Բացի Արցախից՝ չկա չճանաչված այլ պետություն, որը հայտարարել է ՄԻ ազգային ռազմավարություն ունենալու մասին. Արցախի ՄԻՊ

20:42 • 02.01.18

2017 թվականին Արցախի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արված փոփոխությունների, վիճակագրության և 2018-ի անելիքների մասին Tert.am-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

 

-Պարոն Մելիքյան, 2017 թվականին ի՞նչ է արվել Ձեր ղեկավարած ոլորտում, և ո՞րն եք համարում ՄԻՊ-ի ձեռքբերումը:

-2017 թվականը նախ սահմանադրական բարեփոխումների, ապա դրանցից բխող օրենսդրական բարեփոխումների տարի էր: Արցախում սահմանադրությունն ընդունելուց հետո առաջին օրենքներից մեկը, որ ներկայացվեց խորհրդարանին և դեկտեմբերի 21-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքն էր: Այն սկզբունքորեն տարբերվում է գործող օրենքից: Այստեղ մի քանի կարևոր կետեր կան, որոնցից առաջինն ինստիտուտի անկախության երաշխիքների ընդարձակումն է, երկրորդը՝ նոր գործիքակազմը, երրորդը՝ նոր ոլորտների ընդգրկումը, չորրորդը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ մեր գործառույթների սահմանումն է, և հինգերորդը՝ մեր աշխատակազմի ներքին կառուցվածքի բարելավումը: Մենք հույս ունենք, որ 2018 թվականին այն արդեն կիրառության մեջ կդրվի, և նոր օրենքով մենք շատ ավելի ակտիվ կկարողանանք գործել տարբեր ուղղություններով։

-Պարոն Մելիքյան, Արցախում վիճակագրություն կազմվո՞ւմ է, թե որ ոլորտում են ավելի շատ խախտվում մարդու իրավունքները, և ո՞ր ոլորտներն են դրանք:

-Իհարկե, մենք ունենք վիճակագրություն մեր դիմումների մասով, և այդ վիճակագրությունը հրապարակվում է տարեկան զեկույցում: Կարող եմ նշել, որ մեր դիմումները տարիների ընթացքում մոտավորապես նույն դինամիկայի մեջ են և օրինակ, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելին են սոցիալական ոլորտի դիմումները:

-Պարոն Մելիքյան, այս տարի Արցախի հետ կապված միջազգային սկանդալ գրանցվեց, դա բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքն էր, և համեմատականներ էին տարվում Արցախում և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության աստիճանների վերաբերյալ, համեմատականները հօգուտ Արցախի էին: Այստեղից Արցախն ինչ-որ բան շահե՞ց միջազգային ասպարեզում:

-Նախ ինչ-որ բան շահել կամ չշահելու տեսանկյունից պետք է մենք առաջին հերթին նկատի ունենանք իրականությունը, որը սկզբունքորեն տարբերվում է Ադրբեջանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Լինելով չճանաչված պետություն՝ Արցախը կամավոր բազմաթիվ հանձնառություններ է ստանձնում, և դա ևս մեծ հնարավորություն է տալիս գործադիր իշխանության հետ հարաբերություններում ավելի ակտիվ լինել, որովհետև Արցախը բացարձակ ինքնուրույնաբար է ստանձնում պարտավորությունները: Ճանաչված պետությունները միջազգային սերտ հարաբերություններից ելնելով են ստանձնում այդ պարտականությունները, Արցախը՝ կամավոր: Օրինակ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքն ամենևին պարտադիր չէր, որ ՄԻՊ-ի գործառույթները համալրեր, այսպես կոչված, կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներով, որը միջազգային պայմանագրի՝ Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային կից երկրորդ լրացուցիչ արձանագրության իրացումն է: Մենք չենք վավերացրել այդ արձանագրությունը, բայց ըստ էության արձանագրության բոլոր պահանջները ձևակերպված են ՄԻՊ-ի մասին օրենքում՝ որպես ՄԻՊ-ի լիազորություններ: Այսինքն՝ Արցախն այս ուղղությամբ տարբեր մակարդակներում, իր տարբեր գործիքակազմերում քայլեր է կատարում:

Անդրադառնալով Լապշինի դեպքին՝ նախ Արցախն ու Ադրբեջանն ունեն իրական տարբերություն: Բացի այդ, մեր խնդիրն է այդ իրական տարբերությունը հնարավորինս ավելի մեծ չափով և հնարավորինս ավելի մեծ տարածմամբ ներկայացնել գլոբալ իրավապաշտպան հանրությանը, և մենք փորձում ենք դա անել մեր գործընկերների հետ միասին: Այստեղ նաև փոփոխություն եղավ հենց Լապշինի շնորհիվ: Բանն այն էր, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտմանն ուղղված քայլերը վնասեցին հենց իրենց:

-Արցախի ՄԻՊ-ի համագործակցության շրջանակն ընդլայնվո՞ւմ է, ի՞նչ աշխատանքներ են կատարվել և կատարվում այդ ուղղությամբ:

-Մենք այդ ուղղությամբ ակտիվորեն ենք աշխատում, ես հատուկ ընդգծում եմ հայկական սփյուռքի հետ մեր համագործակցության ձևաչափերը, որն արդեն բազմաթիվ լավ արդյունքներ է տվել: Օրինակ այն, որ Արցախի պետական համալսարանում ԵՊՀ և ԱՄՆ հայ փաստաբանների միության հետ համագործակցությամբ ձևավորվեց իրավաբանական կլինիկա, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար, այստեղ ևս Սփյուռքն իր դերն ուներ, և ինչ-որ չափով նաև իմ այցելությունների, շփումների, փոխադարձ պայմանավորվածությունների դրսևորումն էր: Սփյուռքի շատ այլ կառույցների հետ ակտիվ աշխատանք ենք տարել, ես հատկապես կկարևորեի Սփյուռքի մասնագիտական կառույցների հետ աշխատանքը։ Ինչ վերաբերվում է միջազգային իրավապաշտպան հանրությանը, ապա այստեղ մենք ևս ունենք որոշակի հաջողություններ, մասնավորապես՝ կոնտակտներ ենք ձևավորել շատ կառույցների հետ և փորձելու ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ տրամադրվածություն ունեք 2018-ին, և ՄԻ ոլորտում ամենաշատն ի՞նչ է պետք արցախցու համար:

-Շատ դրական տրամադրվածությամբ ենք դիմավորել 2018-ը, շատ աշխատանք կա կատարելու, ինչպես նշեցի՝ նոր օրենք է ուժի մեջ մտնելու, դրանով պայմանավորված՝ մեծածավալ աշխատանքներ կան: 2017-ին մեր բարձրացրած խնդիրը մասնավորապես ՄԻ ազգային ռազմավարություն ունենալն էր, իսկ այն տեղ գտավ 2017-2020 թթ. ԱՀ Նախագահի ծրագրում: Այդ ուղղվածությամբ կաշխատենք, որպեսզի եթե ոչ 2018-ին, ապա մոտ ապագայում ունենանք մարդու իրավունքների ազգային ռազմավարություն: Սա շատ սկզբունքային հարց է, և ինձ հայտնի չէ որևէ չճանաչված պետություն, որն ունեցել և իրացրել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարություն:

 

Բեթղեհեմ Արաբյան

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)