Լապշինը հայտնել է, թե որ երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել իր գործով քննության ընթացքում

11:19 • 22.09.17

Ադրբեջանից օրերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում այս անգամ ներկայացրել է, թե որ երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել իր գործով քննության ընթացքում:

Ուսումնասիրելով իր գործի՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հավաքած նյութերը՝ նա ուշադրություն է դարձրել օտար երկրների հետ նրանց նամակագրությանը, որոնց Ադրբեջանը դիմել է «բլոգեր Լապշինի հանցագործությունների» հետաքննության հարցում օգնության խնդրանքով:

Լապշինը նշում է, որ Ադրբեջանը դիմել է 8 երկրի՝ Բելառուսին, Ռուսաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Իսրայելին, Թուրքիային և Իրանին:

«Երկրների ցանկից արդեն կարելի է ապշել, քանի որ ի՞նչ կապ ունի այստեղ 2011 թվականին Ղարաբաղ այցելության հետ Մոլդովան կամ Իսրայելը»,- գրել է Լապշինը՝ նշելով, որ թերևս, ինչպես պարզ է դարձել իր նախկին գրառումներից, խելամիտ իմաստ փնտրել հարկավոր չէ:

Լապշինը թվարկել է, թե ինչ տեղեկատվություն են այդ երկրները տրամադրել Ադրբեջանի հարցումներին:

Երկրները, որոնք Ադրբեջանին ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրել, երեքն են՝ Իսրայելը, Ռուսաստանը և Իրանը:  Ընդ որում՝ Իսրայելը և Իրանն Ադրբեջանին անգամ չեն պատասխանել, իսկ Ռուսաստանը պատասխանել է, որ հարցումը պատշաճ կերպով չի տրամադրվել:

Երկու երկիր սահմանափակվել է կարճ ֆորմալ պատասխաններով. Մոլդովան և Թուրքիան տեղեկացրել են երկրից իր մուտքի և ելքի մասին:

Երեք երկիր, Լապշինի խոսքով, Ադրբեջանին տրամադրել է հնարավորինս ամեն տեսակի տեղեկատվություն, անգամ այնպիսի տեղեկություններ, որոնք նրանցից չէին էլ խնդրել:

«Բելառուսը տրամադրել է մուտքի և ելքի մասին տեղեկություններ, ինչպես նաև փաստաթղթեր Մինսկի մեկուսարանից:

«Ուկրաինան՝ քաղաքացիության ստացման մասին տեղեկություն, անձնական տվյալներ, մուտքեր և ելքեր, հարևանների արձագանքներ՝ հաշվի առնելով, որ ես երբեք չեմ ապրել Ուկրաինայում»,- գրել է Լապշինը:

Վրաստանը տեղեկություններ է տրամադրել հայ-վրացական սահմանի բոլոր հատումների, այդ թվում՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանը հատող և Լապշինին անծանոթ տասնյակ անձանց մասին տվյալներ, Բաթումում բնակարանի գնման մասին փաստաթղթեր, մուտքի և ելքի, Bank of Georgia-ում բանկային հաշվի մասին տեղեկություններ:

Լապշինը գրել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության հարցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են այն երկրները, որոնք Ադրբեջանից նավթ և վարկեր են ստանում:

«Կարծում եմ նաև, որ Հայաստանի (և բոլոր մյուս երկրների) քաղաքացիները, որոնք Վրաստանում անշարժ գույք են գնում, պետք է հաշվի առնեն, որ ամբողջ տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ երկրներին, ընդ որում՝ առանց ձեր իմացության»,- գրել է նա:

Ալեքսանդր Լապշինն իր բլոգում ավելի վաղ ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները: Նա նշել է, որ չնայած նրան, որ իր հարցաքննություններն անց էին կացնում երկրի լավագույն քննիչները, այդ ամբողջ գործընթացն իրենից անհեթեթություն էր ներկայացնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:

Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։

http://www.tert.am/am/news/2017/09/22/lapshin/2490609

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)