Հայաստանն արմատապես փոխեց տարածաշրջանը

  • Մեկնաբանություն – 31 Հոկտեմբերի 2017, 11:42
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու բացումը դարձավ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման մասին խոսակցությունների առիթ, կամ դրանց մասին նոր ալիքի առիթ: Երկաթուղային այդ նախագիծը Ադրբեջանն ու Թուրքիան հղացան հենց այդ՝ մեկուսացման տրամաբանությամբ: Առերեւույթ իրավիճակը հենց այդպես էլ կա, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերից, այստեղով չեն անցնում նավթամուղեր, գազամուղեր, երկաթուղիներ:Բայց արդյոք դա մեկուսացում է, այն էլ տեխնոլոգիական հեղափոխության այն ժամանակաշրջանում, որ ապրում է աշխարհը, եւ որն ուղեկցվում է նաեւ աշխարհակարգի վերափոխման ուղղությամբ դինամիկ գործընթացներով:Այստեղ իրավիճակը այնքան էլ միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Չի բացառվում, որ, ղարաբաղյան խնդրի բացակայության պարագայում Հայաստանը լիներ այդօրինակ նախագծերում ներգրավված, թեեւ մեղմ ասած փոքր չէ հավանականությունը, որ այդ խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ավելի շուտ առիթ է, ոչ թե պատճառ:Այդ իմաստով, Հայաստանի մեկուսացվածության խնդիրը եւ դրա շուրջ քննարկումները ավելի շուտ գտնվում են թերեւս մեխանիկական չափորոշիչների դաշտում, լայն համատեքստից կտրված: Երբ դիտարկվում է «մեկուսացվածության» հարցը, պետք է թերեւս առաջին հերթին հաշվի առնել այն, որ Հայաստանը տարածաշրջանային վերաձեւման առանցքն է, Հայաստանը երկու տասնամյակ, քառորդ դար առաջ սկսել է տարածաշրջանի վերաձեւումը, ձեւավորելով նոր ստատուս-քվո եւ դնելով անվտանգության լիովին նոր համակարգի հիմք:Այլ կերպ ասած, երբ խոսք է գնում տարածաշրջանում Հայաստանի մեկուսացվածության մասին, նախ պետք է թերեւս հասկանալ՝ իսկ ո՞րն է տարածաշրջանը, ինչպիսի՞ն է տարածաշրջանը, գործ ունենք հի՞ն, թե բոլորովին նոր տարածաշրջանի հետ, հետեւաբար տեղի ունեցող տնտեսա-քաղաքական գործընթացների չափումներն էլ պետք է դիտարկվեն լիովին նորև ռազմա-քաղաքական իրողությունների համատեքստում:Օրինակ, բոլորովին այլ տարածաշրջան էր 2008-ին, երբ սկսվում էր Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղու շինարարությունը, եւ բոլորովին այլ տարածաշրջան է ներկայում՝ երբ այն ավարտվում է ու բացվում: Այդ ընթացքում Կովկասը ապրել է հիմնարար երկու պատերազմ՝ հնգօրյա ռուս-վրացական եւ քառօրյա հայ-ադրբեջանական, որոնք էլ ավելի են խորացրել այն ստատուս-քվոն, որ քառորդ դար առաջ ձեւավորվել է հայկական մասնակցությամբ եւ առանցքով:Իսկ քանի դեռ տարածաշրջանային անվտանգության եւ նոր ստատուս-քվոյի առանցքը հայկական է, այն չի կարող մեկուսանալ, որովհետեւ առանցքը չի մեկուսացվում, առանցքի շուրջ պտտվում են:Ընդ որում, հայկական առանցքի իրավունքը գործնականում ստացել է միջազգային ճանաչում, թեեւ հենց այդ ճանաչմամբ է նաեւ ձեւավորվել երկու տասնամյակ առաջ: Տվյալ պարագայում, բուն խնդիրը հայկական առանցքի ռազմա-քաղաքական եւ տնտեսական բովանդակությունների համադրությունն է: Դա ենթադրում է ոչ թե կոմունիկացիոն խաչմերուկ, այլ տեխնոլոգիական կենտրոն Հայաստան: Մեկը ամենեւին չպետք է հակադրել մյուսին, որովհետեւ Հայաստանն ունի նաեւ կոմունիկացիոն ներուժ՝ Իրան-Հայաստան-Վրաստան գծով, որի իրագործման ուղղությամբ անհրաժեշտ է կատարել աշխույժ քայլեր, գործադրել մեծ ջանք:Սակայն Հայաստանի տարածաշրջանային խորքային դերակատարումը ենթադրում է հնարավորինս ինքնաբավություն, որի վրա պետք է հենվի Կովկասի անվտանգության առանցքը, այդպիսով դառնալով առավել հուսալի եւ կայուն: Հայաստանը պետք է հնարավորինս քիչ կախվածություն ունենա ենթակառույցվածքային նախագծերից, եւ հայկական տնտեսական համակարգի հիմքում պետք է լինեն նորարար նախաձեռնությունները, սահմանների հաղթահարման տեխնոլոգիական կարողություններով:Նաեւ հենց այդ բովանդակության շնորհիվ Հայաստանը կստանա կոմունիկացիոն ներուժը առավել արդյունավետ իրագործելու հնարավորություն:Հայաստանը քառորդ դար առաջ արմատապես փոխել է տարածաշրջանը, իսկ ապրիլի պատերազմում պահել այդ փոփոխությունը: Ամբողջ հարցը այն է, որ Հայաստանն ինքը չի փոխվում, կամ փոխվում է շատ դանդաղ: Դա է Հայաստանի խնդիրը: Մեկուսացման խնդիր Հայաստանը չունի: 
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/163769
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)