«Վան» գործողություն: Դատարանի Նախագահի հարցերը Արամ Բասմաջյանին:

«Վան» գործողություն: 1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Արամ Բասմաջյանը կասկածելի պայմաններում զոհվեց բանտում, իբրեւ թե ինքնասպանություն գործեց: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:

Դատարանի Նախագահի հարցերը Արամ Բասմաջյանին

——————————————–

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Երեքշաբթի, 24-ը հունվարի 1984 թ.

ՆԱԽԱԳԱՀ – Պարոն Բասմաջյա´ն, հիշեցնեմ, որ դուք ծնվել եք 1960 թվականի մարտի 25-ին, Բեյրութում, Ավետիս եւ Գյուլեն Բասմաջյանների ընտանիքում: Լիբանանում ունեք ձեզնից մեծ երկու քույր եւ մի եղբայր, որը բնակվում է Ավստրալիայում: Ի՞նչ է անում նա այնտեղ:
ԲԱՍՄԱՋՅԱՆ – Թող մայրս խոսի իմ եղբոր մասին, քանի որ երբ մեկնել է, ես երեք տարեկան եմ եղել:
ՆԱԽԱԳԱՀ – Դա նշանակում է, որ իրականում նրան չեք ճանաչում: Իսկ ձեր քույրերն ի՞նչ մասնագիտություն ունեն:
ԲԱՍՄԱՋՅԱՆ – Մեկը ամուսնացած է, մյուսն ասեղնագործությամբ է զբաղվում:
ՆԱԽԱԳԱՀ – Դուք միշտ ձեր ծնողների հետ եք ապրել: Ձեր հայրը շենքի պահակ է: Լսեցիք, անշուշտ, հարցը, որ տվեցի Գյուզելյանին` ի՞նչ կարող եք ասել ձեր ընտանիքի անցյալի մասին: Սկսելով դեռեւս Հայաստանից: Ձեր նախնիները հայտնի դեպքերից տուժե՞լ են: Այդ հանգամանքո՞վ է մասամբ պայմանավորվում կամ բացատրվում ձեր զինվորագրվելը ԱՍԱԼԱ-ին: Ինչպե՞ս է ձեր ընտանիքն իրեն զգում Բեյրութում:
ԲԱՍՄԱՋՅԱՆ – Ես իմ ընտանիքում ապրել եմ մինչեւ տասնյոթը տարեկան դառնալս: Դեպքերը մեզ` ինձ ու քրոջս ստիպել են փոխադրվել Բուրջ Համուդ` հայկական թաղ…
Ես կարող եմ այսպես ներկայացնել իմ ընտանիքը` մեծ հայրս, ինչպես իր բոլոր եղբայրները, զոհ են գնացել ցեղասպանությանը, հայրս, որ յոթը տարեկան է եղել, պատահաբար կարողացել է փրկվել, բայց կրած զրկանքներից յոթը տարի անդամալուծվել է: Դեպքերի ժամանակ նա երեք ամսական է եղել, հաջորդ հինգ տարիներին այնպիսի զրկանքներ է կրել (անգամ ուտելու հաց չի գտել), որ մարմինը փայտացել է: Մեծ մայրս իր հերթին, աքսորի ճանապարհին, ջարդերի ժամանակ մի լքված երեխա է գտել, որդեգրել:
ՆԱԽԱԳԱՀ (թարգմանին – խմբ.) – Ինչո՞ւ նա այդքան քիչ է խոսում իր մասնագիտության մասին: Մանրամասնություններ չի ուզում հաղորդել, որովհետեւ այդ ամենը ԱՍԱԼԱ-ի՞ հետ է առնչվում: Արդյո՞ք նա, եթե կարելի է այդպես ասել, վարձատրվել է այն կազմակերպության կողմից, որին պատկանել է:
ԲԱՍՍԱՋՅԱՆ – Ես Բանակից գումար չեմ ստացել:
ՆԱԽԱԳԱՀ – Դժվար է պատկերացնել, որ նրա հայրը` շենքի պահակն է որդու ծախսերը հոգացել: Նա կարո՞ղ է մեզ պատմել իր անցած ուղու մասին:
ԹԱՐԳՄԱՆ – Ի հարկե, ԱՍԱԼԱ-ի շարքերն անցնելուց առաջ ես քաղաքական կուսակցության անդամ` դաշնակցական եմ եղել, սակայն, երբ տեսել եմ, թե ինչպես են հայ երիտասարդները զոհվում ազգային դատի համար, ինքս էլ եմ ցանկացել ռազմական կազմակերպության մաս կազմել:
ՆԱԽԱԳԱՀ – Հարցս այսպիսին է: Նա ի՞նչ է կարծում, եթե իրենք բնակվեին Միացյալ Նահանգներում, հենց թեկուզ ասենք Ֆրանսիայում, հնարավո՞ր էր, որ զինվորագրվեին նման` ինչ-որ տեղ ռազմական (իրենք են այդ բառն օգտագործում) միավորման: Ամենօրյա իրականությո՞ւնն է նպաստել նրանց ԱՍԱԼԱ-ի շարքերն անցնելուն: Եթե նրանք Լիբանանում` պատերազմող երկրում չլինեին, իր կարծիքով, ամեն ինչ այլ կերպ չէ ՞ր ընթանա:
ԹԱՐԳՄԱՆ – Կարծում եմ, որ ես կանդամակցեի նման կազմակերպության, քանի որ խնդիրը հայ ժողովրդին է վերաբերում:
ՆԱԽԱԳԱՀ – Այո´, բայց դիցուք ԱՍԱԼԱ-ն, ինչպես իրենք են ասում, իր քաղաքական ու ռազմական կառույցներով տեղակայված չլիներ հատկապես Լիբանանում կամ բոլորովին այլ բնույթ ունենար: Մի՞թե նրանք հանուն պայքարի կթողնեին իրենց ապրած երկիրը եւ կգնային, կհասնեին այնտեղ, որտեղ կլիներ համապատասխան սկզբունքներով գործող կազմակերպություն:
ԹԱՐԳՄԱՆ – Քանի որ Հայկական հարցը դեռեւս լուծված չէ, ի հարկե, ես ռազմական կազմակերպության շարքերն անցնելու որոշում կկայացնեի:
ՆԱԽԱԳԱՀ – Նույնիսկ, մի անգամ եւս, բնակավայրը թողնելու եւ այնտեղ տեղափոխվելու պայմանո՞վ, որտեղ կգտներ իր ցանկացած կազմակերպությունը:
ԹԱՐԳՄԱՆ – Ի հարկե´:
ՆԱԽԱԳԱՀ – Տիկնայք եւ պարոնայք երդվյալներ, Բասմաջյանին հարցեր ունե՞ք տալու:
ԻՆՆԵՐՈՐԴ ԵՐԴՎՅԱԼ – Պարոն Բասմաջյանը մեզ ավելի որոշակի կարո՞ղ է ընդհանուր գծերով ներկայացնել ԱՍԱԼԱ-ի գործունեությունն ու պահանջավորությունը:
ՆԱԽԱԳԱՀ – Որոշ բաներ արդեն ասվեցին: ԱՍԱԼԱ-ն, եթե չեմ սխալվում, Հայոց ցեղասպանության ընդունումն է, ԱՍԱԼԱ-ն, միաժամանակ, տարածքային պահանջ է, հայկական հողերի վերստացում, ԱՍԱԼԱ-ն, դասական կուսակցությունների` դաշնակցության, հնչակյանության, թերեւս կարելի է ավելացնել` նաեւ համայնավարության անարդյունավետության պատասխանն է:
Ընդհանուր առմամբ այդպես չէ ՞:
ՊԱՇՏՊԱՆ ԴԵՎԵՋՅԱՆ – ճիշտ այդպես է:
ՆԱԽԱԳԱՀ – Պարոն Գյուզելյանը մոտավորապես դա էր ասում:
ԻՆՆԵՐՈՐԴ ԵՐԴՎՅԱԼ – Ուրեմն, ԱԱԱԼԱ-ն իր ծրագրերն իրագործում է միմիայն ահաբեկչակա՞ն միջոցներով:
ՆԱԽԱԳԱՀ – Մի փոքրիկ դիտողություն` երեւի նկատեցիք, որ ես խուսափել եմ եւ պետք է խուսափել «ահաբեկիչ» բառն օգտագործելուց, որը չեմ սիրում: Ամեն ոք էլ մեկ ուրիշի նկատմամբ որոշակի պահի այս կամ այն չափով ահաբեկիչ է: Այժմ կան պետության ղեկավարներ, որոնք իրենց գործունեության որեւէ փուլում «ահաբեկիչ» են կոչվել:
ՊԱՇՏՊԱՆ ԴԵՎԵՋՅԱՆ – Շնորհակալ եմ ձեզնից:
ՆԱԽԱԳԱՀ – Սահմանափակվենք, ուրեմն, «բռնարարք» անվանելով:
ԹԱՐԳՄԱՆ – Նախ եւ առաջ մենք ահաբեկիչներ չենք: Աշխարհի ամեն ժողովուրդ իր տարածքներում իրավունք ունի ազատ ապրելու: Մենք` հայերս, կարծում ենք, որ վայելում ենք այդ տարրական իրավունքը: Հենց այս համոզումով ենք մենք մարտնչում:
ՊԱՇՏՊԱՆ ԴԵՎԵՋՅԱՆ – Տիկնայք եւ պարոնայք երդվյալներին կարելի է տեղեկացնել հետեւյալը` բոլորը գիտեն, որ գոյություն ունի երկու հայկական մեծ, ընդհատակյա կազմակերպություն, որոնք գաղտնի գործողություններ են կատարում, հետապնդվում են, առանձին անդամներ` ձերբակալվում: Մեկը «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներն» է, մյուսը` ԱՍԱԼԱ-ն: ճիշտ է, նրանք ներքին որոշ խնդիրներ ունեն, բայց ներկայացնում են հայկական ընդհատակյա զինված պայքարի երկու հիմնական թեւերը:
ՊԱՇՏՊԱՆ ԱՍԼԱՆՅԱՆ – Ծանոթության կարգով կուզեի տիկին երդվյալին տեղյակ պահել, որ դեռեւս նախագահ Վիլսոնն է հայկական տարածքային պահանջատիրությամբ զբաղվելու ցանկություն ի հայտ բերել: ԱՍԱԼԱ-ի մասին խոսելիս, մի կողմ թողնելով աստվածային ու սատանայական բոլոր գաղտնիքները, որոնց մասին ես ոչինչ չգիտեմ, պետք է նկատի ունենալ, որ այդ խմբավորումը միակն է, որ ակնհայտորեն բուռն գործունեություն է ծավալում: Ի հարկե, իմ կարծիքով հայկական ավանդական բոլոր կուսակցություններն էլ պահանջատիրության ձգտել են, բայց ջանքերը կարող են լինել ավել կամ պակաս արդյունավետ, ավել կամ պակաս տեսական ու գործնական: Ինչ վերաբերում է այս տղաներին, նրանք երդվյալ հավատավորներ են, այդ սկզբունքով էլ գործում են:

———————————

Լուսանկարում Արամ Բասմաջյանը եւ պատանդներից մեկը, ով մարտիկների խմբի քաղաքական պահանջներն է ներկայացնում ֆրանսիական ոստիկանությանը, 24 սեպտեմբեր 1981 թ., Փարիզ։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)