ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ
(պաշտպան Լեկլերկի ճառը)
ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Պաշտպան Լեկլերկի ճառը.
— Պարոն նախագա´հ, պարոնայք խորհրդականնե´ր, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, միտք ունի՞ արդյոք մի անգամ եւս վեր կենալ եւ ասել այն, ինչ ձեզ հայտնի է դատավարության առաջին օրից: Ես պաշտպանում եմ հպարտ կանգնած չորս երիտասարդներին եւ գիտեմ, որ նրանց միջոցով պաշտպանում եմ բզկտված ու խոշտանգված մի ժողովրդի, որն այժմ մեղադրյալներին է նայում եւ իր լավագույն զավակները համարում:
Ես պաշտպանում եմ նրանց, ովքեր հանդես եկան այս ամբիոնից, նրանց, ովքեր այդքան տառապել, ընչազուրկ` մեր երկիրն են եկել եւ զավակներին կարողացել են փոխանցել միայն իրենց թախիծը, ողբերգությունը, հիշողությունը: Նրանք այսօր հպարտությամբ են համոզվում, որ իրենց ժողովուրդը` հայ ժողովուրդը դեռեւս կանգուն է: Ի վերջո, մարդկության հավերժական օրենքն է, ի հեճուկս պատերազմների ու թշվառության, մահվան վտանգի, աներեր մնալը: Շարունակելով վկայակոչել Էլյուարին, ուզում եմ ասել, որ ես հանդես չեմ գալիս թուրք ժողովրդի դեմ, որովհետեւ «մարդկության առինքնող օրենքն է ջուրը` լույսի, երազն` իրականության, թշնամիներին` եղբայրների վերածելը»: Ես ուզում եմ, որ իմ պաշտպանականը նույնքան եղբայրական լինի, թուրք եւ հայ ժողովուրդները վաղը, հանձին միմյանց, համակեցության հույս ունենան:
Գիտեմ, որ Թուրքիայի պարոն հյուպատոսը պաշտոնի բերումով հրազենով վիրավորվել, տառապել է, բոլոր նրանք, ովքեր տառապել են, արժանի են հարգանքի: Հավատացե´ք, ես երբեք չեմ մոռանում տիկին Էոզենին եւ իր որբերին: Պարոն Էոզենի մահը, ինչպես բոլոր նահատակներինը, ծանրացած է մեզ վրա: Ես մտածում եմ նրա այրու, ինչպես Իրանում գնդակահարված Եղիա Քեշիշյանի, Թուրքիայում կախաղան հանված Լեւոն էքմեքճյանի մոր, այն բոլոր մայրերի մասին, ովքեր ողբում են պայքարում զոհված զավակների կորուստը: Որքա´ն ողբերգություն եւ թշվառություն կա այս աշխարհում, ինչո՞ւ են մարդիկ իրենց արժանապատվությունը վերականգնելու համար ստիպված լինում բռնության դիմել:
Ինչո՞ւ: Հենց այդ հարցին ըստ երեւույթին պիտի պատասխանեք դո´ւք: Ես ոտքի եմ ելել ամենավերջում եւ շատ բնական եմ համարում, որ պաշտպանականով հանդես են գալիս ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի փաստաբաններ: Նախ նկատի ունեմ էմիլ Ասլանյանին, որը ներկայացնում է ինքնահաստատումը գտած հայերի սերունդը եւ խոստովանում է, թե մինչեւ ո´ր աստիճանի այս երիտասարդների պայքարը իրենն է, նկատի ունեմ Րաֆֆի Փեշտիմալջյանին, որի խոսքը, ինչպես բոլոր հայերինը, հուզիչ էր, քանի որ պատմում էր մոր, նրա հուշերի, արյան մասին, որը մինչեւ հիմա առկա է իրենց ընտանիքում: Նույնը կարելի է ասել Պատրիկ Դեւեջյանի մասին, որին, չնայած մեր բազում տարաձայնություններին, այսօր եղբայրաբար միացնում է տառապած ժողովրդի համար մղվող դժվարին պայքարը: Կուզեի անպայման նշել նաեւ Ֆրանսիս Թեյջանին` մարդկային հիմնարար իրավունքի, եւ Ժան-Պիեռ Մինյարին` արժանապատվության մասին խոսելու համար:
Ինձ մնում է, ուրեմն, սրտի´ լեզվով խոսել: Թերեւս, բայց ես խնդրում եմ չորսին էլ ազատել ոչ միայն զգացական, այլ նաեւ բարոյահոգեբանական, քաղաքական նկատառումներով:
Մենք լսեցինք քաղաքացիական հայցվորներին, որոնց ետեւում նկատեցինք թուրքական կառավարության ուրվագծվող ստվերը, եւ չնայած մեր մտավախությանը, ֆրանսիացի փաստաբաններից ատելության խոսքեր չլսեցինք: Պարոն ընդհանուր պաշտպանն իր հերթին ընդունեց գործողության քաղաքական դրդապատճառները, բայց պահանջեց ամենայն խստությամբ գործադրել օրենքը: Անողոք օրենքը, որի հետ հայ ժողովուրդն առնչվել է իր պատմության ընթացքում: Երբ Թեհլիրյանը հայության դահճին` Թալեաթ փաշային գնդակահարեց կամ մահապատժի ենթարկեց, ինչպես ուզում եք, եւ դատավարության վերջում (որը զարմանալիորեն նման էր մեր այս դատավարությանը, միայն վկաներն էին անհամեմատ երիտասարդ, որովհետեւ դեռեւս 1922 թվականն էր) փաստաբանները արդարացում պահանջեցին, ընդհանուր պաշտպանը նորից խոսք վերցրեց ու ասաց. «Պարոնայք երդվյալնե´ր, պարոնայք պաշտպանները մոռացան մի բան ասել կամ թերեւս հստակ չասացին. դատավորը պարտավոր է ըստ օրենքի դատել: Դատավորը պարտավոր է դիմել տրամաբանությանը, ճշտել ներկայացված փաստերը, տարբերակել, վճիռ կայացնել: Պարզել, թե արդյո՞ք օրենքը դատապարտում է այդ փաստերը: Եթե դատապարտում է, իրավունք չունի ասելու` այո, օրենքը դատապարտում է, բայց ես հավանություն չեմ տալիս դատապարտությանը»:
Թեհլիրյանին արդարացրին:
1922-ին Բեռլինում վեհանձն դատավորներ կային, ինչպես այժմ Ֆրանսիայում կան: Դուք դատելու եք մարդկանց: Մարդկանց` իրենց արածի համար, բայց մարդու արածը միայն փաստական կողմ չունի: Յուրաքանչյուր արարք ինքը` մարդն է: Չորս մեղադրյալի դուք դատելու եք այս մտայնությամբ, շատ լավ իմանալով, որ հայ ժողովուրդն այստեղ ներկա է, սպասում է ձեր վճռին:
Ես գիտեմ, դուք դատավորի պատասխանատվություն եք կրում, որը առանձնահատուկ եմ ուզում կարեւորել: Քիչ անց քննության է ենթարկվելու հենց դա´` ձեր պատասխանատվությունը:
Ինչո՞ւ են չորս երիտասարդները հայտնվել այստեղ: Ինչո՞ւ են նրանք ապրում հին հուշերով եւ վաթսունութ տարի անց թուրքական կառավարությանը մեղադրում այն ամենի համար, ինչ արել է Օսմանյան կայսրությունը: Ինչո՞ւ են նրանք մարդ սպանել: Ինչո՞ւ պետք է ազատ արձակել նրանց:
Այս երիտասարդները Ֆրանսիա են եկել, որպեսզի գտնեն իրենց հիշողությունը: Նրանք ապրել են Լիբանանում, չորսից մեկի` կարծեմ Բասմաջյանի մայրը քննիչին բացատրել է. «Հասկանո՞ւմ եք, Լիբանանում շատ դժվար է, արաբները մեզ ասում են` ինչո՞ւ եք մեր երկիրը եկել, նույնիսկ քրիստոնյաներն են հարցնում` ի՞նչ գործ ունեք այստեղ, վերադարձե´ք ձեր տները»:
Ո՞ւր` իրենց տները: Մերձավոր Արեւելքի ահավոր պատերազմում, որտեղ մարդիկ բախվում են մի փոքրիկ թաղամասի համար, որտեղ ժողովուրդներն ու համաշխարհային պատմությունը գոյատեւում են ռումբերի ներքո` դաժան պայմաններում, որտեղ երեխաները տասնհինգ տարեկանից զենքերը ձեռքին կռվում են սոսկ իրենց գյուղը պահպանելու համար, հայերին հասկացնում են, որ Լիբանանն իրենցը չէ, եւ նրանք հասկանում են, որ աշխարհում գոյություն ունի մի ազգ, որին պատկանում են միայն իրենք:
Ո՞րն է հայերի գոյության նախապայմանը, ի հարկե` նախ երեքհազարամյա պատմությունը: Այս ժողովրդին անընդհատ ասպատակել են ամեն կողմից, վաչկատուն ցեղերը սրի քաշել, հայը ենթարկվել է մերթ այս, մերթ այն տերությանը, սակայն երեք հազար տարի անընդմեջ գոյատեւել է բնօրրանում, այն լեռների ներքո, որոնց իշխում է Արարատը` Հայաստանի խորհրդանշանը: Հայերն ապրել են իրենց կրոնով, եկեղեցիներով, ծեսերով, մշակույթով, երգով ու պարով, արհեստներով, հոգու խորությամբ, բարի համբավով, բացառիկ այբուբենով, բնանկարի ինքնատիպությամբ, անկրկնելի այգաբացներով: Ի՞նչ է եղել այդ ամենը: Համաշխարհային հանրագիտարանը վկայում է. «Արեւելյան Անատոլիան հիմնականում բնակեցված է կիսաքոչվոր քրդերով, գյուղատնտեսության արդիականացման համընդհանուր ձգձգումը այն դարձրել է ամբողջ Թուրքիայի ամենաթերզարգացած երկրամասը»: Մինչդեռ ամենահարուստն է եղել:
Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ: Ինքներդ եք հասկանում` ես չեմ ուզում վիճել թուրք պատմաբանի հետ, հիշատակել պարոն Մորգենթաուի` Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հուշերը, որը, երբ ջանացել է փրկել հայերին, Թալեաթ փաշան կանխել, ասել է. «Դուք ամերիկացի հրեա եք, ինչո՞ւ եք հետաքրքրվում այդ մարդկանցով»: Հարկ չկա թերեւս անդրադառնալ նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Լեփսիուսի զեկուցագրերին, այդ տարիներին Թուրքիայում եղած լրագրողների անթիվ վկայություններին եւ հատկապես համայնական հիշողությանը, որի փաստերը համընկնում են պատասխանում` «Ցեղասպանություն եղե՞լ է» հարցին: Եթե չի եղել, ո՞ւր գնացին այն երկրամասի բնակիչները, որն այսօր Արեւելյան Անատոլիա է կոչվում, այս սրահի ունկնդիրները որտեղի՞ց են եկել: Նրանք եկել են դարի ամենամեծ ողբերգությունից, դուք լսեցիք մեկի, երկուսի, երեքի, չորսի պատմությունները: Որքան վատ եմ զգում ինձ, որ ստիպված եղա ամբիոնից իջեցնել այն ծերունուն, որն իր տառապանքները հրապարակայնորեն պատմելու համար վաթսունութ տարի սպասել էր: Իջեցրի, որովհետեւ, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, ձեզ թվում էր, որ դուք այդ ամենն արդեն լսել եք: Մտածե´ք ուրեմն հայ համայնքի` բռնագաղթի զրկանքները սկզբից մինչեւ վերջ կրած մարդկանց մասին, բռնագաղթ, որը գիտականորեն էր կազմակերպվել ու իրագործվել` ամենեւին էլ ո´չ այն բանի համար, որ հայերը թիկունքում վտանգ էին ներկայացնում, Դաշնակիցներին էին պաշտպանում: Ինձ համար կարեւորը զոհերն են` տղամարդիկ, կանայք ու երեխաները: Վերապրողների պատմություններից պարզ է դառնում, որ տղամարդիկ ավելի բախտավոր են եղել, որովհետեւ առաջինն են սպանվել, մնացածները աքսորվել են: Ճանապարհին կանայք բռնաբարվել են, երեխաները խաչվել կամ գետը շպրտվել` ահա´ մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու գիտական ծրագիրը: Իրենց գյուղերից, տներից հանված անպաշտպան աքսորականներին ո՞ւր են քշել: Դեպի անապատ:
Բռնագաղթի պատմություններն անվերջանալի են, եղել են դեպքեր, որ մարդկանց գնացքներով են տեղափոխել, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ` հրեաներին: Ահա´ թե ինչ է պատմում մի այլազգի ականատես. «Ընկճված սրտով մենք հեռացանք քաղաքից, եւ հազիվ էր գնացքը ճամփա ընկել, հանդիպեցինք լեփ-լեցուն վագոններով թշվառների, որոնց այնպիսի տեղեր էին տանում, որտեղ սնունդ հայթայթելու ո´չ մի միջոց չէր կարող լինել: Ամեն կայարանում հենց կանգ էինք առնում, կողք-կողքի տեսնում էինք նման գնացքներ: Բոլորն էլ կազմված էին անասնավագոններով, պատուհանների ճաղաշարերի հետեւից երեւում էին փոքրիկ երեխաներ, բաց դռներից` ծերունիներ, պառավներ, նորածիններին գրկած երիտասարդ մայրեր: Նրանց լցրել էին իրար վրա, ոչխարների, խոզերի պես խցկել, մարդկանց անասուններից վատ էին վերաբերվել:
Երեկոյան ժամը 8-ին մենք մի կայան հասանք, որտեղ շարվել էր այդ գնացքների մեծ մասը: Հայերը մեզ պատմում էին, որ արդեն երեք օր, առանց սննդի, նույն տեղում են, թուրքերն արգելում են ուտելիք գնել: Վերջին վագոնը լեցուն էր զինվորներով, որոնք այդ խեղճերին հասցնելու էին անապատ, նշանակված մյուս վայրերը: Ծեր կանայք ողբում էին, նորածինների լացը գութ էր շարժում: Ահավոր էր նման բռնություն տեսնելն ու տառապանքներին ունկնդիր լինելը»:
Ի՞նչ միտք ունի այդ ամենն այսօր ժխտելը, երբ առկա է հիշողությունը: Բացի թուրքական կառավարությունից` դա բոլորին հայտնի է, այսինքն` ավելի շուտ, թուրքական կառավարությանն էլ է հայտնի, բայց չի ուզում ընդունել:
Ցավոք, այն ժամանակ շատերը անտեսում էին հայերին: Դա վերաբերում է հատկապես հզոր տերություններին, որոնք մի պահ թվաց թե հետաքրքրվեցին ցեղասպանության զոհերի ճակատագրով, նույնիսկ Սեւրի դաշնագիրը ասպարեզ հանեցին, որի 230-րդ հոդվածը նախանշեց գալիքը, այն ամենը, ինչը դառնալու էր դարի պատմությունը. «Օսմանյան կառավարությունը պարտավորվում է դաշնակից երկրներին հանձնել անձանց, որոնց Դաշնակիցները պատասխանատու են համարում օսմանյան տարածքներում պատերազմի ընթացքում տեղի ունեցած նախճիրների համար: Դաշնակից պետությունները իրենց են վերապահում այն ատյանը կազմավորելը, որը կդատի վերոհիշյալ պատասխանատուներին, իսկ օսմանյան կառավարությունը պարտավորվում է ընդունել այդ դատարանի վճիռը»:
Ինչո՞ւ չստեղծվեց այդ ատյանը, ինչո՞ւ դատավարությունը տեղի չունեցավ: Պատճառը հստակ է` ծնվում էր նոր Թուրքիան, Մուստաֆա Քեմալը դառնում էր ազգի հայրը, եւ քանի որ զենքի կարիք ուներ, բանակցություններ էր վարում հզոր տերությունների հետ: Ի վերջո հասավ պահը` հզոր տերությունները նախընտրեցին լքել հայ ժողովրդին: Ի հարկե, դեր խաղաց հատկապես այն հանգամանքը, որ Մուստաֆա Քեմալը խոշոր քաղաքական գործիչ էր, նա փայլատակեց իր գործունեության սկզբում, բայց վերջում խամրեց, որովհետեւ փորձեց վերականգնել, հավերժացնել Օսմանյան կայսրությունը եւ, ինչպես իր նախորդները, շարունակեց կոտորել հայերին:
Ասացինք` աշխարհը շատ շուտ մոռացավ հայերին, եւ Հիտլերը, ընդամենը քսանհինգ տարի անց, նախքան Լեհաստան ներխուժելը, կարողացավ արտաբերել` «Ո՞վ է հիշում հայերի կոտորածը» հայտնի դարձվածքը:
Այո´, քանի որ չհիշեցին, դժբախտությունները հաջորդեցին իրար: Մենք խոսեցինք, խոսում ենք այդ մասին եւ այլեւս չենք մոռանա: Հայերի ողբերգությունը դաջված է մեր բոլորի` իմ, ձեր, այստեղ ներկաների, եթե ի հարկե անկաշառ են` մինչեւ իսկ թուրք լրագրողների հոգիներում, որոնց ես ուզում եմ դիմել ու խնդրել, որ ճշմարտությունը խոստովանեն, առնվազն խոստովանեն, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել: Ի հարկե, դուք կարող եք մեզ բոլորովին այլ բան, մոտավորապես հետեւյալն ասել. «Ցեղասպանությունը տեղի ունեցել է, բայց շատ վաղուց, ի՞նչ միտք ունի այժմ ահաբեկչության դիմելը»: Ցավոք, թուրքական կառավարությունը նույնիսկ դա´ չի ասում, Ձեր ընթերցած հեռագրերը, պարոն նախագա´հ, սպառնալի, Ֆրանսիայի, ֆրանսիական արդարադատության համար վիրավորական հեռագրերը միայն մեկ միտում ունեն` պնդել, որ տղաների գործողությունները քաղաքական հիմքից զուրկ են, քրեական հանցագործություններ են, ուրեմն` ցեղասպանությունը հերյուրանք է: Թուրքական կողմի վկաներն էլ, որոնք այս ամբիոնն էին բարձրանում, ոչ թե խոսում էին կանանց, տղամարդկանց դժբախտության, այլ միայն այն մասին, որ ցեղասպանություն չի եղել: Ճիշտ այդպես, մի քանի օր առաջ, մեր հռչակավոր պատմաբաններից մեկը, ում հետ առիթ ունեցա զրուցելու, վիճարկում էր հրեական Ողջակիզումը, այն պարզ պատճառաբանությամբ, որ միայն հրեաներն են պահպանել հուշերը:
Ոմանք, ի հարկե, ընդունում են հրեական Ողջակիզման իրողությունը, որովհետեւ Նյուրնբերգ է տեղի ունեցել, բայց հայերի դեպքում նման բան չկատարվեց: Չկա դատավարություն, չկան փաստեր, ամեն ինչ ոչնչացված է: Ջանք գործադրվեց նույնիսկ Հայաստանի մասին հիշողությունը խամրեցնել, քարտեզից ջնջել, երեք հազար տարվա պատմությունը մոռացության մատնել:
Ի՞նչ է, սակայն, տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում: Ըստ թուրքերի` գյուղերում, որպես ազգային փոքրամասնություն ապրող հայերը սկսել են կոտորել իրենց եւ ստացել են արժանի պատիժը: Ի՞նչ եք կարծում, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, սրահում ներկա հայերը, որոնք մեզ նման Ֆրանսիայի քաղաքացիներ են, կընդունե՞ն դա: Ի վերջո, նրանց ընդդիմախոսը ոչ թե գլխավոր հյուպատոսն է, տիկին Էոզենը, այլ` թուրքական կառավարությունը, որի համար էականը ահաբեկչությունը չէ, այլ` ցեղասպանությունը ժխտելը, ուրանալը:
Ոմանք հարցնում են, թե ժամանակակից թուրքերը ինչո՞վ են պատասխանատու վաթսունութը տարի առաջ պատահած դեպքերի համար: Նրանք իրենք են իրենց պատասխանատու դարձնում հենց նրանով, որ չեն ընդունում ցեղասպանությունը, իր հինավուրց բնօրրանում ապրած մի ամբողջ ժողովրդի գոյությունը:
Ինչո՞ւ են թուրքերը ուրանում ցեղասպանությունը: Շատ պարզ պատճառով: Չուրանալ` նշանակում է ընդունել, որ 300 հազ. քառ. կմ հաշվվող ընդարձակ տարածքում հայեր են ապրել: Եվ եթե նրանց արտաքսել են, կոտորել, ուրեմն` վերադառնալու, իրենց հայրենիքում վերահաստատվելու իրավունք ունեն:
Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, դուք կարող եք ասել, որ դա ձեր խնդիրը չէ, դուք քրեական գործ եք լսում, սակայն ես ուզում եմ, որ բոլորին պարզ դառնա, թե ինչո´ւ են այս երիտասարդները զենք վերցրել, բռնության դիմել: Հասկանալի է, մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ ժողովուրդները ոչ թե անվերջ իրար դեմ պայքարեն, այլ` հաշտ, համերաշխ ապրեն, սակայն երբ մարդուց խլում են խոսելու իրավունքը, ժխտում են գոյությունը, անգամ երբեմնի գոյությունը, արժանապատվությունը պահպանելու համար նա ստիպված է լինում դիմել թերեւս ծայրահեղ, բայց նաեւ արդյունավետ միջոցի` բռնության:
Այս ամբիոնից դուք լսեցիք բրդե կիսավերարկուով ծեր կնոջը` տիկին Մելինե Մանուշյանին, որը շատ հետաքրքիր նորություններ հաղորդեց ամուսնու` «ոճրախմբի» ղեկավար, «ահաբեկիչ» Միսաք Մանուշյանի մասին, այն նույն Մանուշյանի, ում Ֆրանսիայի հանրապետության նախագահը այժմ Ազգային Դիմադրական Շարժման հիասքանչ հերոսներից մեկն է համարում: Նա վերջին նամակում գրել է կնոջը. «Մելինե´, որբո´ւկս, ես մեռնում եմ` չունենալով ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի նկատմամբ»:
Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը եւ Թուրքիան չեն պատերազմում, զինվորները միայն զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով, միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ կանանց, երեխաների, սպանել: Իսկ Հայաստանը քանի որ այլեւս գոյություն չունի, «կանոնավոր» բանակ չի կարող ստեղծել:
Հիրավի` տարօրինակ տրամաբանություն է: Չէ՞ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք` թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է: Բայց արդյո՞ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատեւել:
Ո´չ, այս տղաները ահաբեկիչներ չե´ն, հայ ժողովրդի զինվորնե´րն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատեւում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաեւ հերոսների ու նահատակների շնորհիվ: Հատկապես` զինվորների´, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե´ք, որ զինվորների´ եք դատապարտում: Նրանք` չորս հանդուգն զինվորները եկել են Ֆրանսիա ո´չ միայն իրենց ժողովրդի իրավունքները ներկայացնելու, այլեւ պահանջելու համար, որ ազատ արձակեն քուրդ եւ թուրք քաղբանտարկյալների: Ճիշտ է, նրանք վտանգավոր իրավիճակ են ստեղծել, ճիշտ է, մի հոգի մահացել, մեկ ուրիշը վիրավորվել է, բայց չի´ կարելի չընդունել, պարոն ընդհանուր պաշտպա´ն, որ հյուպատոսարան մտնելիս սպանության մտադրություն չեն ունեցել: Ուստի, չե´ք կարող պահանջել, որ Գյուզելյանին մյուսներից կրկնակի ծանր պատժի դատապարտեն: Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, քիչ առաջ ես առաջարկում էի նրանց ազատ արձակել, այժմ էլ խնդրում եմ չորսի միջեւ տարբերություն չդնել: Նրանք կապված են եղել նույն գործողությամբ, այստեղ էլ կանգնած են կողք-կողքի: Եթե ուզում եք, նրանց զինվորներ համարեք, դատապարտեք մարտական գործողությունների համար, բայց տարբեր պատիժներ մի´ տվեք:
Ճիշտ է, որ այս տղաները ռազմական գրոհ են ձեռնարկել, բայց մի՞թե Հայաստանը պատերազմելու իրավունք չունի: Դուք հիշո՞ւմ եք «Ես դատապարտում եմ» շարժանկարը, որտեղ հերոսը տեսնում է, թե ինչպես են մահացածները դուրս գալիս դագաղներից, ձայն տալիս իրեն: Այս չորս երիտասարդին էլ դիմել են Անապատի դիակները, իսկ նահատակ երեխաները ոտքի են ելել, նրանց ասել. «Ինչ-որ բան արեք, մենք չենք ուզում վերջնականապես մեռնել, մենք մահացած ենք, բայց ուզում ենք, որ դա որեւէ նպատակի, գոնե Հայաստանի ապագային ծառայի»:
Այո´, չորս գրոհայինները մարտական գործողության են դիմել, որպեսզի այդ մասին խոսեն, աշխարհն իմանա, որպեսզի դուք` Ֆրանսիայի երդվյալներդ լսեք այն, ինչն արդեն լսեցիք:
…Իրենց հոգու խորքում հայերը հույս ունե՞ն արդյոք, երբեւէ կվերադառնա՞ն իրենց երկիրը: Ուզում եմ ձեզ մի հայի պատմություն ներկայացնել, որն այցելում է իր պատմական հայրենիքի նահատակ քաղաքներից մեկը` Կարս:
«Ես փողոցում խաղացող մի փոքրիկ տղայի նկատեցի: Շատ կեղտոտ, ամբողջովին ցնցոտիների մեջ էր: Մի աղջնակ մոտ վազեց նրան, ձայնեց.
— Արշա´կ, մաման կանչում է:
Արշակը հայկական անուն է: Մոտեցա, աղջնակին հայերեն հարցրի` հա՞յ ես: Նա թուրքերեն պատասխանեց, որ ասածս չի հասկանում, ու, ահաբեկված, փախավ: Կլիներ ութը տարեկան: Նոր նկատեցի, որ մայրը հեռվից հետեւում է մեզ: Անմիջապես ուղղվեցի նրանց տան կողմը եւ նույն հարցը մորը տվեցի: Նա էլ պատասխանեց, որ ասածս չհասկացավ, որ ինքը հայ չէ: Ես նրան մայրենի լեզվով դիմեցի.
— Բայց քիչ առաջ աղջիկդ հայերեն էր խոսում:
Նա ինձ թուրքերեն պատասխանեց.
— Աղջիկս հայերեն չգիտի:
Հենց դրանով էլ հաստատեց, որ ասածս հասկացավ, որ ինքը հայ է:
— Ինչո՞ւ եք թաքցնում ձեր ազգությունը, — հարցրի ես, — մի´ վախեցեք, ինքս էլ եմ հայ:
Անակնկալի եկած, հայացքը ուղղեց ինձ: Հետո զգուշությամբ նայեց շուրջը եւ համոզվելով, որ ոչ ոք իմ հայտնվելը չի նկատել, ներս առաջնորդեց: Տունը ծայրահեղ թշվառության տպավորություն էր թողնում, հատակը տափանած հող էր: Մենք մոտ կես ժամ զրուցեցինք, մինչեւ եկավ ընտանիքի հայրը` քառասուներկու տարեկան մի գյուղացի: Երբ կինն ասաց, որ հայ եմ, ամուսինն սկզբում վախեցավ: Մի քանի բառ փոխանակելուց հետո զգացի, որ արդեն ինձ վստահում է, ու հարցրի, թե ինչո՞ւ է նման դժվարություններ կրում, մնում այստեղ, որեւէ քաղաք չի տեղափոխվում: Նա ցույց տվեց պատուհանից երեւացող, առանց խաչի գերեզմանոցն ու ասաց.
— Գիտե՞ս դա ինչ է: Գերեզմանոց, ուր թաղված են իմ ծնողներն ու պապերը:
Նայի´ր երկնքին, լեռներին, քեզ ոչինչ չե՞ն ասում:
Ես շատ հուզված էի, չկարողացա պատասխանել: Գյուղացին շարունակեց.
— Այս լեռները մե´ր լեռներն են, այս երկինքը մե´ր երկինքն է, ո´չ մի հարստություն չի´ կարող դրանց փոխարինել:
— Բայց մինչեւ ե՞րբ ես մնալու այստեղ, — հարցրի ես:
— Ինքս, ինքս գուցե չտեսնեմ, բայց իմ զավակը կտեսնի ազատության օրը:
— Ախր, ինչպե՞ս, — հարցրի նորից:
Նայի´ր ավելի հեռու, այս լեռան մյուս կողմը հայ ժողովուրդը կա, ապրում է»:
Այո´, վստահ եղե´ք, լեռների հետեւում, հենց ձեր առջեւ, ամենուր ինչ-որ տեղ հայ ժողովուրդը ապրում է: Ի հարկե, դուք կարող եք հավատացնել, որ հասկանում եք մեղադրյալների տրամաբանությունը, ընկալում եք, թե ինչն է դրդել նրանց, բայց սկզբունքորեն չեք կարող թույլ տալ, որ մեր երկրում էլ նման քայլեր ձեռնարկվեն: Դա հնարավոր չէ, Ֆրանսիան դիվանագիտական հարաբերությունների երկիր է: Ես պահանջում եմ նրանց ազատ արձակել, ինչպես փաստաբան Ասլանյանն ասաց երեկ` նախ եւ առաջ բարոյականության առումով: Բարոյականությունը այս գործում, համենայն դեպս, մեր կողմն է: Բացի դրանից, նման վճիռը խելամիտ կլինի:
Դուք երդվյալներ, դատավորներ եք, դուք տղամարդկանց ու կանանց դատապարտում եք քրեական հանցանքների համար: Բայց այս չորս հոգուն ինչո՞ւ եք դատում: Որպեսզի այսուհետ նման գործողություններ չձեռնարկե՞ն, որպեսզի ուրիշները նման դիտավորությամբ մեր երկիրը չգա՞ն: Բայց ե՞րբ է այդպիսի պատիժը որեւէ նպատակի ծառայել: Երբվանի՞ց այս կամ այն երկրում ոմանց բանտարկվելը նպաստել է, որ մյուսները դադարեցնեն պայքարը:
Եղիա Քեշիշյանին Պարսկաստանում երկու օր առաջ գնդակահարեցին (կարելի՞ է ասել, որ այս երիտասարդները խիզախ չեն), Լեւոն Էքմեքճյանին 1983 թվականի հունվարի 30-ին կախեցին Անկարայում, բայց դուք հավատո՞ւմ եք, որ հետագա գործողությունները կանխեցին: Ես կարող եմ ուրիշների` Ստեփան Զատիկյանի, այլ գրոհայինների մահապատիժները հիշատակել ու նորից համոզված պնդել, որ ոչ մի արդյունքի չեն հանգեցրել:
Նման պատիժները ի զորո՞ւ են կաշկանդել մի ժողովրդի, որը ոտքի է ելել, որովհետեւ անձնական եւ ազգային պարտականության պարտադրանքները միախառնվել են եւ հենց այդ պատճառով ամեն ոք պատրաստ է զոհել կյանքը: Չհավատաք, որ եթե որեւէ մեկը բանտ ընկնի, ինչ-որ բան կփոխվի: Ձեր պատիժը ո´չ մի դեր չի խաղա, սոսկ քաղաքական նշանակություն կունենա: Սովորական դատապարտությունը անհարիր է այս գործին, այլ է քաղաքական դատավարությունն իր մեկնաբանություններով, նշանակությամբ, բացահայտած ճշմարտությամբ:
Ինձ կարող են հիշեցնել նաեւ, որ Թուրքիան մի ծանրակշիռ ուժ է: Ի հարկե, դա այդպես է, բայց եթե միջազգային հարաբերությունները դրան պիտի հանգեցնեն, ապա նման հիմնավորումով ցեղասպանության ժխտումը ի վերջո կառավարություններին ինքնավստահություն կներշնչի, որ իրենց ամեն ինչ կարելի է: Եվ ամենեւին պատահականություն չէ, որ «Միջազգային ներման» հանձնաժողովի` Եվրախորհրդին հղած զեկուցագրում Թուրքիան երեքից հինգ էջ է զբաղեցնում, որոնք ես ունեմ իմ տրամադրության տակ: Ինչպես պատահականություն չէ այն հանգամանքը, որ Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, ելնելով Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համաձայնագրից, Թուրքիայի հետեւյալ խախտումների համար բողոք են հղել եվրոպական հանձնաժողովին:
«Հոդված 3 — Անմարդկային կամ նվաստացուցիչ կտտանքների, պատիժների վերաբերմունքի արգելում:
Հոդված 5 — Մարդ-անհատի ազատության ապահովություն:
Հոդված 6 — Անկախ եւ անկանխակալ դատարանում արդարացի դատվելու իրավունք:
Հոդված 9 — Մտածելակերպի, կարծիքի եւ կրոնի ազատություն:
Հոդված 10 — Արտահայտվելու ազատություն:
Հոդված 11 — ժողովների եւ ընկերակցությունների ազատություն»:
Նրանք, ովքեր անպատիժ են մնում, կամ փորձում են մոռացության մատնել այն, ինչ արել են, ու ամբողջ աշխարհը մոռանում է, կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է: Անկասկած, բազում պատճառներից մեկը, որը Թուրքիային դարձրել է այնպիսին, ինչպիսին կա, աշխարհի` ցեղասպանությունը մոռանալն է: Այժմ Թուրքիան մինչեւ իսկ իր քաղաքացիներին է կոտորում, տանջում:
Դուք լսեցիք պարոն Քյուչուքգյուզելյանին, ում ազատությունը, այլոց թվում, պահանջել էին մեղադրյալները: Լուսանկարներից անգամ ակնհայտ էր դառնում, թե ինչպես են նրան ծեծել, կտտանքների ենթարկել սոսկ այն բանի համար, որ իր աշակերտներին հայ է մեծացրել:
Այս ամբիոնից ելույթ ունեցավ նաեւ Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության ընդհանուր քարտուղարի տեղակալը եւ հայտարարեց, որ պատմությունը կրկնվում է, այժմ Թուրքիայում չարչարում, ջարդում են քրդերին, նրանց գոյությունը ժխտում են այնպես, ինչպես ժամանակին հայերինն էին ժխտում: Իմ տրամադրության տակ է նաեւ ՄԱԿ-ին կից ոչ կառավարական կազմակերպության` Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության ուրբաթ օրվա հայտարարագիրը, որը թուրքական կառավարությանը ուղղակիորեն դատապարտում է մարդկության դեմ գործած հանցանքների համար: Նոր, բայց եւ ծանոթ հանցանքների:
Թուրքիան, դարձյալ կրկնենք, այս ատյանին հղած հեռագրերով ոչ թե պահանջում է դատապարտել հայ գրոհայիններին, իր դիվանագետներին պաշտպանել, ահաբեկչությունը մերժել, այլ հավաստել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
Մենք, ճիշտ հակառակը, ակնկալում ենք, որ դուք ընդունեք` ցեղասպանություն եղե´լ է, հայ ժողովուրդը նահատակվե´լ է, հայ ժողովուրդը իրավասո´ւ է զինվորներ ունենալու, իր հողե´րը պահանջելու: Ներկա բոլոր հայերը դրան են սպասում: Ի հարկե, մենք ուրախ ենք, որ հայերն այստեղ են, փոխադարձաբար իրար ճանաչում են: Համենայն դեպս, ես չեմ կարող նրանց չհանդիմանել` ինչո՞ւ էիք այսքան երկար լռում, իմ հայ բարեկամնե´ր, ինչո՞ւ էիք այդ մասին միայն իրար հետ խոսում: Ինչո՞ւ ձեր երեխաները, որոնց նույնպես շատ լավ ծանոթ ենք, ամաչում էին արտահայտվել, ասես դարասկզբի նախճիրը ձեր արատը լիներ, մինչդեռ դժբախտությունն է, միաժամանակ` հպարտությունը:
Դուք հարստանալու համար չեք լքել ձեր երկիրը, այլ` կոտորվել, ստիպվա´ծ եք եղել գալ այստեղ: Ֆրանսիան ձեզ ընդունել է, եւ դա մեր պատիվն է: Ամեն դեպքում, դուք դժվարությամբ նվաճեցիք ձեր զբաղեցրած դիրքերը, եւ միայն ձեր զավակները տեսան ձեր արցունքները, տառապանքը:
Ինչո՞ւ էիք սպասում այս դատավարությանը, որպեսզի Անրի Վերնոյն ասի. «Առկա է բոլոր նրանց ցասումը, ովքեր մղձավանջային մի երեկո Ուրֆայի եկեղեցուց հայերի մահերգը լսեցին եւ տեսան, թե ինչպես բոլորը ողջակիզվեցին»:
Չեմ կարող չանդրադառնալ նաեւ Շարլ Ազնավուրի խռովահույզ նամակին, որը դարձյալ այս դատավարության կապակցությամբ, հարկ է համարել իր խոսքը ձեզ հղել. «Մեր երիտասարդները ինքնության որոնման, անորոշության, արմատախիլ եղած լինելու, խուլ ականջների հանդիպելու պատճառով ներողամտության իրավունքն ունեն: Ֆրանսահպատակ լինելով հանդերձ` նրանց չեմ կարող մեղադրել: Ինքս ո´չ դատավոր եմ, ո´չ քաղաքագետ, այս տողերը գրում եմ, ինչպես սիրտս է թելադրում, եւ երջանիկ հանգուցալուծման հույս եմ փայփայում: Ես ազգությամբ հայ եմ, մի անգամ գոնե, մտածում եմ, որ մենք արժանի ենք դրան»:
Մեր դատասրահը լեփ-լեցուն է հայերով, շատերը ամբիոնից ելույթ ունեցան: Եվ որքան էլ նրանք քաղաքականապես տարանջատված լինեն, հետեւյալ առումներով միասնական են` մենք ցեղասպանության` դարի առաջին դժնդակ ցեղասպանության զոհերն ենք, մեր հողերը խլել են մեզնից, մենք ուզում ենք ետ ստանալ: Ինչ վճիռ էլ որ դուք կայացնեք, չորս երիտասարդները մեր հերոսներն են:
Այստեղ ներկա, Ֆրանսիայի համայնքի երկու հարյուր հիսուն հազար, աշխարհի վեց միլիոն հայերը այժմ լսում են ֆրանսիական արդարադատության ձայնը:
Այդքան տառապանք տեսած ժողովուրդը որոշակի ակնկալիքով է հայացքն ուղղել Ֆրանսիային` ազատության ավետյաց երկրին: Հայերը, որ այդքան հին պատմություն ունեն, մեզ չափազանց մոտ են: Նրանք դեռեւս հինգերորդ դարում իրենց այբուբենն են ստեղծել ու ժողովրդական բանաստեղծներն ունեցել: Լսե´ք նրանց: Նրանց հղացումներն այնքան խորունկ են, ճշմարտացի, համահունչ են չորս տղաների ապրումներին.
ՏԱՂ ՎԱՍՆ ՂԱՐԻԲՈՒԹԵԱՆ
Վայրի հաւուկ մի եմ, բռնած ու բերած դրած զիս ի նեղ զընդան,
Չուրախանայր սիրտ բաժանելոյս յընկերացս, որ չեմ յիմ երամ:
Սրտաբեկեալ եմ, միջակոտոր, ճար չունիմ, զի՞նչ լինիմ գերիս:
Եթէ զբլբուլ ու ղումրին բերեն ինձ երգասաց գուսան,
Չուրախանա¯մ.
Եթէ հազար գոյնըզգոյն փետուրներ ինձ բերեն խալաթ տան,
Չուրախանա¯մ.
Եթէ զշաքարն ի Մազածու բերեն կերակուր ինձ տան,
Չուրախանա¯մ.
Եթէ հազար թախթի հուքմն ինձ տան, ու հարիւր հազարի տէր առնեն,
Չուրախանա¯մ.
Եթէ բիւր բիւրոց ինձ ծառայ բերեն, անհամար հեծել ձիաւոր,
Չուրախանա¯մ.
Եթէ դարպաս ինձ շինեն ոսկով, զարդարած անգին մարգարտով,
Չուրախանա¯մ.
Եթէ հընար ու ճարակ լինէր ինձ` ելնել ի նեղ զնդանէս,
Եթէ լինէր որ թռչ’ի, բարձրանայի, տեսն’ի զիմ երամս,
Խաղալով, ճախրելով ու կարկաչելով խառնիլ յիմ երամս, —
Յայնժա¯մ ուրախանայր սիրտ բաժանելոյս,
Յայնժա¯մ խառնէի յընկերացըս երամ:
Հայ եղբայրնե´ր, դուք այլեւս միայնակ չեք, ձեր ժողովուրդը կվերագտնի իր բույնը: Չորս երիտասարդները այստեղ կանգնած են եւ գիտեն, որ ֆրանսիացի ժողովուրդը իրենց անմեղ է հռչակելու:
* Պաշտպան Լեկլերկը կարդացել է հանրահայտ տաղի` 1973-ին Փարիզում, հայկական պոեզիայի անթոլոգիայում հրապարակված ժակ Գոշերոնի թարգմանությունը (Գր. Ջ.):