Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիային ուղղված հարվածը «շատ տեղին» է անվանել

11:06 • 14.04.18

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու գործողության առիթով, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիայի դեմ հարվածն անվանել է «շատ տեղին» և նշել, որ Դումայում քիմիական հարձակումից հետո «այս ռազմական գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի արտահայտումը»։

«Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, այս գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի լեզուն՝ Դումայում իրականացված հանցանքի դեմ, որի վերաբերյալ լրջագույն կասկածներ կան Ասադի ռեժիմի կողմից իրականացված լինելու առումով», – նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։

tert.am

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)