Բանակցային սեղանին դրված էր «տարածքներ` ոչ մի բանի դիմաց» բանաձևը. Փաշինյանն անդրադարձավ հրապարակված ձայնագրությանը, 10 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը լիովին հիմնավորում է իր իշխանության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին խոսել են ամենատարբեր հարթակներից և ներկայացրել ժողովրդին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց Սպիտակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում էին, որ կոմպրոմատ են հրապարակելու: Եվ երեկ այդ կոմպրոմատ կոչվածը` ձայնագրությունը, որտեղ ես եմ խոսում, հրապարակեցին: Ու հիմա ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ չհասկացանք՝ Սարգսյանը ուզում էր վնաս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք արել ենք, ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից մանրամասներ՝ նշելով, որ նախորդ իշխանությունից այն ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում:

«Եվ որն է եղել ամենակարևոր խնդիրն այդ պահի դրությամբ` եղել է այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումներին և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018 թվականին չի տեղի ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ 2016 թվականի հունվարի իրադարձությունների մասին՝ ասելով, որ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ` ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, ըստ էության, որի վրա երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր` վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: Ըստ էության, ես Ազգային ժողովի ամբիոնից էլ եմ ասել, շատ է խոսվում այն մասին, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» ձևակերպումն ունեցել է «5+2» բանաձև: Իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ երկուսը Հայաստանի համար գործընթացն ինչ-որ իմաստով հետաքրքրիր և գայթակղիչ դարձնելու մեջ էր: Եվ այդ երկուսն այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր` այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հայկական կողմն ուներ իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ. առաջինը` «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց», երկրորդը` ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ:

«Այս թեմային էլ եմ բազմիցս անդրադարձել, իսկ որտեղ պետք է վերադառնային` սարերո՞ւմ, անտառներո՞ւմ էին ապրելու, ապրելու էին այնտե՞ղ, որտեղ և ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եվ հետո ի՞նչ, հետո ոչ մի բան, հետո կապրենք կտեսնենք, իսկ հետո, երբ ապրում տեսնում ենք, ապրում և տեսնում ենք Նախիջևանը: Հաշվի առնելով պատերազմի ծանրությունը, հաշվի առնելով մեր բազմաթիվ զոհերի առկայությունը՝ ես ամենատարբեր ձևերով պատասխանատու եմ մի հարցի պատասխանելու համար` արդյոք կա՞ր մի պատուհան, արդյոք կա՞ր մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնայինք և խուսափեինք այս ամենից»,- ասաց Փաշինյանը:

Հունիսի 9-ին ՀՀ երրորդ նախագահը հրապարակել է նախորդ օրը խոստացած ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպմանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքից:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)