Ինչո՞ւ է Իսրայելն աջակցում Իրաքյան Քրդստանի անկախացմանը

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի օրվա մոտենալու հետ տարածաշրջային երկրի հռետորաբանությունն այս հարցում ավելի է կոշտանում, ընդ որում վերջինս մշակում է նաև գործողությունների հստակ պլան՝ անկախանալու դեպքում քրդական պետության դեմ կիրառելու համար: Մերձավորարևելյան երկրներից Իսրայելը միակն է, որ պաշտոնապես աջակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի անկախանալու ջանքերին:

Նշենք, որ Իսրայելը դեռ 1960-ականներից է կապեր պահում քրդերի հետ՝ վերջիններիս տարաբնույթ աջակցություն ցուցաբերելով: Մերձավոր Արևելքում քրդական և ցանկացած այլ փոքրամասնության կողմից պետության ստեղծումն Իսրայելի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ թշնամական արաբական երկների՝ տվյալ դեպքում Իրաքի ուշադրությունը շեղվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունից:

Սակայն ինչո՞ւ է Թել-Ավիվն Իրաքյան Քրդստանի անկախանալուն աջակցություն հայտնում: Քրդստանին աջակցության մասին հայտարարել է  վարչապետ Բենյամին Նեթանյահուն այն դեպքում, երբ իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ը և Թուրքիան, որի հետ հարաբերությունները բոլորովին վերջերս են կարգավորվել, կտրականապես հանդես են գալիս Իրաքյան Քրդստանի անկախանալու դեմ: Նախ նշենք, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում միայն առաջին հայացքից է խիստ հակասող ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթին:

Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը՝ այս պահին դժվար է խոսել հատկապես քաղաքական ոլորտում երկու երկրի միջև սերտ համագործակցության մասին. Անկարան շարունակում է աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորմանը, որն Իսրայելը համարում է ահաբեկչական, և հանդես գալ Իսրայելում ապրող մուսուլմանների իրավունքների պաշտպանությամբ, ինչը բնականաբար դուր չի գալիս Թել-Ավիվին: Նման պայմաններում Իսրայելն իրեն ապահովագրված է զգում քրդերի հարցում Անկարայի հնարավոր մեղադրանքներից՝ հատկապես, որ իր ելույթում Նեթանյահուն ընդգծել է, որ Թել-Ավիվի աջակցությունը քրդերի անկախանալու ձգտումներին բնավ չի վերաբերում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և վերջինիս գործունեությանը:

Ինչ վերաբերւմ է ԱՄՆ-ին, ապա նշենք, որ չնայած տարբեր մակարդակներով Վաշինգտոնը, և Արևմուտքն ընդհանրապես, հանդես է գալիս Բաղդադից Իրաքյան Քրդստանի անկախացման դեմ, սակայն վերջինիս համար անընդունելի է ոչ թե Քրդստանի անկախացումն, այլ դա իրականացնելու համար ընտրված ժամանակահատվածը: Արևմուտքում վստահ են, որ Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կմղվի երկրորդ պլան, ուստի Էրբիլին կոչ են անում հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Միևնույն ժամանակ, Արևմուտքում հասկանում են, որ առնվազն բարոյական իրավունք չունեն խոչընդոտելու Իրաքյան Քրդստանի անկախանալու ձգտումներին: ԻՊ դեմ պայքարում քրդերը բավականին արդյունավետ աջակցություն են ցուցաբերում արևմտյան կոալիցիային, ինչի դիմաց վերջինիս մասնակիցները բազմիցս խոստացել են աջակցել քրդական անկախ պետության ստեղծմանը:

Չի բացառվում, որ Իսրայելի կողմից նման բարձր մակարդակով Իրաքյան Քրդստանի անկախացմանն աջակցություն հայտնելն ամենայն հավանականությամբ համաձայնեցված էր ԱՄՆ-ի հետ, և ԱՄՆ-ն այս կերպ է կարողացել ցուցաբերել իր խոստացված աջակցությունը…

 

http://armedia.am/arm/news/52087/inchu-e-israyeln-ajakcum-iraqyan-qrdstani-ankakhacmany.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)