Էրդողանը հեղաշրջման փորձից հետո թեքվել է դեպի Ռուսաստան, քանի որ Արևմուտքը սատարում է քրդերին. Կարո Փայլան

13:36 • 22.09.17

 

Քրդերն ասում են՝ Արևմտյան Հայաստանը քրդական հող է, մենք ասում ենք՝ պատմական հող, Թուրքիան ասում է՝ մերն է սա. այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով հարցին` արդյոք մտավախությունները հիմնավորվա՞ծ են, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Թուրքիայի քրդերը հայկական տարածքներում կհռչակեն իրենց պետությունը, այսպես պատասխանեց Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Եթե ամեն մեկն այդպես պնդի, վերջը կլինի կռիվ: Պետք է ելք գտնենք այս ամենից: Քրդերը սեպտեմբերի 25-ին հանրաքվե են անում և դրա իրավունքն ունեն»,- ասաց նա:

Փայլանը նշեց, որ քրդերն ասում են, որ կուզեն անկախություն լինի: «Բարզանին ասում է, որ պետք է անկախություն լինի: Բայց պետք է նկատել, թե ինչ պետություն է Քրդստանը. այնտեղ ասորիներ, հույներ, հայեր, եզդիներ կան, այլ տեսակ ազգային, կրոնական փոքրամասնություններ կան: Եթե Քրդստանի սահմանադրությունը դեմոկրատական չեղավ, ես այդ Քրդստանը չեմ ուզում: Պետք է հասկանանք, որ իրականում սահմանները կարևոր չեն, որովհետև չենք կարող գծել, որ սա Քրդստանն է, սա Թուրքիան է, սա Հայաստանն է: Ո՛չ, չի լինի: Պետք է այնպես անել, որ բոլորը հավասարության մեջ ապրեն»,- ասաց նա:

Կարո Փայլանը պատասխանեց նաև լրագրողների՝ Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին: Նա նշեց. «Թուրքիան մինչև վերջերս հակված էր դեպի Արևմուտք, ժողովրդավարության համար քայլեր էր անում: Էրդողանը հեղաշրջման փորձից հետո թեքվել է դեպի Ռուսաստան, քանի որ Արևմուտքը սատարում է քրդերին: «Թուրքերի և քրդերի հետ կխաղան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Այս խաղը արյունով լի է: Հարյուր տարի առաջ էլ այսպես եղավ, որի պատճառով պատերազմ ու ցեղասպանություն եղավ»,- ասաց Փայլանը:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)