Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքի խախտման համար

Սիրիայի շուրջ իրավիճակի սրումն ավերիչ ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա. Պուտին

12:09 • 14.04.18

ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը, առանց Անվտանգության խորհրդի թույլտվության։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինն ասել է, որ իր գործողություններով ԱՄՆ-ն տառապանք է պատճառում խաղաղ բնակչությանը։ Նա նաև ընդգծել է, որ արևմտյան երկրները սկսեցին ռազմական գործողությունը՝ չսպասելով սիրիական Դումայում ենթադրյալ քիմհարձակման հետաքննության արդյունքներին։

ՌԴ նախագահը նշել է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի սրումն ավերիչ ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիային այս գիշեր հասցված հարվածներն անհետևանք չեն մնա, Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է։

tert.am

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)