«Վան» գործողություն: Դատարանի Նախագահի հարցերը Հակոբ Ջուլֆայանին:

1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Ներկայացված նյութը վերցված է «Հայերի դատը Փարիզի երդվյալների ատյանում» գրքից, թարգմանիչ` Գրիգոր Ջանիկյան:

Դատարանի Նախագահի հարցերը Հակոբ Ջուլֆայանին

——————————————–

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Երեքշաբթի, 24-ը հունվարի 1984 թ.

ՆԱԽԱԳԱՀ – Ջուլֆայա´ն, ծնվել է 1960 թվականի ապրիլի 24-ին, Քուվեյթում:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Ես ծնվել եմ ապրիլի 24-ին, Քուվեյթում, եւ երբ երեք տարեկան եմ եղել, հայրս մահացել է ավտովթարից, որից հետո մենք վերջնականապես հաստատվել ենք Բեյրութում:
ՆԱԽԱԳԱՀ – Թեհրանով չե՞ք անցել:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Ո´չ:
ՆԱԽԱԳԱՀ – Ուրեմն, արձանագրության մեջ սխալ կա… Ընտանիքը տեղափոխվում է Բեյրութ, որտեղ եւ մայրը մահանում է 1970-ին:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – ճիշտ է:
ՆԱԽԱԳԱՀ – 1970-ին նա տասը տարեկան է եղել: Որբանալուց հետո ի՞նչ է արել, ընտանիքում ուրիշ այնպիսի անդամներ եղե՞լ են, որ զբաղվեն իրենով, թե՞ գիշերօթիկ է գնացել: Ինչպիսի՞ գիշերօթիկ, ի՞նչ կրթություն է ստացել:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – 1968 թվականին ինձ տեղավորել են մի դպրոց-որբանոցում, որը գտնվում է Անճարում` Բեյրութից դեպի արեւելք ընկած գյուղում, որտեղ եւ մնացել եմ մինչեւ 1979 թվականը: Ես այնտեղ եմ ստացել իմ տարրական եւ միջնակարգ, ավելի ճիշտ` միջնակարգ կրթության մի մասը, քանի որ բրեւեի աստիճան ուներ: Այդ տարիներին էլ հետաքրքրվել եմ հայ ժողովրդի պատմությամբ:
ՆԱԽԱԳԱՀ – Գիշերօթիկը հայկակա՞ն էր:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Այո´:
ՆԱԽԱԳԱՀ – Ուրեմն այնտեղ նա այնպիսի դաստիարակություն է ստացել, որն առնչվել է ազգային պատմությանը:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Ի հարկե: Իմ ուսումնառության ամբողջ ընթացքում ես զուգահեռաբար ուսումնասիրել եմ մեր ժողովրդի պատմությունը, եւ ամռանը` դպրոցական արձակուրդներին, երբ Բեյրութ եմ գնացել, իմ բարեկամների կամ ծանոթների տներում ծերունիներն ինձ պատմել են, թե ինչու ենք հայտնվել Լիբանանում, ինչն է մեզ ստիպել արտագաղթել:
ՆԱԽԱԳԱՀ – Արդյո՞ք իր ընտանիքի անդամները` նախորդ սերունդը, բացի արտագաղթից, դեպքերի ժամանակ, մասնավորապես 1915-ին կամ 1917-ին, ֆիզիկապես տառապել են:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Այդ կապակցությամբ կարող եմ ասել միայն, որ ես շատ քիչ եմ տեսել պապիս, բայց նա ինձ պատմել է, թե ինչ պայմաններում են կոտորվել մեր ընտանիքի մյուս անդամները: Մեծ հայրս ամենայն մանրամասնությամբ հիշում էր, թե ինչպես են թուրքերը մերոնց քշել տներից, սպանել նրանց, ովքեր դեռեւս ողջ են եղել, ու հափշտակել մեր հողերը:
ՆԱԽԱԳԱՀ – Արդյոք նա՞ էլ է մյուսների ուղիով ընթացել` սկզբում անդամակցել է փոքր-ինչ ավելի ավանդական կուսակցությունների, որպեսզի, ասենք, հետագայում կողմնորոշումը փոխի եւ նախընտրի զինվորագրվել ԱՍԱԼԱ-ին: Ամեն ինչ նույն ձեւո՞վ է եղել:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Ես ոչ մի ավանդական կուսակցության չեմ անդամակցել: Ինքս, սեփական նախաձեռնությամբ, ընտրել եմ ԱՍԱԼԱ-ն:
ՆԱԽԱԳԱՀ – Գտնո՞ւմ է, որ տիկնայք եւ պարոնայք երդվյալներին հետաքրքրող այլ հաղորդումներ կարող է անել:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Ես ուզում եմ հայտարարել հետեւյալը. ինչպես Լիբանանի մյուս համայնքները, լիբանանահայությունը նույնպես, քանի որ երկիրը պատերազմական իրավիճակում էր գտնվում, ստիպված էր ինքնապաշտպանության դիմել: Համայնքի հալածանքների ազդանշանը Բիկֆայայի Եղեռնի զոհերի հուշարձանի ռմբահարումը դարձավ, որը կատարվեց 1978 թվականին: Այդ հուշարձանը հայ ճարտարապետները կառուցել էին ի հիշատակ 1915-ին նահատակված մեկ ու կես միլիոն հայերի: Բացի դրանից, լիբանանյան պատերազմի ընթացքում բազմաթիվ հայ երիտասարդների առեւանգում, դիակներն էին հարազատներին վերադարձնում:
ՆԱԽԱԳԱՀ – Ովքե՞ր էին առեւանգում:
ՋՈՒԼՖԱՅԱՆ – Նախընտրում եմ ասել` «օտար ուժերը»:
ՆԱԽԱԳԱՀ – Տիկնայք եւ պարոնայք երդվյալներ, պարոն Ջուլֆայանին տալու ուրիշ հարցեր ունե՞ք:
ԻՆՆԵՐՈՐԴ ԵՐԴՎՅԱԼ – Պարոն նախագա´հ, այն, որ պարոն Ջուլֆայանն ընկերների հետ ցանկացել եւ որոշել է զինված գործողություն ձեռնարկել թուրքական հյուպատոսարանի դեմ, այս կամ այն կերպ հնարավոր է ընկալել, բայց ինքը կարո՞ղ է մեզ բացատրել, թե ինչո՞ւ է հատկապես այդ վայրում նման քայլի դիմել:
ՊԱՇՏՊԱՆ ԱՍԼԱՆՅԱՆ – Իր հայտարարության մեջ, անկախ այն բանից, իրավացի՞ է, թե՞ ոչ, Գյուզելյանը շեշտել է, որ Թուրքիայի հյուպատոսարանը համարում է թուրքական տարածք, իրավասություն:

——————————————–

Լուսանկարում Հակոբ Ջուլֆայանն է մարտախմբի ընկերների՝ Գեւորգ Գյուզելյանի եւ Արամ Բասմաջյանի հետ, սեպտեմբեր 1981 թ., Բեյրութ։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)