18:12 • 30.09.17
«Չէի ասի, որ դա որևէ կերպ կարող է ազդել արցախյան հիմնախնդրի վրա, բացի այն, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրականացման ևս մեկ փաստ է: Բայց, ինչպես համոզվել ենք արդեն, նման դեպքերն էական ազդեցություն ԼՂ հարցի վրա չեն ունենում։ Մասնավորապես, Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից հետո Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը, Կոսովոն և էլի մյուս երկուսը նախկին տարածքում ինքնորոշվել են, բայց անգամ Ռուսաստանը, որ մեր դաշնակիցն է ու ճանաչեց Աբխազիան և Օսեթիան, ասում է, որ Ղարաբաղի հարցն առանձին է: Այնպես որ, Ղարաբաղի վրա դա առանձնապես չի ազդի»,-բացատրեց Արա Պապյանը:
Սակայն այլ առումներով անկախ Քուրդիստանի ստեղծումը, Արա Պապյանի կարծիքով, նպաստավոր է Հայաստանի ու հայերի համար. «Նախ՝ նոր խաղացող է հայտնվել Միջին Արևելքում, որն ի հայտ է գալիս 100-ամյա ստատուս քվոյի փոփոխմամբ: Այսինքն՝ այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել էր և մնացել անփոփոխ, հիմա փոխվում է, ինչը նշանակում է, որ կարող են փոխվել ահագին բաներ` նաև ի նպաստ հայերի»:
Հիշեցնենք, որ հայ փորձագետներից որոշներն առաջարկում են շատ չոգևորվել այդ սցենարներով՝ ուշադրություն հրավիրելով Մեծ Քուրդիստանի քարտեզի վրա, քանի որ այդ քրդական հողերում է նաև Արևմտյան Հայաստանը՝ իր քրդաբնակ շրջաններով:
Անդրադառնալով սրան` Արա Պապյանը նկատեց. «Դա քրդական երազանքն է, և մի մոռացեք, որ մենք էլ ունենք Մեծ Հայքի քարտեզը. սա ցանկությունների մասով: Ինչ վերաբերում է հայկական հողերին, ապա հարց՝ ինչպե՞ս որոշեցին, որ դրանք հայկական հողերն են, արդյոք մեր երկիրը հայտարարե՞լ է, որ հավատարիմ է Սևրի պայմանագրին և Վիլսոնի իրավարար վճռին: Երբևէ նման հայտարարություն չի եղել: Ավելին՝ մեր երկիրը ստորագրել է Ցյուրիխյան արձանագրություն՝ այսպիսով ճանաչելով ներկայիս սահմանները: Մյուս կողմից`մենք այդտեղ ոչինչ չենք կորցնում. եթե այս հողերն այսօր վերահսկում են թուրքերը, վաղը կվերահսկեն քրդերը: Ավելին՝ մենք մի բան էլ շահում ենք, որովհետև քրդական պետությունը ռազմականապես կլինի ավելի թույլ, և տնտեսապես Հայաստանից ավելի կախված»:
Քրդերի անկախության հանրաքվեից հետո հիմնական կանխատեսումն այն է, որ հանրաքվեն և Անկախ Քուրդիստանի ստեղծումը կբերի տարածաշրջանում ֆրագմենտացիայի՝ տրոհման, Արա Պապյանն առաջարկում է չվախենալ՝ ասելով. «Եթե տրոհումը սկսվի, առաջինը կլինի Իրաքը, սա հնարավոր է, որ բերի նաև Սիրիայի տրոհման, որովհետև Սիրիայի քրդերը հնարավոր է նույնպես անկախանալու ցանկություն հայտնեն, ինչն էլ հնարավոր է հանգեցնի՝ Սիրիայի մի քանի մասի բաժանությանը: Սա շատերի կարծիքով՝ կարող է ազդել Թուրքիայի վրա, բայց, կրկնում եմ, տարածաշրջանի ֆրագմենտացիայում ոչ մի վատ բան չկա: Հակառակը, որքան Միջին Արևելքը ֆրագմենտացված լինի, այսինքն՝ փոքր-փոքր երկրներ լինեն, այնքան կայունությունն ավելին կլինի:
Այսինքն, ըստ բանախոսի, եթե առաջ տարածաշրջանում, ենթադրենք՝ 30 երկիր էր, հիմա դառնա 50, նշանակում է, որ գնալով շատանում են փոքր երկրները, իսկ որքան երկիրը փոքր լինի, այնքան նա ի վիճակի չի լինի մեծ պատերազմ վարել:
Նշենք, որ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս, Սանկտ Պետերբուրգի աֆրիկյան և ասիական հետազոտությունների կենտրոնի դասախոս, քրդագետ Գառնիկ Ասատրյանն օրինակ, այս կարծիքին չէ, նրա խոսքով` քրդական պետությունը մշուշոտ հեռանկարներ ունի:
Ըստ նրա՝ քրդական գործոնն արհեստական օրակարգ է, որը ժամանակ առ ժամանակ՝ 20 -30 տարին մեկ ի հայտ է գալիս։ Քրդական պետության մշուշոտ հեռանկարների հիմնական պատճառը,ըստ քրդագետի, այն է, որ 50 միլիոնանոց քրդական գործոնը միֆականացված է: 50 միլիոնանոց քրդական ինքնությանը վերագրվող շատ հատվածներ ունեն միմյանցից տարբերվող էթնիկական, կրոնական, լեզվական խմբեր:
Ի պատասխան՝արա Պապյանն նշեց. «Ոչ ոք չի պնդում, որ պետք է լինի քրդական մեկ պետություն և բոլոր քրդերը պիտի լինեն մեկ Քրդստանի մեջ: Կարող են լինել տարբեր Քուրդիստաններ, ինչպես, օրինակ, արաբներն ունեն տարբեր պետություններ, գերմանացիները: Ինչ վերաբերում է հարցադրմանը` քրդերը պատրա՞ստ են, թե ոչ, ապա շատ ավելի անպատրաստ ժողովուրդներ են պետականություն ստացել, նույն արաբները, Միջին Ասիայի ժողովուրդները: Հակասությունների առումով էլ, այո, դրանք կան, բայց հենց երեկ Սիրիայի քրդական ժողովրդական կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ թեև Բարզանիի հետ խնդիրներ ունեն, բայց իրենք ամեն ինչով կօգնեն եղբայր քրդերին։ Եթե անգամ Թուրքիան հարձակվի Իրաքի Քուրդստանի վրա, իրենք կհարձակվեն Թուրքիայի վրա:
Այն, որ Էրդողանը և վարչակարգը սպառնում են պատերազմով՝ Արա Պապյանը համարում է «թատրոն»՝ասելով, որ Իրաքի հետ սահմանը փակելու և Իրաքի վրա «գնալու» սպառնալիքներ տվող Թուրքիան այնտեղ լրացուցիչ, նախկինում փակված անցակետ է բացել:
«Միանշանակ է, որ որևէ ռազմական գործողություն պատերազմի ձևով չի լինի: Այլ բան է, որ ինչպես առաջ օդանավերից «Քրդական աշխատավորության կուսակցության» Հյուսիսային Իրաքում գտնվող որոշ ճամբարներ էին ռմբակոծում, հիմա էլ կանեն, բայց ոչ գործողություններ, որոնք կարող են կանխել անկախությունը: Եկեք հստակ պատկերացնենք, որ 7 միլիոնանոց զինված ազգը, թիկունքին ունենալով ամերիկյան 4 օդակայան, որոնք հարյուրավոր դոլարների զենք են մատակարարում սիրիական Քուրդիստանին, որտեղից էլ այդ զենքը գալիս է Իրաքի Քուրդիստան, դրա դեմն առնելը հնարավոր չէ»:
Նշենք, որ, շատ փորձագետներ պնդում են, որ անկախ Քուրդիստանի ստեղծմամբ շահագրգռված է Իսրայելը, որը համարվում է այն երկիրը, որը 60-ականներից սկսած օգնել է քրդերին և այսօրվա դրությամբ միակ երկիրն է, որը չսպասելով հանրաքվեից հետո Քուրդիստանի խորհրդարանի՝ իր անկախության հռչակմանը, հաստակամ հայտարարում է ճանաչելու անհրաժեշտության մասին: