«Վուդրո Վիլսոնի վճիռն անբեկանելի է, այդ թվում սահմանների մասով»

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

22 Նոյեմբերի 2017, 19:16

Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ստորագրման օրվա կապակցությամբ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը բարձրացնում է Հայաստանի կողմից այս ուղղությամբ իրականացվելիք քայլերի անհրաժեշտությունը:

«Վուդրո Վիլսոնի վճիռը իրավարար վճիռ է, և համաձայն Հաագայի 1899 և 1907 թվականի կոնվենցիաների, նշանակում է, որ այդ փաստաթուղթն անժամկետ է, անբեկանելի է ու կատարման համար պարտադիր փաստաթուղթ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Պապյանը՝ անդրադառնալով 1920 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված այս փաստաթղթին:

Նա նկատում է, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում այս վճիռն առաջ տանելու ուղղությամբ:

«Ըստ դրա՝ համաձայն միջազգային օրենքի՝ ՀՀ սահմանները ոչ թե Սովետական Հայաստան վարչատարածքային միավորի սահմաններն են, առավել ևս Սովետական Հայաստանի սահմանների վերաբերյալ որևէ օրիանական փաստաթուղթ չկա, այլ հայ-թուրքական մասով Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով 1920 թվականի նոյեմբերի 22-ով որոշված սահմանն է: Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանը դա Ազգերի լիգայի 1920 թվականի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկով որոշված սահմանն է: Սա կարևոր փաստաթուղթ է, որով ամրագրվում են մեր հանրապետության սահմանները, մեր հանրապետության տիտղոսը»,- ասաց Պապյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է այս համատեքստում մի քանի ուղղությամբ առաջ շարժվի: Առաջինը, հանրությանն ավելի ճանաչելի պետք է դարձնել այս փաստաթուղթը: Այսինքն՝ գիտական միջավայրում, գիտաժողովներում, հասարակական քվեարկությունների ժամանակ անպայման պետք է արծարծել այս փաստաթուղթը: Պետք է նաև ունենալ այս փաստաթուղթը մի քանի լեզուներով թարգմանված:

«Մենք տպագրել ենք սրա բնագիրը անգլերեն, ռուսերեն և իսպաներեն թարգմանությունները, ունենք թուրքերեն թարգմանությունը, բայց ֆինանսական անբավարար միջոցների պատճառով առայժմ չենք կարողացել դա տպագրել: Երկրորդ, ես կարծում եմ, որ նոյեմբերի 22-ը պետք է Հայաստանում լինի պետական պաշտոնական տոն, «Հայրենատիրություն» անվանումով, որպեսզի դա իրազեկմանն օգնի, բայց ամենակարևորը՝ որպեսզի մենք ցույց տանք, որ այդ փաստաթուղթը մեզ համար մեռած փաստաթուղթ չէ»,- ասաց նա:

Այսինքն, ըստ Պապյանի, պետք է այնպես անել, որ եթե Հայաստանը մի օր դիմի միջազգային դատարան, մեր հակառակորդները չվկայակոչեն մեր անգործությունը և չասեն, որ միջազգային իրավունքների դադարեցումը մտել է ուժի մեջ, քանի որ մենք հետևողական չենք պաշտպանել մեր շահերը:

«Այդ քայլերը պետք է արվեն, հատկապես, որ դրանք որևէ բացասական երանգ չեն հաղորդում մեր պետությանն ու դիվանագիտությանը»,- հավելեց նա:

Արա Պապյանը նկատում է, որ անցած տարիներին ընդհանրապես որևէ քայլ չի արվել այս ուղղությամբ:

«Ոչինչ չի արվել, բացառությամբ 2015 թվականի հունվարին ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ ընդունված հռչակագրի, որտեղ մեկ պարբերությամբ անդրադարձ կար նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Բայց դրա շարունակությունը չեղավ, ավելին, այդ հռչակագրի այլ մասերով ևս շարունակություն չեղավ», ասաց նա:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/165353

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)