ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ – Պաշտպան Պատրիկ Դեւեջյանի ճառը

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Պաշտպան Դեւեջյանի ճառը.

– Պարոն նախագա´հ, պարոնայք խորհրդականնե´ր, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե´ր, այս օրերին, Փարիզում, բոլորը խոսում են մի գրքի ու շարժանկարի մասին, որոնք նույն` «Բոլոր մերոնց անունից» խորագիրն են կրում: Նույն կերպ կարելի էր կոչել նաեւ այս դատավարությունը: Արդեն բազմիցս ասվեց` այս ատյանը պատմության դատարան չէ, բայց Ֆրանսիան այն երկիրն է, որն աշխարհին, հատկապես ճնշված ժողովուրդներին ազատության դասեր է տվել: Հայերը ֆրանսիացիներից են սովորել պայքարել բռնաճնշումների դեմ, հետեւաբար, անհամբերությամբ են սպասում ձեր դատավճռին:

Բայց դուք չեք կարող քննվող գործի կապակցությամբ վճիռ կայացնել, առանց նկատի ունենալու այն արտառոց հանգամանքը, որ զոհերին ոճրագործներից առաջ են դատում: Դարասկզբի նախճիրները այնքան երկար չդատապարտեցին, ուրացան, թաքցրին, որ ի վերջո զոհերն ընդվզեցին անարդարության դեմ, առաջինը հայտնվեցին մեղադրյալի աթոռին: Հայերն այլ միջոց չունեին, նրանք ցանկանում էին ձերբազատվել այն մղձավանջից, որը տարիներ շարունակ տանջում էր իրենց հոգիները:

Իմ գործընկերները, երկու կողմի վկաները, թվում է, արդեն ամեն ինչ ասացին, ես ամբիոն եմ բարձրացել, որպեսզի հանգամանորեն պատասխանեմ այն չորս հարցերին, որոնք պարոն նախագահը ֆրանսիացի ժողովրդի անունից տվեց մեղադրյալներին:

Առաջին հարցը մոտավորապես այսպես էր ձեւակերպված` ինչո՞ւ են հայերը նման քայլերի դիմում վաթսունութը տարի անց:

Պատասխանը հստակ է` վաթսունութը տարին այնքան էլ երկար ժամանակամիջոց չէ, ընդամենը երեք սերունդ է իրարից բաժանում, բնական է համարվում թոռների կապվածությունը պապիկներին ու տատիկներին: Հայ երեխաները աշխարհի բոլոր անկյուններում լսում են այն արհավիրքների պատմությունները, որոնք տեղի են ունեցել իրենց ընտանիքներում: Մեզ բոլորիս մեր տատերը մեկ անգամ չէ, որ պատմել են այդ ամենը: Համեմատության համար ինքներդ հիշեցեք ձեր մեծ հայրերին, որոնք մասնակցել են 1914-1918 թվականների պատերազմին եւ ինքնազոհողությամբ, անսահման ինքնազոհողությամբ հասել այն բանին, որ Ֆրանսիան մնա այնպիսին, ինչպիսին եղել է` իր ինքնությամբ ու մշակույթով: Այժմ ամբողջ Ֆրանսիայում այնպիսի բնակավայր, նույնիսկ գյուղ չկա, որտեղ զոհերի պատվին հուշակոթող չլինի, որտեղ չմեծարեն մեկ ու կես միլիոն ֆրանսիացի զոհերի հիշատակը: Ինչո՞ւ ուրեմն դուք չեք ուզում, որ հայերը, որոնք անհամեմատ փոքրաթիվ են եւ Առաջին աշխարհամարտի ընթացքում, անբացատրելի զուգադիպությամբ, նույնքան զոհ են տվել, չհիշեն իրենց նահատակներին: Ինչո՞ւ պիտի հայերը տարբերվեն ֆրանսիացիներից, տատիկ-պապիկ չսիրեն, հենց թեկուզ այն տառապանքների համար, որ նրանք կրել են, որոնցից, ինչպես ինքներդ տեսաք, ոչ մի կերպ, ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել:

Խնդրո առարկա գործողությունը, ճիշտ է, տեղի է ունեցել վաթսունութը տարի անց, բայց սոսկ այն բանի համար, որ մինչ այդ չէր կարող տեղի ունենալ: Պատճառը հասկանալի է: Առաջին սերունդը, որի բռնարարքների դիմելը թերեւս ընդունելի համարեիք, չնչին բացառությամբ, ընդվզելու հնարավորություն չուներ: Նա վերապրողների սերունդն էր, որը ֆրանսիական ռազմանավերով հասել էր Մարսել, ո´չ արհեստ ուներ, ո´չ ապրելու տարրական միջոցներ, ո´չ էլ լեզուն գիտեր: Նման հայերը մի կերպ տեղավորվեցին հյուղավաններում, գործարաններում սեւագործ բանվորներ դարձան: Նրանք, հատկապես այն ամենից հետո, ինչ տեսել, կրել էին, պայքարի մասին չէին կարող մտածել` միայն մեկ, ընդ որում` բավականին դժվար` սեփական գոյությունը պահպանելու խնդիրն ունեին:

Երկրորդ սերունդը, որը վերապրող գաղթական լինելու համար անորոշ ամոթ էր զգում, – հասկանալի է` հաճելի չէ նախճիրի ենթարկված ժողովրդի պատկանելը, – ձգտում էր մերվել այն երկրին, որտեղ, այո´, իրեն ապաստան տվել էին, բայց, ինչպես քիչ առաջ ոստիկանը ատյանի շենքի շուրջը հավաքված ցուցարարներին` «սեւքամակ» էին կոչում: Նրանք` այդ հայերը չափազանց շատ էին ուզում իրավունքներ ունենալ, Ֆրանսիայի քաղաքացի, հասարակության անդամ դառնալ, որն իրականում չափազանց դժվար էր, նախ օտար ծագման, ապա այն բանի պատճառով, որ չնայած աստիճանաբար մեղմանալուն, – ես գոնե բողոքելու պատճառ չունեմ, – ազգային խտրականությունը, համենայն դեպս, իրեն զգացնել էր տալիս:

Ահա´ թե ինչու բնական է, որ ընդվզումը բաժին ընկավ երրորդ սերնդին: Այդ սերունդը չէր կարող խուսափել իր ճակատագրից, արդեն մերվել էր այս երկրին, հենց դրա համար էլ կարոտը, ողբերգության հիշողությունները ավելի ու ավելի էին ծանրանում հոգուն: Ինքնության գիտակցումը այսօր համընդհանուր երեւույթ է` կորսիկացիները, բրետոնները, բասկերը, Ֆրանսիայի ամենաաննկատ ծայրամասի բնակիչը, որը, ընդունե´նք, ավելի քիչ տարբերություններ ունի ֆրանսիացիներից, քան հայերը, իր արմատներն է որոնում: Ինչպե՞ս կարող է նման անցյալ ունեցող երիտասարդ հայը նույնը չանել: Երիտասարդ հայը կարիք ուներ զինված պայքարի հենց թեկուզ ողնաշարն ուղղելու համար, որը վաթսունութը տարի շարունակ զոհ, հալածված, մերժված լինելու պատճառով այնքան էր կքվել, որ անհնար էր դարձել ապրելը: Դուք հավանաբար լսեցիք այն հայ երիտասարդներին, որոնք մեղադրյալների միջոցով բացահայտում էին իրենց, որոնք երգում էին. «Բավական է ապրող մեռելներ լինելը, զինված պայքարը մեզ արժանապատվություն տվեց»: Ինչպես Իսրայելի պետության հիմնադիրները հպարտություն հաղորդեցին հրեա ժողովրդին, այնպես էլ իրենց ազգային տարրական իրավունքներն ընդունել պահանջող այս երիտասարդները հայկականությամբ են համակում ամբողջ Սփյուռքի հայերին` անկախ այն բանից, նրանք մերվե՞լ են իրենց նոր միջավայրին, թե՞ ոչ:

Հայերը վաթսունութը տարի համբերեցին, որովհետեւ կարծում էին, որ աշխարհում ինչ-որ բան կփոխվի, անարդարությունը կբացահայտվի: Սակայն ՄԱԿ-ի մերժումից, իրար հաջորդող ուրացումներից, հուսախաբություններից հետո նրանց այլ բան չէր մնում անել:

Երկրորդ հարցը մոտավորապես այսպես էր ձեւակերպված` ինչո՞ւ պիտի որդիները պատասխան տան հայրերի համար: Իվ Տերնոնը բացատրեց` որովհետեւ որդիները համամիտ են իրենց հայրերին: Ինքներդ դատեցեք, մեկ շաբաթ տեւող դատավարության ընթացքում քաղաքացիական հայցվորները, թուրք վկաները, որոնց լսելու հնարավորություն ունեցանք, մի չնչին արտահայտությամբ, մի բառով անգամ չցավեցին այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել վաթսունութը տարի առաջ: Մինչեւ իսկ ա´յս սրահում ոչ մի թուրք չի ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նրանք ուրանում, ուրանում են համառ հետեւողականությամբ, ամեն անգամ հայկական պահանջատիրությունը բախվում է պատմության աներեւակայելի կեղծումների: Դրանց դեմ պետք է պայքարել հենց թեկուզ հայերի ազգային արժանապատվության համար, որը ավելի ու ավելի հաճախ է վիրավորվում, քանի որ մեղադրանքներ են հնչում Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությանը դավաճանելու, ռուսների կողմն անցնելու շինծու պատրվակներով:

Այդ կապակցությամբ հիշեցնեմ միայն այն ժամանակվա Թուրքիայի պատերազմական նախարար էնվեր փաշայի հայտարարությունը. «Ես հայ ժողովրդին, որի անմնացորդ նվիրվածությունը կայսերական իշխանությանը հայտնի է, ուզում եմ ներկայացնել իմ գոհունակությունն ու երախտագիտությունը»:

Այս խոսքերը Կոստանդնուպոլսի գերմանական լրագրում տպագրվել են 1915 թվականի հունվարի 26-ին` ցեղասպանությունը սանձազերծվելուց ուղիղ երեք ամիս առաջ:

Ինչպիսի անպատկառություն: Ես այլ արտահայտություն դժվարանում եմ գտնել, որովհետեւ, արդեն նշվեց, երեք ամիս անց Հալեպի նահանգապետը այսպիսի հեռագիր պիտի ստանար. «Հայերի` Թուրքիայում ապրելու, աշխատելու իրավունքը մեկընդմիշտ վերացված է: Կառավարությունը, ստանձնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է չխնայել անգամ օրորոցի երեխաներին»:

Նման հեռագրերը չափազանց շատ են:

Պարոն նախագա´հ, թույլ տվեք ձեր` վաթսունութը տարի անց զենքի դիմելու հարցը քաղաքացիական հայցվորներին ուղղել` ինչո՞ւ եք դուք վաթսունութը տարի անց էլ ուրանում այս ամենը: Խոսքը մի ոճրագործության մասին է, որը թվում է թե թուրքերի ներկա սերնդի հետ կապ չպետք է ունենար: Բայց նրանք ուրանում են, որովհետեւ նույնը շարունակվում է այսօր: Մարդու իրավունքների պաշտպանության, «Միջազգային ներման» հանձնաժողովները վկայում են, որ հայերին այսօր էլ են ճնշում Թուրքիայում, քրդական գյուղեր հրդեհում, բնաջնջում, վերացնում:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ավետարանչական կազմակերպություն է, հայերի հետ ուղղակի առնչություն չունի: 1981 թվականի հունիսին խորհուրդը Բրյուսելում հետեւյալ զեկուցագիրն է հրապարակել. «Քրիստոնյա փոքրամասնությունները Թուրքիայում հալածանքի են ենթարկվում: Հալածանքի որոշակի ձեւերն են խտրականությունը իրավաբանական ու վարչական առումներով, բոլոր մակարդակների վրա, տարրական իրավունքների ոտնահարումը, այդ թվում` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական համաձայնագրի» խախտումը: Խախտվում են հատկապես քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությունները, մանավանդ` Լոզանի պայմանագիրը: Հարկավոր է շեշտել (նկատի ունեցեք` Եկեղեցիների համաշխարհային խորհո´ւրդն է դա հայտարարում), որ ցեղասպանությունը 1915 թվականին չի ավարտվել, մարդկային տարբեր խմբերի կոտորածները, որոնք ցեղասպանության բնույթ են կրում, տեղի են ունեցել Ստամբուլում (զարմանալի է, որ ձեր վկան դա չի նկատել), հանրապետական Թուրքիայում (լավ լսեք տարեթվերը)` 1920,1923,1956,1974 թվականներին»:

Շարունակենք սակայն. «Լեզվի եւ մշակույթի, ազգային, կրոնական պատկանելության հողի վրա խտրականությունը, հալածանքը շարունակվում են նաեւ մեր օրերում, ֆիզիկական բնաջնջմանը հաջորդում է մշակութային ցեղասպանությունը»:

Եթե Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն է հավաստում, որ այդ ամենը շարունակվում են, ինչո՞ւ եք ուզում, որ հայերը լռեն, համակերպվեն, ինչպես նախկինում են համակերպվել:

Թուրքիայում սկսել են նաեւ հալածանքի նոր, անհանդուրժելի ձեւեր կիրառել: Թուրքական անձնագրերը, որոնք «նուֆուս» են կոչվում, քաղաքացու դավանանքն են ներկայացնում: Իմ ձեռքին եղած օրինակում «Դինի»` («Կրոնի») դիմաց գրված է` քրիստոնյա, «Մեզհեբի» («Դավանանքի») դիմաց` կաթոլիկ: Սա շատ հարմար ձեւ է այն երկրի վարչարարների համար, ովքեր ազգաբնակչությունը տարանջատում են լավ ու վատ թուրքերի:

Թուրքիայում հատուկ օրենք կա, որն անտեսում է մշակութային տարբերությունները: Այդ օրենքի 38-րդ հոդվածը նշում է, որ արգելված է հավաստել, որ երկրում գոյություն ունեն ազգային, քաղաքական, լեզվական փոքրամասնություններ, եւ բոլոր նրանք, ովքեր թուրքերենից բացի այլ լեզու կխոսեն, կհետապնդվեն:

Այս ամենը շարունակվում են, որովհետեւ հայ ժողովրդի դահիճը, քիչ առաջ իմ ընթերցած բնաջնջման հեռագիրը ստորագրողը, Թուրքիայում մեծարվում է որպես ազգային հերոս, նրա անունով մայրուղիներ, դպրոցներ են անվանակոչվում:

Ահա´ Թուրքիայի եւ Գերմանիայի տարբերությունը, պարոն փաստաբանապե´տ: Ինքներդ ասացե´ք` որեւէ երիտասարդ հրեա կհամակերպվե՞ր, չէ՞ր ընդվզի, եթե Բոննում կամ Բեռլինում Ադոլֆ Հիտլերի անունով պողոտա, ամբողջ Գերմանիայում թեկուզ մի դպրոց լիներ: Հիշեցե´ք, թե ընդամենը մի քանի օր առաջ կանցլեր Կոհլին ինչպես դիմավորեցին Երուսաղեմում` այն դեպքում, երբ Գերմանիան արդեն ներողություն խնդրել էր, Վիլլի Բրանդը ծունկի էր եկել Օսվենցիմում: Իսկ այստեղ, քաղաքացիական հայցվորները ուղղակի կամ անուղղակի կերպով շարունակում են ուրանալ…

Թուրքիան, ինչպես վկայում է «Լը Մոնդ» լրագրի 1977 թվականի հուլիսի 13-ի համարը, արգելում է երկիր մուտք գործել այն օտար քաղաքացիներին, որոնց ազգանունը «յան»-ով է վերջանում: Թուրքերը հայերին հալածում են ո´չ միայն իրենց երկրում, այլեւ ամբողջ աշխարհում եւ հատկապես` Ֆրանսիայում: Դարձյալ հիշենք ցեղասպանության զոհերին նվիրված Մարսելի հուշարձանի պատմությունը: Այն երկիրը, որը դահճի պատվին հուշարձաններ է կանգնեցնում, չէր ցանկանում, որ հայերը իրենց նահատակների հիշատակին հուշակոթող կառուցեն: Կարելի՞ է քսան տարեկան լինել ու չընդվզել: Պարոն նախագա´հ, սա հենց ձեր «Ինչո՞ւ են բռնարարքները Ֆրանսիայում տեղի ունենում» հարցի պատասխանն է: Ավելացնեմ նաեւ, որ ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է, որն արտահայտելու անխուսափելի կարիք, պահանջ է զգում: Եվ ամեն անգամ, հենց որ ֆրանսահայերը դիմում են այդ քայլին, թուրքական իշխանությունները միջամտում, խանգարում են: Երբ Ժան-Մարի Գառզուն «Հաշետ» հրատարակչությունում ցանկանում էր լույս ընծայել «Օրինակելի ցեղասպանություն» գիրքը, որը մեր օրերում առաջին անգամ ցեղասպանության պատմությունը ներկայացնելու փորձ էր, թուրքական կառավարությունը ճնշում գործադրեց հրատարակչատան վրա, եւ քանի որ վերջինս Թուրքիայում իր շահերն ուներ, արդեն տպագրված աշխատությունը այդպես էլ լույս չտեսավ: Հեղինակը ստիպված եղավ դիմել մի ուրիշ` «Ֆլամարիոն» հրատարակչատանը, որն ավելի համարձակ էր, կամ թերեւս Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ չուներ, եւ «Օրինակելի ցեղասպանությունը» ասպարեզ ելավ:

Թուրքական հալածանքները, սակայն, դրանով չավարտվեցին: Գիրքը լույս տեսնելուց հետո ռադիոլրագրող ժակ Շանսելը հարցազրույցի հրավիրեց Ժան-Մարի Գառզուին, եւ քանի որ խոսակցություն եղավ նաեւ ցեղասպանության մասին, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը պաշտոնապես բողոքեց, պահանջեց կարգի հրավիրել լրագրողին: Նույն դեսպանն է պարբերաբար խանգարում, որպեսզի դեռեւս տարիներ առաջ նախատեսված` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հեռուստատեսային բանավեճը տեղի չունենա: Ահա´ թե ինչու Գեւորգ Գյուզելյանը հայտարարում էր, որ ամբողջ հայկական համայնքը թուրքական հյուպատոսարանը քարոզչության, բռնաճնշման կայան է համարում, իրենք գրոհում են թուրքական դիվանագիտական հաստատությունների վրա, որովհետեւ գտնում են, որ Թուրքիայի անբաժան մասն են: Եվ իրոք, հարձակումը Փարիզի թուրքական հյուպատոսարանի վրա, ըստ էության, պատերազմ է` պատերազմ Թուրքիայի եւ հայերի միջեւ, որի հետ Ֆրանսիան ո´չ մի առնչություն չպետք է ունենար: Եթե հանրագումարի բերենք պատերազմական գործողության արդյունքը, կտեսնենք, որ թուրքերից մեկը սպանվել է, մյուսը` վիրավորվել: Վիրավորվել է նաեւ երկու հայ: Այլ կերպ ասած` Ֆրանսիան թիրախ չի հանդիսացել:

Դուք իրավացի եք, պարոն նախագա´հ, «ահաբեկչություն» բառը ո´չ մի կերպ չի կարելի ընդունել, հենց այն պատճառով թեկուզ, որ գերմանական քարոզչությունն է հորինել, Գեբելսն այդպես է կոչել Ֆրանսիական Դիմադրության մարտիկներին: Մյուս կողմից էլ, եթե որեւէ երկրում կան ահաբեկիչներ, նշանակում է` կա նաեւ բռնատիրություն: Քիչ առաջ դուք լսեցիք «ահաբեկիչների գլխավորի»` Միսաք Մանուշյանի կնոջը` տիկին Մելինեին, որը եկել էր, որպեսզի, ի´ր իսկ խոստովանությամբ` «նայի չորս երիտասարդների աչքերին», «սեղմի նրանց ձեռքերը»: Դա նշանակում է, որ Վազգենին, Գեւորգին, Արամին, Հակոբին նա համարում է իր ամուսնու, նրա գործի շարունակողները:

«Մեղադրյալների պայքարի միջոցները օրինակա՞ն են եղել» հարցին միանշանակ կարելի է պատասխանել, որ նրանք սպանելու մտադրություն չեն ունեցել: Նույնիսկ քաղաքացիական հայցվորները դա խոստովանելու բարեկրթությունն ունեցան:

Ասվածը առավել եւս վերաբերում է Հակոբ Ջուլֆայանին, որը կրակ է բացել միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը (դա, ի պատիվ իրեն, ինքն էլ ընդունում է) իրավիճակից ելնելով կրակել է, պայթած փամփուշտի բեկորները խոցել են հայ գրոհայինի մարմինը: Այսքանից հետո անգամ, Ջուլֆայանը հյուպատոսի ուղղությամբ կրակահերթ է բաց թողել, բայց նշան չի բռնել:

Ուրեմն, կանխամտածված մահափորձի մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել: Այո´, հսկիչ-պահապանը սպանվել է, դա փաստ է, բայց փաստ Է նաեւ այն, որ ինքն Է իր վախճանին ընդառաջ գնացել:

Այստեղ արծարծվեց նաեւ` «Նման գործողությունը ի՞նչ օգուտ կարող Է տալ» հարցը: Պատասխանում եմ` արդեն տվել Է, որովհետեւ պարոն փաստաբանապետը, որը գաղափար չուներ Հայկական հարցի մասին, այս դատավարության շնորհիվ շատ բան կիմանա ու, ամենայն հավանականությամբ, չի´ մոռանա: Չորս հայ երիտասարդների գործողությունը օգտակար կլինի նաեւ նրանց, ովքեր կարծել են, թե կարելի Է անպատիժ` ոճիր գործել, պատմության դատաստանին չենթարկվել: Այնպես որ, պարոն հյուպատո´ս, դուք իրավունք ունեք ձեր կառավարությանը զեկուցելու, որ ձախողված ցեղասպանությունից վատ ոչինչ չի կարող լինել: Մի քանի հոգի հրաշքով փրկվել են այդ սպանդից, եւ ահա´, ձեզնից հաշիվ են պահանջում: Հայկական շարժումը, որը սկիզբ է առել տասը տարի առաջ, այլեւս կանգ չի առնի: Վաղ թե ուշ` դուք ստիպված կլինեք բանակցությունների սեղան նստել, որովհետեւ հարություն Է առել հայ ժողովրդի հույսը: Մեղադրյալի աթոռին հայտնված այս չորս երիտասարդները առանձին չեն, ամբողջ աշխարհի հայությունը արդարության անդիմադրելի ձգտումով Է համակված, այնպես որ, ինչ պատիժ Էլ նրանք ստանան, հետեւորդներ անպայման կունենան: Չորսը տվեցին առաջին օրինակը, նրանց ընդվզումը չի դադարի, հայ ժողովուրդը զարթնել Է: Հայերն արդեն համոզվել են, որ վաթսունութը տարվա համբերությունը ոչնչի չի հանգեցրել:

Դատավճիռը կայացնելիս չմոռանաք, – կարծում եմ դուք դա զգացիք այստեղ հնչած հեռագրերից, վկայություններից, չնայած բազմաշերտությանը, հասարակական, քաղաքական, կրոնական տարբերություններին, – ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը միակամ է չորս հայ երիտասարդներին, նրանց հետ նստած Է մեղադրյալի աթոռին: Հիշեցե´ք, որ դուք նրանց էլ եք դատում, դատում եք աքսորականների այն երկար քարավանները, որոնց դեգերումները այսօր, այս սրահում ավարտվեցին: Այսօր, այս սրահում ներկա են բոլոր այն տղամարդիկ, որոնց գանգերը ցիրուցան եղան թուրքական խզակոթի հարվածներից, կանայք, որոնց որովայնները ճեղքվել, աչքերն արցունքներից խամրել Էին, ինչպես նաեւ երեխաները, որոնց փորերը քաղցից փքվել ու մահացել Էին մայրերի չորացած ստինքները շուրթերի արանքում:

Դուք նրանց բոլորին միանգամից եք դատելու: Նրանց բոլորի ստվերները ուղեկցում են չորս հայ երիտասարդներին, որովհետեւ առանց այդ ստվերների` չորսից ո´չ մեկն այստեղ չէր լինի: Մի´ շփոթեք զոհերին: Երեքհազարամյա մի հին ժողովուրդ, շունչը պահած, արդարության է սպասում: Մի´ զլացեք, հո´ւյս տվեք նրանց, որն այս դեպքում մեղադրյալներին ազատ արձակել է նշանակում:

ՆԱԽԱԳԱՀ – Վերջին անգամ ընդհատենք ունկնդրումը: Նիստը կվերսկսենք 17-ն անց 15-ին:

————————

«Վան» գործողություն: «Վան» գործողության մարտիկների դատավարություն:

1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:

————————-

Լուսանկարներում`
1. Վիրավոր Վազգեն Սիսլյանը թողնում է Փարիզի թուրքական հյուպատոսարանի շենքը:
2. Ծերունազարդ հերոսը` Գուրգեն Յանիկյան:
3. Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանն ու փաստաբան Ժերարդ Բընուան Ժնեւի դատարանում:
4. «Վան» գործողության չորս մարտիկները Փարիզի դատավարության ժամանակ:
5. «Արամ» ֆիլիմի հերոս Սիմոն Աբգարյանը Արամների շրջապատում:
6. ԱՍԱԼԱ-ի դրոշը Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:
7. Երեւան, Եռաբլուր, 40-ամյակ ԱՍԱԼԱ-ի հիմնադրման, 2015 թ.-ի հունվար:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)