Իրաքյան Քրդստանի անկախացման գործընթացը վտանգավոր է եզդիների համար

27-09-2017 18:44:30   | Հայաստան  |  Հասարակություն

«Իրաքյան Քրդստանը մշտապես որդեգրել է տեղի փոքրամասնություններին ասիմիլացիայի ենթարկելու քաղաքականությունը»,- համոզված է ՀՀ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ, «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:
Ըստ նրա` Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե անցկացնելու պատճառ բերում է Իրաքի կրոնական երկիր լինելը և իր` ոչ կրոնական պետություն կառուցելու ձգտումը, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:
«Իրաքյան Քրդստանում մարդիկ սպանվում են իրենց էթնիկ կրոնական պատկանելիության համար: Թեպետ թղթի վրա Իրաքյան Քրդստանը հանդես է գալիս ոչ կրոնական երկիր լինելու դիրքերից, այդուհանդերձ երկրի ղեկավար կազմի անդամների տեքստերում իսլամական տարրերը գերակշռում են»,- նկատեց Ս. Սուլթանյանը` հավելելով, որ դեպքեր են եղել, երբ ԶԼՄ-ների միջոցով այդ ինքնավարության մուսուլման առաջնորդները կոչ են արել եզդիներին սպանել որպես անհավատների:
Նրա կարծիքով` Իրաքյան Քրդստանի աստղային ժամը եկել է այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց Հյուսիսային Իրաքի վրա:
«Որպես ուժ ունեցող տեղի ինքնավարություն` Իրաքյան Քրդստանը մեծաքանակ օժանդակություն ստացավ Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից»,- նշեց բանախոսը:
Ս. Սուլթանյանը վերհիշեց նաև մի ուշագրաֆ հանգամանքի` եզդիների ցեղասպանության  մասին:
Նրա խոսքերով` դեռևս 2014 թվականին Իրաքյան Քրդստանը որպես տարածքային միավոր հանձն էր առել եզդիական Սինջար և Շանգալ շրջանների պաշտպանությունը, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների` այդ բնակավայրեր մուտք գործելուց հետո, կանխամտածված կերպով բանակը հետ է քաշել` եզդիներին ենթարկելով ցեղասպանության:
Ս. Սուլթանյանի պնդմամբ` Իրաքյան Քրդստանի` ավելի ժողովրդավար երկիր ներկայանալու ձգտումը, պարզապես միֆ է ոչ միայն եզդիների, այլև ամբողջ էթնիկ կրոնական փոքրամասնությունների համար:
«Շամս մարդասիրական» ՀԿ նախագահ, արևելագետ  Ռուստամ Բաքոյանի փոխանցմամբ` Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացնելու հետ կապված ընտրական պրոցեսը սկսվել է դեռևս երեք ամիս առաջ, երբ Իրաքյան Քրդստանի տարածքում գոյություն ունեցող եզդիական ճամբարներում հավաքել են մարդկանց անձնագրերը և ընտրությունների օրը փաստացի լցոնված արկղեր տեղադրել ընտրատեղամասերում:
Նրա խոսքերով` վերոնշյալի մասին ապացուցում են փախստական դարձած եզդիների կողմից արված լուսանկարները:
Ռ. Բաքոյանի տեղեկացմամբ` այն եզդիները, որոնք գտնվում են Սիրիայի և Թուրքիայի տարածքում, պահանջում են, որպեսզի Սինջարը չմտնի Իրաքյան Քրդստանի կազմի մեջ:
«Իրաքյան Քրդստանի կոնկրետ քաղաքականությունն է Սինջարը կամ ամբողջությամբ վերցնել իրենց վերահսկողության տակ, կամ բաժանել երկու մասի. Մի մասը գտնվում է Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ, իսկ մյուսը` Իրաքի տարածքում է»,- նշեց նա:
Բանախոսները համոզված են, որ Իրաքյան Քրդստանի անկախացման գործընթացը վտանգավոր է եզդիների համար, ինչի արդյունքում վերջիններս տարբեր ճանապարհներով արդեն իսկ դուրս են գալիս Իրաքյան Քրդստանի տարածքից:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   –   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից
http://nt.am/am/news/244637/
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)