ՀՀ-ն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել ցեղասպանությունները կանխարգելու և մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն, 20 Հուլիս, 2021

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսիսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես ղարաբաղյան պատերազմի օրերին: Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ մասնակցել է դեսպան Ներսիսյանի դիվանագիտական առաքելության ավարտի առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում կոնգրեսական Սփիեռը շեշտել է՝ մեծ ջանքեր են գործադրվել ամերիկյան օժանդակության ապահովման ուղղությամբ: Հպարտ եմ ասել, որ ձեր օժանդակությամբ ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումն ականազերծման և մարդասիրական օգնության համար: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

՛՛Վերջապես, ավելի քան մեկ դար անց Միացյալ Նահանգները՝ ի դեմս Կոնգրեսի և ԱՄՆ նախագահի, նպատակահարմար գտան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի ուղղությամբ հայությունը մեծ ջանքեր է գործադրել երկար ժամանակ՛՛,- հայտարարեց կոնգրեսական Սփիեռը:

Ընդունելության բազմաթիվ հյուրերի շրջանում էին նաև ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի ներկայացուցիչները: Փոխպետքատուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Արմստրոնգն իր խոսքում բարձր է գնահատել դեսպանի ու ՀՀ դիվանագիտական առաքելության գործունեությունն՝ առանձնահատուկ նշելով Ներսիսյանի աջակցությունն ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ: Մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա ցավալի է, շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով իր խոսքում նաև պետքարտուղարության անունից ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին անցած տարվա պատերազմի զոհերի կապակցությամբ:

՛՛Մեր երկու երկրները համատեղ աշխատում են և կարող են աշխատել աշխարհում ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ասպարեզներում՛՛,- հայտարարել է Ջոն Արմսթրոնգը:

1991 թ.-ին Հայաստանի անկախության վերածնունդից ի վեր, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները եղել են մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, իր խոսքում ասել է դեսպան Վարուժան Ներսիսյանը:

՛՛Հարյուր տարի առաջ այստեղ՝ Վաշինգտոնում գործում էր Հայաստանի դեսպանությունը: Արմեն Գարոն, ում կիսանդրին դուք տեսաք այս շենք մտնելիս, Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին դեսպանն էր, ով նույնպես, ինչպես ես, առերեսվել է պատերազմի և արտաքին ագրեսիայի իրականությանը: Հարյուր տարվա վաղեմության իրադարձությունները գրեթե նույնությամբ կրկնվեցին 2020 թ-ին՛՛,- նշեց դեսպան Ներսիսյանը:

Ըստ Ներսիսյանի՝ երկու ազգերը սերտորեն համագործակցել են բազում ոլորտներում՝ ներառյալ տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումն ու խաղաղապահ առաքելությունը: Նա ընդգծում է՝ ԱՄՆ-ի ու ՀՀ միջև առկա է առանձնահատուկ կապ՝ հիմնված ընդհանուր արժեքների, կայուն բարեկամության և հավատարիմ փոխվստահության վրա:

 

error

Enjoy this blog? Please spread the word :)