ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան տեղյակ են եղել Քիրքուքի գործողության մասին. Բարզանի

19:37 • 08.11.17

Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Քիրքուքում քրդական ուժերի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունից տեղյակ են եղել և՛ ԱՄՆ-ն, և՛ Մեծ Բրիտանիան: Բարզանին նաև շեշտել է, որ Քիրքուքի գործողությունը ղեկավարել է Իրանի Իսլամական հանրապետությունը:

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Բարզանին նշել է, որ իր նախաձեռնած անկախության հանրաքվեով ինքն անկախ ամեն ինչից ապահովագրել է քուրդ ժողովրդի ապագան:

«Կարևորը, որ ժողովրդի 93 տոկոսը կողմ քվերակեց: Այո, հանրաքվեից հետո որոշ դժվարություններ եղան, բայց դա չի նշանակում, որ քրդերը պարտվել են», – ասել է Բարզանին:

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):

Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

http://www.tert.am/am/news/2017/11/08/kirkuk/2534168

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)