ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ Տիկին Մելինե Մանուշյանի ունկնդրությունը

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ
Տիկին Մելինե Մանուշյանի ունկնդրությունը

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

(Տիկին Մելինե Մանուշյանի ունկնդրությունը: Երդման արարողություն:)

ՆԱԽԱԳԱՀ – Պաշտպան Լեկլե´րկ, ի՞նչ հարց եք ուզում տալ վկային:
ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ – Պատասխանը միանշանակ է, պարոն նախագա´հ: Նախ ես ուզում եմ ձեզ ներկայացնել տիկին Մանուշյանին, նրա ներկայությունը մեզ համար խիստ կարեւոր է: Դուք հավանաբար հիշում եք կարմիր որմազդը, որը դիմադրության տարիներին հայտնվել էր Փարիզի փողոցներում ու բառացիորեն ազդարարում էր. <<Ահա´ վկայությունը այն բանի, որ եթե ֆրանսիացիները թալանում, պայթեցնում, վնասում, սպանում են, ապա օտարազգիները` գործազուրկներն ու ոճրագործներն են նրանց ղեկավարում…>>:
Այդ ազդի տակ նշված է մարտախմբի հրամանատարի` Միսաք Մանուշյանի անունը, որը հիսունվեց գրոհ է կազմակերպել, 150 ֆաշիստական բռնազավթիչ շարքից հանել:
Մի քանի օր առաջ հանրապետության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը ակնկալում է, որ կառավարությունը համապատասխան հանձնարարականներ տա, որպեսզի փետրվարին առանձնակի շուքով նշվի Միսաք Մանուշյանի` դիմադրության շարժման նշանավոր հերոսներից մեկի զոհվելու 40-ամյակը:
Ուրեմն, տիկին Մանուշյանը հայուհի է: Ես կուզեի, որ նա մեզ տեղեկացներ, թե ինչո՞ւ է դատարան եկել եւ ի՞նչ է ուզում ասել:
ՄԱՆՈՒՇՅԱՆ – Ես եկել եմ հայտնելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որբացել, երկրորդի ժամանակ այրիացել եմ: Ահա´, մի նախադասությամբ, իմ կենսագրությունը: Մենք` երեք, չորս, հինգ տարեկան հայ որբերս դեպքերից առաջ խաղում էինք թուրք, հույն, հրեա, այլ ազգության երեխաների հետ, դրսում` թուրքերեն, տանը` մեր մայրենի լեզվով էինք խոսում:
Մենք ի հարկե չիմացանք, թե ինչո՞ւ, ինչպե՞ս սկսվեց պատերազմը, բայց զգացինք, որ մի շատ կարեւոր բան փոխվեց` թուրք մանուկները սկսեցին մեր հետեւից քարեր շպրտել: Մենք զարմացանք եւ երբ հայտնեցինք մեր ծնողներին, նրանք ասացին. <<Դուք էլ նույնն արեք>>:
Ուրեմն համաշխարհային մեծ պատերազմում մենք ունեինք մեր փոքրիկ պատերազմը, որը դրանով չավարտվեց: Մեզ` հայ որբերիս հավաքեցին Ադաբազարի ամերիկյան որբանոցում, որի դաստիարակները հայեր էին: Ավելի ուշ, երբ թուրքական կառավարությունը հրահրեց Զմյուռնիայի հրդեհը, մեր տնօրինությունն զգաց, որ ապահով չենք, մեզ Հունաստան` մի ուրիշ ամերիկյան որբանոց տեղափոխեց, որտեղից էլ 1926-ին եկանք Ֆրանսիա ու հայկական մանկատան սաներ դարձանք:
ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ – Ես ուզում եմ ձեզ հարցնել, թե ամուսնանալուց հետո ինչո՞ւ եք դուք եւ ձեր ամուսինը` Մանուշյանը Դիմադրական շարժմանը նվիրվել:
ՄԱՆՈՒՇՅԱՆ – Իմ ամուսինը նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի որբերից էր, նրան Երկրորդ համաշխարհային պատերազմում, ինչպես գիտեք, գնդակահարեցին նացիստները: Մենք զինվորագրվեցինք Դիմադրական շարժմանը, որովհետեւ նախ երախտապարտ էինք այն երկրին, որտեղ հանգրվանել էինք, բացի այդ` տեսնում էինք, որ կրկնվում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Մեզ` հայերիս համար, Թալեաթը նացիստ էր: Ավելի մանրամասնեմ` չէինք կարող չպաշտպանել Ֆրանսիան, որը մեզ համար արտասովոր երկիր էր, երկիր, որտեղ մեզ չէին ձերբակալում, չէին տանջում, որտեղ ժողովրդավարությունն էր գերիշխում: Իսկ նացիզմը, նացիզմը գաղափարախոսություն չէ, անասնական բնազդ է, մենք փաստորեն ականատես էինք լինում 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությանը: Ահա´ թե ինչու ես ու Մանուշյանը իրար հետ խորհրդակցելուց հետո Դիմադրության շարքերն անցանք հենց առաջին օրվանից ու կռվեցինք մինչեւ 1943-ի նոյեմբերի 15-ը, երբ ամուսինս ձերբակալվեց ու գնդակահարվեց…
Նրանց դատավարության ժամանակ դատարանի դահլիճում կային ֆրանսիական լրտեսներ, ինչպես նաեւ Գեստապոյի գործակալներ, որոնք Մանուշյանի մարտիկներին <<ոճրագործներ>> էին կոչում: Ամուսինս, որ երկար ժամանակ չէր կորցնում պաղարյունությունը, ի վերջո դահլիճ շրջվեց ու ասաց. <<Գեստապոյի գործակալների դեմ ես ոչինչ չունեմ, մենք պայքարել ենք եւ այժմ ձերբակալվել, բայց դո´ւք` ֆրանսիացի լրտեսնե´ր, ձեր խիղճն ու հոգին ծախել եք թշնամուն: Դուք սոսկ ժառանգել եք ֆրանսիական քաղաքացիությունը, այսօր մենք դրան արժանանում ենք>>:
Այո´, նա կռվում էր Ֆրանսիայի համար, չունենալով ֆրանսիական հպատակություն:
ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ – Դուք ձեր հուշերի գրքում նկարագրել եք` երբ Մանուշյանը ընդհատակ անցավ, ինչի՞ մասին էր մտածում…
ՄԱՆՈՒՇՅԱՆ – 1936, թե 37 թվականին էր, մենք մեկտեղ դիտեցինք <<Ես դատապարտում եմ>> շարժանկարը, որտեղ Վիկտոր Ֆրանսենը մի անծայրածիր գերեզմանոցում հիշում էր Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, մրմնջում. <<Ես դատապարտում եմ, ես դատապարտում եմ…>>: Մանուշյանն ասաց. <<Հիշեցի հորս, որը զենքը ձեռքին գնաց, որպեսզի կռվի Թալեաթի կառավարության դեմ, պաշտպանի հայ ժողովրդին>>: Իրոք, ցեղասպանությունն արդեն սկսվել էր, նրա հայրը ընկնում է մարտի դաշտում, մայրը խողխողվում է իր երեխաների ոտքերի առջեւ: Մանուշյանը պատմում էր. <<Ես հիշեցի այս ամենն ու նռնակը նետեցի ֆաշիստների վրա, տեսա մորս ընկնելը, հորս ընկնելը եւ նետեցի նռնակը: Այդ պահին մտապատրանք ունեցա` ինչ-որ մեկը դրդում էր ինձ. <<Կրակի´ր, դու իրավունք ունե´ս, կրակի´ր, դու սպանում ես մա´հը, դու սպանում ես թշնամո´ւն, նացիստների´ն…>>: Այդպե´ս ես գրոհեցի եւ ասես ուսերիցս մի մեծ բեռ ընկավ, զգացի, որ.հերոսություն եմ անում, հետեւում եմ հորս, ես միշտ կհետեւեմ նրան, ֆրանսիացի ժողովրդին, ազատության բոլոր մարտիկներին>>:
Այդպե´ս է իմ ամուսինն սկսել իր պայքարը, նա 125 բռնարարք է կատարել, բայց ոչ մի ֆրանսիացու չի վնասել, եթե նկատի չունենանք ժան Հերոլդի նման այն մի քանի դավաճաններին, որոնք իրենց հայրենակիցներին Գեստապոյին էին հանձնում: Մանուշյանը մարտնչել է միայն Գեստապոյի` այն գերմանացիների դեմ, որոնք եկել էին Ֆրանսիան ծնկի բերելու համար:
ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ – Ի՞նչ էր ձեզ գրել Մանուշյանն իր վերջին նամակում:
ՄԱՆՈՒՇՅԱՆ – Նա գրել էր` <<Թանկագի´ն Մելինե, շատ սիրելի որբուկս>>, ցանկանալով նշել, որ ես երկրորդ անգամ որբանում եմ: Ապա ավելացրել էր. <<Ես գերմանացի ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, համոզված եմ, որ բոլոր ժողովուրդներն էլ խաղաղ կգոյակցեն գերմանացիների հետ, պատերազմը երկար չի տեւի, երջանկությունն ամենուր կիշխի>>:
ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ – Ի՞նչ կուզեիք ասել մեղադրվող երիտասարդներին:
ՄԱՆՈՒՇՅԱՆ – Ի հարկե, ես ոչ մի իրավասություն չունեմ պնդելու` նրանք ճի՞շտ են, թե՞ սխալ, բայց վստահ եմ, որ ահաբեկիչներ չե´ն, ազատամարտիկնե´ր են, ինչպես մենք: Ես նրանց կուզեի ասել. <<Նայե´ք աչքերիս, զո´ւսպ եղեք, մի´ պարզեք ձեր բռունցքները, որովհետեւ այս ամենը դեռ հաղթանակ չէ, ուղղակի հայ ժողովուրդը չի´ կորցրել արժանապատվությունը, նա դեռ կանգո´ւն է, պայքարո´ւմ է: Եվ քանի որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, ուրեմն դուք կարող եք ձեզ բավարարված զգալ: Առաջին քայլը կատարված է, ճիշտ է, այն փոքր է, բայց ես վստահ եմ, որ ուրիշները կհաջորդեն, եւ հայ ժողովուրդը հատուցում կստանա, արդարությունը կվերականգնվի: Պահպանե´ք ձեր ոգին, մի´ կորցրեք կորովն ու հույսը>>:
Ինձ թվում է, որ հարկ չկա Ֆրանսիայում բռնարարքները շարունակել, որովհետեւ եթե հանրապետության նախագահն ընդունել է, շատերը կհետեւեն նրա օրինակին: Դրա համար ես ձեզ խնդրեցի` <<Մի´ կորցրեք հույսն ու կորովը>>: Ուզում եմ ավելացնել նաեւ, որ ճիշտ է, մենք բոլորս ձեր մայրերն ու տատիկներն ենք, բայց դուք ունեք մի այլ մայր` Հայրենիքը եւ հայ ժողովուրդը, որոնք ձեր հետ են:
Փորձեմ պատասխանել նաեւ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ ցեղասպանություն չի եղել: Այն, ինչ ասելու եմ, ուսումնասիրել եմ անձամբ: Հենց ցեղասպանությունը Թուրքիայում սկսվեց, ֆրանսիացի մեծ գրող Անատոլ Ֆրանսը, – նա կարո՞ղ էր ստել, – ազդարարեց. <<Մեր հայ եղբայրներին սպանում են, ցեղասպանություն է սկսվել, ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ նրանց չենք պաշտպանում>>: Երբ ես աշխատում էի նման վկայություններ ընդգրկող գրքի վրա, մտածում էի. <<Եթե ամբողջ աշխարհն այսպես վարվեր, ո՞վ գիտե, թերեւս երկրորդ ցեղասպանությունը տեղի չունենար>>:
Ճիշտ է, ես ինքս մարմար շատ եմ սիրում, բայց ստիպված եմ խոստովանել, որ մարդկության մեծամասնությունը մարմարի պես սառն ու անտարբեր մնաց: Չգիտեմ էլ ինչ ասեմ, ես շատ հուզված ու հիվանդ եմ, բայց դուրս եմ եկել անկողնուց, որ սեփական աչքերով տեսնեմ այս չորս հայ տղաներին:
ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ – Շնորհակալությո´ւն:
ՆԱԽԱԳԱՀ – Ո՞վ է ցանկանում հարց ուղղել տիկին Մանուշյանին: Դո՞ւք, պարոն ընդհանուր պաշտպա´ն:
Ո՞չ:
ՄԱՆՈՒՇՅԱՆ – Իրավունք ունե՞մ, կարո՞ղ եմ սեղմել չորսի ձեռքը:
ՆԱԽԱԳԱՀ – Որպես բացառություն` այո´, բայց կուզեի, որ նման միջադեպեր չկրկնվեին:

(Տիկին Մանուշյանը սեղմում է մեղադրյալների ձեռքը, հեռանում:)

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)