Թուրքիայի Մալաթիա քաղաքում ալևիների տների դռներին տարբերակիչ նշաններ են արել, բնակիչներն ահաբեկված են

16:38 • 22.11.17

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա քաղաքի՝ Ջեմալ Գյուրսել թաղամասում անհայտ անձանց կողմից ալևի բնակիչների տների դռներին տարբերակիչ նշաններ են դրվել, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Լրագրողների հետ զրույցում բնակիչները պատմել են, որ շատերն ահաբեկված են և չգիտեն, թե ինչ նոր վտանգների ու հարձակումների մասին կարող են կանխատեսել կարմիր ներկով արված այս նշանները:

«Մենք՝ ալևիներս, պարտավոր չենք որևէ մեկի նման լինել, մենք շարունակելու ենք պահպանել մեր հավատքն ու մշակույթը», – ասել է տեղի ալևիական միություններից մեկի ներկայացուցիչը:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ ու խուզարկել տարածքը: Այժմ փնտրվում են բնակիչների դռներին տարբերակիչ նշաններ արած անձինք:

Ալևիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության և անգամ հեթանոսության որոշ բարքեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ նաև անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:

http://www.tert.am/am/news/2017/11/22/alawi/2546093

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)