Հակառակորդի կողմից սահմանին յուրաքանչյուր զինվորի սպանությունը 1988-1992 թթ.-ին ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցած հայերի ցեղասպանության շարունակությունն է. (տեսանյութ)

20-10-2017 17:45:55   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանյան քաղաքական վերնախավն այդպես էլ չի ուզում հասկանալ, որ Արցախի ինքնորոշումն այլ բան է, իսկ Կատալոնիայի կամ Քրդստանի ինքնորոշումը՝ բոլորովին այլ: 

Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ադր.ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Ըստ նրա՝ հայաստանյան իշխանական էլիտան վերջին շրջանում անհասկանալի խանդավառություն է դրսևորում Կատալոնիայում և Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեների հետ կապված, հույս ունենալով, որ այդ երկրների անկախության ճանաչումն աշխարհի կողմից կարող է հանգեցնել նաև Արցախի անկախության ճանաչմանը:
«Մենք միշտ նշում ենք, որ արցախյան հակամարտությունը ծագել է միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի ռեժիմը սկսեց տարածքները հայկական էթնիկ տարրից զտելու գործընթացը և բառացիորեն ցեղասպանություն իրականացրեց հայերի նկատմամբ Չարդախլույում, Սումգայիթում և Բաքվում»,- հիշեցրեց Մ. Ավագյանը՝ շեշտելով, որ Արցախի ինքնորոշման կամարտահայտությունը պայմանավորված էր այդ ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու և քաղաքական լուծում տալու հանգամանքով:
Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման հարցը որևէ ընդհանրություն չունի Կատալոնիայի ինքնորոշման հետ հենց այն պատճառով, որ այդ դեպքերի պատմական արմատները տարբեր են:
Բանախոսը նկատեց, որ միջազգային մի շարք կառույցներ Արցախյան խնդրի կարգավորման շուրջ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում Հայաստանի քաղաքական և հոգևոր ներկայացուցիչների հետ ամենաբարձր մակարդակներով, սակայն այդ հանդիպումների ընթացքում անտեսվում է հայության շահը:
«Սա է պատճառը, որ յուրաքանչյուր նման դրական գնահատվող հանդիպումից հետո մենք սահմանին զոհ ենք ունենում, ինչը տեղի ունեցավ նաև երեկ»,- նշեց Մ. Ավագյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ սահմանին հակառակորդի կողմից յուրաքանչյուր զինվորի սպանությունը 1988 թվականից մինչև 1992 թվականը Բաքվում, Գանձակում ու Չարդախլույում տեղի ունեցած հայերի ցեղասպանության շարունակությունն է, իսկ ադրբեջանական ցեղասպան մեքենան դեռ ընթացքի մեջ է:
Հասարակական գործիչ Տատյանա Մինասյանն իր հերթին ընդգծեց, որ հայաստանյան քաղաքական վերնախավը և հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները, անտեսելով և չբարձրաձայնելով Ադրբեջանում 1988-1992 թվականներին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, նպաստում են, որպեսզի թշնամին նոր ագրեսիվ գործողություններ իրականացնի սահմանին, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին:
«Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը պետական և իրավական մակարդակով հստակ գնահատական տա Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությանը, դա ամրագրելով արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի միջազգային կառույցների կողմից այլևս հավասարության նշան չդրվի ագրեսորի և ագրեսորի թիրախի միջև»,- նշեց նա:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   –   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)