Կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Եթե անգամ Փաշինյանը հրաժարվի Արցախի պաշտպանությունից, Երևանում անմիջապես փողոց դուրս կգան: Ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ին։  07․11․2022

Հարցազրույցի հայերեն թարգմանությունը տեղադրված է Մանուկյանի ֆեյսբուքյան էջում։

Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումում սպասված բեկումը տեղի չունեցավ: Կողմերը խոսում էին Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին, սակայն հրապարակայնորեն ո՛չ այդ փաստաթղթի պատրաստման ժամկետները նշվեցին, ո՛չ էլ որոշակի դրա բովանդակությունը: Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ МК-ն զրուցել է Հայաստանի առաջին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար (առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի հետ:

 

— Ելնելով որոշ հաղորդագրություններից՝ կարելի՞ է ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն բացառում, որ մինչև տարվա վերջը խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Ի՞նչ եք կարծում, դա իրատեսակա՞ն է:

— Ես կարծում եմ, որ այժմ հնարավոր չէ հրացանի փողի տակ որևէ համաձայնություն ստորագրել: Որովհետև պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել մեզ: Ես այդ հանդիպումից որևէ մեծ բան չէի սպասում, քանի որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, թե դա իր տարածքն է, և վերջ: Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստ է ամեն ելքի: Եթե Ռուսաստանը պահի Ղարաբաղը, նա կհամաձայնի, չի պահի, էլի իր համար մեկ է: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այժմ ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Վրաստանը նա կորցրել է, Ադրբեջանը երբեք Ռուսաստանի հետ չի լինի: Նա կհաճոյախոսի Ռուսաստանի հետ, բայց նրա գլխավոր շահերը Թուրքիայի հետ են: Ղարաբաղի խնդիրն ամենակարևորն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, Ռուսաստանը կկորցնի ողջ Անդրկովկասը: Հայտնի բանաձև գոյություն ունի՝ Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ողջ Կովկասի կորուստ:

Հասկանալի էր, որ Փաշինյանը խոսելու էր Ղարաբաղի մասին, չնայած նրան այդ հարցն այնքան էլ չի հետաքրքրում: Ալիևը հաստատ չի համաձայնի, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի՝ թողնելով ապագային: Իսկ Ռուսաստանն էլ չի գնա նրան, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի բացառապես Ադրբեջանի բանաձևով: Հետևաբար հնարավոր չէր այդ հանդիպումից  բեկում սպասել:

 

— Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանին չի հետաքրքրում Ղարաբաղը:

— Նրա ամբողջ քաղաքականությունը, առաջին իսկ օրվանից, ուղղված էր նրան, որ ազատվի Ռուսաստանից: Դրա համար անհրաժեշտ է ազատվել Ղարաբաղի խնդրից: Եվ նա բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը: Բայց նա չի կարող հենց այնպես հրաժարվել Ղարաբաղից: Մի քանի օր առաջ Ղարաբաղում հանրահավաք էր. 60-70 հազար մարդ պահանջում էր նրա անկախության պահպանումը: Այնտեղ մարդկանց նոր սերունդ է մեծացել, որը չի հիշում այն ժամանակները, երբ Ղարաբաղն անկախ չէր: Այնտեղ մի քանի անգամ ընտրություններ են եղել, արդեն նոր մարդիկ են աշխատում: Հանուն ինչի նրանք հանկարծ պետք է հրաժարվեն այդ ամենից և մտնեն Ադրբեջանի կազմի մեջ: Դա հնարավոր չէ:

 

— Պուտինը խոսեց 5 ադրբեջանական շրջանների մասին, որոնք ռուսական կողմը համոզում էր հայկական կողմին վերադարձնել Բաքվին: Ասաց, որ բանակցությունները երկար են ընթացել, և Երևանը փաստորեն չի համաձայնել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել:

— Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ղարաբաղն արդեն իրավաբանորեն Ադրբեջանի կազմում չէր: Ադրբեջանը պատերազմ սկսեց և պարտվեց: Այն ժամանակ ազատագրվեց ոչ միայն բուն Ղարաբաղը, այլ նաև նրան հարակից Ադրբեջանի 7 շրջան: Այնուհետև տասնյակ տարիներ բանակցություններ ընթացան: Դրանք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և ես կարծում եմ, որ բանակցային այդ ձևաչափը պետք է պահպանել: Ղարաբաղի դիրքորոշումն այն էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ նրա շրջանները տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Հայաստանի հետ կապող միջանցքների փոխարեն: Երևանն ու Ստեփանակերտը միշտ էլ ասում էին, որ այդ շրջանները գրավվել են բացառապես Արցախի անվտանգության ապահովման համար: Բայց Բաքուն չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իսկ մենք չէինք ուզում այդ շրջանները հենց այնպես տալ: Միամտություն կլիներ հետ տալ գրավվածը՝ չստանալով փոխարենը ոչինչ և հույս ունենալով, որ Ադրբեջանը դրանով կբավարարվի:

 

— Այսինքն՝ հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է եղել տալ այդ 5 շրջանները, բայց միայն Ղարաբաղի անկախության ճանաչման կամ գոնե նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման փոխարե՞ն:

— Այո, բոլոր բանակցություններն այդ հունով էին ընթանում, բայց որևէ արդյունք չտվեցին:

 

— Իսկ Ռուսաստանը պնդո՞ւմ էր, որ դուք այդ շրջանները հենց այնպես տաք:

— Ենթադրվում էր, որ այդ դեպքում Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պետք է ռուսական խաղաղապահ ուժեր կանգնեն: Ենթադրվում էր, որ նման ժեստը՝ շրջանների հանձնումը, կհանգեցնի հակամարտության մեղմացման: Ռուսաստանի ներկայությունը կապահովեր Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե: Դրանք շատ բարդ բանակցություններ էին և փակուղի մտան:

 

– Ինչո՞ւ:

— Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնում Ղարաբաղի անկախությանը: Ալիևը հասկանում էր, որ եթե ինքը դրան գնա, ապա իրեն պարզապես կգցեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման դեպքում ինչ-որ մեկը կկորցներ իշխանությունը, կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը, կա՛մ Հայաստանի ղեկավարությունը: Ուստի հարցն այսպես էր դրվում. թող Ղարաբաղը դե ֆակտո անկախ մնա անվերջ երկար ժամանակ, իսկ Ադրբեջանը դա չի ճանաչում, բայց նաև չի միջամտում:

 

— Ի՞նչ  է այդ «վաշինգտոնյան հռչակագիրը», որ հիշատակեց նախագահ Վլադիմիր Պուտինը:

— Ինքս այդ փաստաթուղթը չեմ կարդացել, բայց հայտնի է հետևյալը: ԱՄՆ-ն կոչ է անում, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիր պատրաստվի, որում Արցախի մասին ոչինչ չի ասվում: Պարզապես նշվում է, որ պետք է հաղորդակցություններ բացվեն: Ռուսական տարբերակում, ըստ լուրերի, ասվում է, որ Ղարաբաղի հարցն այժմ չի քննարկվում և պահ է տրվում հաջորդ սերունդներին: Պահպանվում է գոյություն ունեցող դրությունը: Բայց պետք է կարգի բերել սահմանները, հաղորդակցություններ բացել: Ընդ որում, Ադրբեջանի և Նախիջևանի կապը նույնպես կիրականացվի  միջանցքով, ճանապարհով, որը վերահսկում է ռուսական բանակը: Ես ինքս կողմնակից չեմ, որ բացվեն այդ հաղորդակցությունները: Այժմ շարունակ խոսում են Սյունիքի միջով հաղորդակցությունների մասին, բայց Հայաստանը բոլոր կողմերից շրջափակման մեջ է: Բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն: Սակայն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը մեզ ձեռնտու է, որովհետև դրա մեջ գոնե ղարաբաղյան հարցը չի լուծվում այնպես, ինչպես պատկերացնում է Ալիևը: Թեկուզ այն սկզբունքորեն այդ հարցի որևէ լուծում չի բովանդակում: Այդ տարբերակը մեզ համար ավելի ձեռնտու է, քան այն տարբերակները, որոնցում Արցախի հարցն առհասարակ չի հիշատակվում:

 

— Այդ տարբերակը կարող են ստորագրել մոտ ժամանակնե՞րս:

— Կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Եթե անգամ Փաշինյանը հրաժարվի Արցախի պաշտպանությունից, Երևանում անմիջապես փողոց դուրս կգան: Աշխարհի միլիոնավոր հայեր պայքարում են Արցախի ազատության համար: Հայաստանի ղեկավարը չի կարող դա հաշվի չառնել: Ադրբեջանը նույնպես չի համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ղարաբաղյան հարց կա, որը պետք է լուծել ապագայում: Այդ իսկ պատճառով նման խաղաղության պայմանագիր տեսանելի ապագայում չեմ տեսնում: Եվ չեմ բացառում, որ Ադրբեջանը նորից կփորձի ուժի միջոցով հասնել իր նպատակներին»:

 

error

Enjoy this blog? Please spread the word :)