Քրդերի անկախացումից հետո ՀՀ-ի համար ամենավտանգավորն այն է, որ անջատողականության այս թափանիվը չհասնի մեր հարավային սահման. իրանագետ (տեսանյութ)

16:59 • 25.09.17

Հայաստանի համար ամենավտանգավորն այն է, որ քրդերի անկախացումից հետո անջատողականության այս թափանիվը չկարողանա հավաքել այն ուժը, որպեսզի հասնի Ատրպատական՝ Հայաստանի սահման: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Ըստ նրա՝ Իրանում բնակվող սուննի քրդերի մոտ անջատողական տրամադրություններ կան։ Թեև դրանք այժմ լուսանցքում են, բայց չի բացառվում, որ քրդական անկախ պետության պարագայում այդ ուժերն ակտիվանան. «Այդ ուժերի ակտիվացումը կարող է անջատողական տրամադրությունները քրդաբնակ տարածքներից փոխանցել դեպի Ատրպատական, իսկ դա Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանին է և ունի թյուրքալեզու բնակչություն: Սա վտանգելու է մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղին»,- նշեց Վարդան Ոսկանյանը:

– Իրաքի Քրդստանի տարածքում անկախության հանրաքվե է անցկացվում, որին զուգահեռ թուրքական և իրանական բանակները զորավարժություններ են սկսել Իրաքի Քրդստանի հետ սահմանին: Թուրքիան և Իրանը մշտապես հակառակ դիրքորոշումներ են ունեցել տարածաշրջանային հարցերում, ո՞րն է պատճառը, որ այժմ երկուսն էլ դեմ են արտահայտվում անկախության հանրաքվեին: Հնարավո՞ր է, որ Թուրքիայի կամ Իրանի կողմից նոր պատերազմ հայտարարվի Իրաքյան Քրդստանի դեմ, եթե քրդերը հանրաքվեին կողմ քվեարկեն:

-Ըստ էության, Մերձավոր Արևելքում լարվածության որոշակի աճ կլինի, բայց չեմ կարծում, որ բանը հասնի Իրաքի տարածք զորքերի մուտքին: Մի կարևոր հանգամանք կա. առանց այդ էլ Իրաքի տարածքում թե՛ իրանական, թե՛ թուրքական ռազմական ներկայություն կա: Իրանը զգալի աջակցություն է տրամադրում թե՛ մարդուժի, թե՛ սպառազինության առումով` հատկապես շիայական աշխարհազորին: Ընդհանուր առմամբ, թե՛ իրանական, թե՛ թուրքական դիրքորոշումները Քրդստանի անկախության հանրաքվեին միանշանակորեն դեմ են, և, կարծես, ժամանակավոր համաձայնություն կա նրանց միջև, որովհետև երկու երկրներն էլ սեփական տարածքում ունեն քրդական խնդիր: Այս առումով, Իրանի շահերի տեսանկյունից համար մեկ խնդիրը Իսրայելի օժանդակությունն է Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը և Քրդստանի անկախության գործընթացին ընդհանրապես: Իսրայելը դա անում է ոչ թե ելնելով քուրդ ժողովրդի շահերից, այլ ակնհայտորեն հետապնդում է սեփական պետության շահը: Իսրայելի հիմնական նպատակն է Իրանի սահմանների երկայնքով փաստացի երկրորդ իսրայելամետ քաղաքական միավորի ստեղծումը: Առաջինը՝ Ադրբեջանի հանրապետությունն է, և հասկանալի է, որ Քրդստանին աջակցությունը նույնպես ուղղված է Իրանի դեմ:

– Նշեցիք, որ բացի Իրաքից, Թուրքիայում և Իրանում նույնպես քրդական խնդիր կա, ինչպես նաև քրդական շրջան կա Սիրիայում: Այս բոլոր քրդական շրջանների միավորումը, Մեծ Քրդստանի ձևավորումը որքանո՞վ եք հավանական համարում: Սա նաև վերաբերում Թուրքիայի հանրապետությունում հայկական հողերի վրա քրդերի անկախացմանը:

– Մեծ Քրդստանի ստեղծման ռիսկեր այսուհանդերձ կան: Իրաքի տարածքում քրդական ղեկավարությունը հայտարարում է, որ իրենց նպատակը սահմանափակվում է բացառապես ներկայիս Քրդստանի ինքնավարության սահմաններով և, այսպես կոչված, վիճելի տարածքներով: Բայց ակնհայտ է, որ անկախ քրդական պետության գոյությունը կարող է քրդաբնակ շրջանների ակտիվացման լուրջ խթան դառնալ թե՛ Արևմտյան Հայաստանի տարածքներում, թե՛ Իրանի տարածքում: Այստեղ չափազանց բարդ է լինելու միանշանակորեն գնահատել մեր շահերը: Եթե Թուրքիայի զբաղվածության ավելացումը քրդական հարցով բխում է մեր շահերից, որովհետև ավելի շատ ռեսուրսներ և միջոցներ է ծախսելու այս խնդիրը կարգավորելու համար, ապա դեպի Իրան գործընթացի տարածումը, չի բխում մեր շահերից: Դա վտանգելու է մեր հարավային ուղին, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն: Պետք է նշեմ, որ քրդական բնակչություն ունեցող տարբեր երկրներում տարբեր իրավիճակներ են: Ամենաբարվոք իրավիճակն Իրանում է, նրանք կարողանում են կառավարել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են քրդաբնակ շրջաններում: Մի կարևոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել. Իրանում բնակվող սուննի քրդերի մոտ անջատողական տրամադրություններ կան: Թեև դրանք այժմ լուսանցքում են, բայց չի բացառվում քրդական անկախ պետության պարագայում այդ ուժերը ակտիվանան: Այդ ուժերի ակտիվացումը կարող են անջատողական տրամադրությունները քրդաբնակ տարածքներից փոխանցել դեպի Ատրպատական, իսկ դա Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանին է և ունի թյուրքալեզու բնակչություն: Բաքվի քարոզչամեքենայի ջանքերով այդ բնակչության որոշակի խավերում նույնպես կան անջատողական ձգտումներ: Հետևաբար` Հայաստանի շահերի տեսանկյունից, իմ կարծիքով, համար մեկ վտանգն այն է, որ անջատողականության այս թափանիվը չկարողանա հավաքել այն ուժը, որպեսզի հասնի Ատրպատական՝ Հայաստանի սահման:

Հարցազրույցն ամբողղջությամբ՝ տեսանյութում։

 

http://www.tert.am/am/news/2017/09/25/Kurd-Arm/2493322

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)