման ուղին անցնի Սյունիքով: Իսկ մենք գիտենք, որ ՄԻ-6-ի (բրիտանական հետախուզություն-հեղ.) դրած խնդիրները թուրքերը վերջին 100 տարում օգտագործում են իրենց շահերի համար: Այսինքն՝ համապատասխանեցնում են իրենց շահերին:

– Պրն Գասպարյան, գուցե հարցս տարօրինակ հնչի, բայց խնդրում եմ պատասխանել, թե, ըստ Ձեզ, 44-օրյա պատերազմում Իրանը եւ Ռուսաստանը գործեցին իրենց շահերի՞ շրջանակներում…

– Հիշեք 100 տարի առաջ, երբ ստեղծվեց Ադրբեջանը, Իրանը բողոք ներկայացրեց այն մասին, որ այդ տարածքում նման պետություն, քաղաքական կազմավորում երբեւէ չի եղել: Միեւնույն ժամանակ Իրանը բողոքեց, երբ Ռուսաստանը 1921 թ. պայմանագրով Սումալուի գավառի մի մասը տվեց Թուրքիային, որի իրավունքը չուներ: Նման հարցեր եղել են: Բայց մենք այսօր պետք է կարողանանք ճիշտ պատասխանել այն հարցերին, թե ինչ են նշանակում պետությունների միջեւ՝ մի կողմից, եւ ժողովուրդների ու մարդկանց միջեւ հարաբերությունները՝ մյուս կողմից: Իրանցիները 44-օրյա պատերազմից հետո հայտարարել են, որ Հայաստանի սահմանների փոփոխություններ չպետք է լինեն, որ եթե սահմանի փոփոխություն լինի, իրենք միջամտելու են:

– Զարմանալին այն է, որ Թուրքիան կարողացավ մտնել Հարավային Կովկաս, որը ատոմային տերության՝ Ռուսաստանի ազդեցության գոտին է:

– Թուրքիան դեռ 100 տարի առաջ է մտել Հարավային Կովկաս: Հրեական նախագիծը, որն իրականացվեց 1917 թ. հեղաշրջմամբ, գունավոր հեղափոխություն էր՝ Տրոցկու եւ Լենինի միջոցով: Բոլորս գիտենք, որ Վերսալում Պաղեստինի պրոտեկտորատը տրված էր անգլիացիներին, ժամանակը լրացավ 1920 թ., եւ հետագայում փորձ արվեց Հարավային Կովկասում նույնպես ստեղծել նման մի բան: Դա հրեական նախագիծ է, որը դեռ չիրականացրած՝ ձեռնամուխ եղան Ղրիմի նախագծին: Թուրքերն օգտվում են բոլոր նախագծերից եւ իրենց ազգային խնդիրներն են լուծում: Ինչ վերաբերում է մեզ, մենք չենք լուծում, չնայած պարտավոր ենք անել դա՝ նաեւ ասորիների, հույների եւ մնացած բնիկ ժողովուրդների հետ միասին:

– Որո՞նք են այս տարածաշրջանում մեր իրատեսական շահերը:

–  ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ արդեն չեն արդարացնում իրենց: Առանցքայինը Հայաստանի անվտանգության հարցի լուծումն է: Ճապոնիան երկրորդ աշխարհամարտից հետո բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ եւ իր անվտանգության հարցի լուծումը դրել նրա վրա, չնայած հենց Միացյալ Նահանգներն էր Հիրոսիմայի ու Նագասակիի վրա ատոմային ռումբեր նետել: Անվտանգության համակարգ ստեղծելու նպատակով մենք կարող ենք դիմել այն ժողովուրդներին, որոնք ցեղասպանության են ենթարկվել: Ո՞վ կարգելի, որ մենք դիմենք, ասենք, հույներին եւ միասին պայքարենք նրանց դեմ, ովքեր ձգտում են վերացնել մեզ: Մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին եւ Ազգերի լիգայի այն պետություններին, որոնք ստորագրեցին Սեւրի դաշնագիրը: Այսօրվա դրությամբ չկան Հելսինկիի, Յալթայի, Պոտսդամի, Թեհրանի սահմանները, բայց կան Վերսալի սահմանները, որոնք որոշված են Սեւրով: Արդյունքում չեն լուծվել միայն Հայաստանի անկախության եւ Քուրդիստանի ինքնավարության հարցերը: Պետք է բարձրացնենք այդ հարցերը եւ ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով:

Read more at: https://hhpress.am/socium/2021/1559/

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)