Երբ, ինչպես և ում բաժանվեց հայերի գույքը Թուրքիայում հետցեղասպանական շրջանում. թուրք ուսումնասիրողի հարցազրույցը

18:04 • 03.11.17

Թուրքական gazeteduvar.com.tr կայքը զրուցել է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայերի և հույների գույքի անօրինական բռնագրավումների, այս ժողովուրդների թողած տնտեսական և մշակութային ժառանգության թրքացման շուրջ ուսումնասիրություններ կատարող լրագրող Նևզաթ Օնարանի հետ:

Լրագրող հետազոտողը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայում տնտեսական ուժը հայերի և հույների ձեռքից խլելու գործընթացը չի ավարտվել ցեղասպանական շրջանով և ձգվել է ընդհուպ մինչև 1940-ականներ:

«1914 թվականին արված մարդահամարի տվյալներով Օսմանյան կայսրության բնակչությունը կազմել է 18 միլիոն: Ըստ իմ հաշվարկի՝ դրանցից 15 միլիոնը ներառում էին ներկայիս Թուրքիայի հանրապետության սահմանները: Այս թվի 20 տոկոսը կազմել է քրիստոնյա բնակչությունը, շատ փոքր հատվածը՝ հրեաները: 1913-14 թվականներին հույների դեմ ուղղված հետապնդումները, 1915-ի Հայոց ցեղասպանությունը, 1920-22 թվականներին հույների բռնի արտագաղթը ու նույնատիպ բազմաթիվ պատմական իրադարձություններ բերեցին նրան, որ այսօր կրոնական փոքրամասնությունները կազմում են Թուրքիայի բնակչության ընդամենը 1 տոկոսը», – նշում է ուսումնասիրողը:

Շարունակելով թեման՝ թուրք հեղինակը նշում է, որ մինչ առաջին համաշխարհային պատերազմը հույն բնակչությունը մեծամասնություն է կազմել հիմնականում սևծովյան շրջանում, Անատոլիայի կենտրոնական հատվածներում, Մարմարա և Էգեյան ծովերի ափերին: Հայերը ավելի մեծաթիվ էին Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Սեբաստիայի, Մուշի և Դիարբեքիրի պես վիլայեթներում, ինչպես նաև համայնքներ ունեին Թուրքիայի արևմտյան Բուրսա, Անկարա և երկրի կենտրոնական մի շարք քաղաքներում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչ 1915 թվականը երկրի տնտեսության և արդյունաբերության մեջ թուրք – իսլամական բնակչության բաժինը կազմում էր ոչ ավելի քան 15 տոկոս: Օսմանյան տնտեսության մեջ հույների մասնաբաժինը հասնում էր 50 տոկոսի, հայերինը՝ 20-ի», – ասում է Օնարանը՝ նշելով նաև հրեաների ու օտարերկրյա քաղաքացիների ունեցած որոշակի դիրքերի մասին:

Ըստ թուրք ուսումնասիրողի՝ հայերի և հույների գերիշխանությունը օսմանյան տնտեսության մեջ  այս ժողովուրդների «մեղավորությունը» չէր, այլ Օսմանյան պետության հասարակական կառուցվածքի արդյունքը: Եվ չնայած դրան՝ հայ և հույն առևտրականներն ու արդյունաբերողները հայտնվեցին ազգյանական թիրախի տակ ոչ միայն դեմոգրաֆիկ, այլև տնտեսական իմաստով:

Օնարանը շեշտում է, որ երիտթուքերի այս գործելաոճը, վերածվելով պետական քաղաքականության, փոխանցվել է նաև նրանց հաջորդած իշխանություններին՝ այդ թվում և ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Արևմտյան Հայաստանի պատմական Մալաթիա շրջանում ծնված և մեծացած Նևզաթ Օնարանը հիշում է, որ սեփական գյուղում իր մանկության տարիներին միայն մեկ հայ ընտանիք էր մնացել, իսկ գյուղի ամենամեծ ցորենի դաշտը, որը բոլորին հայտնի էր «Աղայի դաշտը» անունով, ավելի ուշ պարզվեց, որ ոչ թե քուրդ աղայինն էր, այլ հայ Հովհաննեսինը: Իր հերթին մոտակայքում ապրող մի աղքատ գյուղացի էլ հայերից մնացած մեկ այլ տարածք էր սեփականաշնորհել:

«Այստեղ գույքի յուրացման այսպիսի զանգվածային համակարգ էր գործում», – պատմում է Օնարանը:

Ցեղասպանության ենթարկված ժողովրդի գույքի յուրացման մեխանիզմն, ըստ Օնարանի, առավել մանրամասն մշակվեց ու գործի դրվեց արդեն հանրապետական Թուրքիայի շրջանում. 1920-ական թվականներին գույքի օտարման ու պետականացման վերաբերյալ Թուրքիայում 13 նոր օրենք է ընդունվել, որոնք բոլորն էլ գործի են դրվել:

Հենց այդ նպատակով հիմնված ու 1915–ից 1924 թվականներին գործունեություն ծավալած Գույքի դասակարգման հանձնաժողովը նախ գրանցում էր բռնագաղթի ենթարկված հայերի ու հույների գույքը, այնուհետև վաճառքի անվան տակ վերաձևակերպում անհատ անձանց կամ ընկերությունների անունով:
Բոլոր այս վերաձևակերպումներն ու հին տվյալները պահպանվել են այս հանձնաժողովի գրանցամատյաններում, մինչդեռ դրանց արխիվներին հասնելն այսօր բոլորովին դյուրին չէ:

«Ըստ իս՝ արխիվներն առկա են, բայց չեն հրապարակվում: Եթե ցույց տան, կերևա՝ ում գույքը ում են փոխանցել: Այն, որ գրանցամատյանները պահպանվել են, փաստում են 2004 թվականին սեբաստացի Հակոբի թոռան գույքի վերադարձի հետ կապված դատական գործի ընթացքում Թուրքիայի Արդարադատության նախարարության կողմից ուղարկված փաստաթղթերը», – նշում է Օնարանը:

http://www.tert.am/am/news/2017/11/03/nevzat-onaran/2530159

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)