Բարզանին հեռանում է Իրաքյան Քրդստանի ղեկավարի պաշտոնից

10:23 • 30.10.17

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Բարզանին Քրդստանի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունից հետո նշել է, որ Քրդստանը մեծ դավաճանություն է վերապրել Բաղդադի կողմից, ինչպես նաև քննադատել է ԱՄՆ-ին, որը միջամտություն ցույց չտվեց քրդական դիրքերի վրա իրաքյան բանակի և շիական «Հաշդի Շաբի» խմբավորման զինյալների գրոհի ժամանակ:

Ինչպես փոխանցում է diken.com.tr-ը, ըստ Բարզանիի՝ «Հաշդի Շաբի»-ն և իրաքյան բանակը քրդերի վրա հարձակվեցին հենց ամերիկյան զենքով:

«Նրանց աչքի առաջ և նրանց իսկ զենքով Իրաքի բանակն ու «Հաշդի Շաբի»-ն հարձակվեցին մեզ վրա, սակայն ԱՄՆ-ն ինչո՞ւ ձայն չհանեց: Այս հարցերը պետք է բարձրացվեն, քանի որ նրանց զենքով է մեր «փեշմերգան» նահատակվել», – հայտարարել է Բարզանին:

Քրդստանի ղեկավարը նշել է, որ հոկտեմբերի 16-ի Քիրքուքի վրա գրոհը Քրդստանի դեմ մեծ դավաճանություն էր Բաղդադի կողմից, «որը նախընտրեց հստակ կրոնական ուղղության հետևորդ դաշնակցի կողմն անցնել»:

«Եթե հանրաքվեն չլիներ էլ՝ հարձակվելու էին մեզ վրա: Նրանք չէին եկել Իրաքի սահմանադրությունը պաշտպանելու, նրանք եկել էին քրդերի կամքը կոտրելու, «Հաշդի Շաբի»-ի հարձակումները ստիպեցին մեզ պատերազմի մեջ ներքաշվել», – ասել է Բարզանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

http://www.tert.am/am/news/2017/10/30/barzani/2525336
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)