Իսրայելում Շառլ Ազնավուրի պատվին ձիթենի է տնկվել

13:21 • 28.10.17

Իսրայելական Նևե Շալոմ գյուղում գտնվող Աշխարհի բարեպաշտների զբոսայգում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին ձիթենի է տնկվել, այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն՝ հղում անելով Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ քահանա Հովնան Բաղդասարյանին:

Հայտնի է, որ արարողությանը մասնակցել է անձամբ Շառլ Ազնավուրը, ինչպես նաև նրա որդին՝ Նիկոլյան:

Երուսաղեմի և Թել Ավիվի միջև գտնվող այս գյուղը հանդիսանում է իսրայելական հողում խաղաղության խորհրդանիշը, որտեղ կողք կողքի բնակվում են արաբներ ու հրեաներ:

Ինչպես նախօրեին հայտնել էր Tert.am-ը, Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար: 

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ընդգծել է, որ հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա Ազնավուրի ու նրա ընտանիքի արածը:

Ուշագրավ է, որ մեդալը նախագահի ձեռքից ստանալուց հետո Ազնավուրը հարցրել է, թե երբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան երկրի նախագահն ասել է, որ դա քաղաքական հարց է, որն ինքը բազմիցս բարձրացրել է Քնեսետում: 

http://www.tert.am/am/news/2017/10/28/aznavur/2524535

error

Enjoy this blog? Please spread the word :)