Թուրքական ավանդական ցեղասպան մեքենան, քաղաքակիրթ հորջորջվող վաշխառու, աշխարհակալ ուժերի օրհնությամբ, դարձյալ գործի է դրել 100 տարի առաջ հայերի, հույների, ասորիների, եզդիների, արաբների, մոլոկանների և բնիկ այլ ժողովուրդների բնաջնջման իր գործելակերպը…
Առաջին համաշխարհայինի օրերին, երբ հայ ժողովրդի դեմ ողջ ցինիզմով գործի դրվեց ցեղասպան անբարո համակարգը, որպես ողջախոհության քաղաքակրթական բռնկում՝ վեր հառնեց վիլսոնյան իրավարար վճիռը, որը, ինչպես այսօր, բախվեց համաշխարհային խավարը տնօրինող դավադիր ծրագրերին։ Այն ժամանակ խեղդելով մարդու հանդեպ արդարության ու խղճի ճիչը, այսօր այդ 150 – ամյա ցեղասպան մեքանայի անբարո գործելակերպը վերաճել է գոյաբանական խնդրի, մարդկության դեմ քաղաքակրթական բացահայտ պատերազմի։
Ինչպես Հռոմի Պապն է նշում, աշխարհի այդ «հին ու խորաթափանց խաղացողը՝ սատանան այսօր նոր գործիքներ է ձեռք բերել և մշակել նոր գործելակերպ»։ «Գենոցիդին» համադրվել է «կուլտուրոցիդը», «անտրոպոցիդը»… Ինչպես նաև՝ «պատրիոցիդը»… Վերջինս իրականացվում է իր ողջ բազմադեմությամբ. մարդուն զրկելով ոչ միայն իր կենսատարածքում ապրելու բնականոն իրավունքից, այլև հենց իր Հայրենիքում ոչնչացնելով Հայրենիք հասկացության բուն էությունը։
Ինչպես ողջ բազմադարյա պատմության ընթացքում, այնպես էլ այսօր, հայ ժողովուրդը դաժանագույն փորձությունների է ենթարկվում, քանի որ եղել և հարատևել է որպես քաղաքակրթության օրրան և պահապան, որպես քաղաքակրթություններ կամրջող ազգ:
Հայոց առջև ծառացած աղետալի սպառնալիքները կասեցնելու թերևս միակ հնարավորությունը՝ Նոր քաղաքակրթական համակարգի մունետիկը լինելու մեր պատմական առաքելությանն ապավինելն է։ Այսօր էլ այդ հարցում մեր գլխավոր կռվաններից է «վիլսոնյան իրավարար վճիռը», ինչի իրկանացումը այսօր արդեն համամարդկային նշանակություն ունի։
Պահը պատմական է… Ճակատագրական…
Կոչ ենք անում անհապաղ միասնական ճակատ կազմելով մեկտեղել մեր ուժերը, հանուն Հայրենատիրության, հանուն մարդկության փրկության, հանուն մարդու մեջ մարդու փրկության, հանուն Նոր մարդակենտրոն քաղաքակրթական համակարգի… որպես հակադարձում մեզ անբարո դասեր տվող քաղաքակիրթ հորջորջվող աշխարհի, հանուն իրենց իսկ փրկության, այլապես համաշխարհային անտրոպոցիդ համակարգը դառնում է իրողության տերը։ Միայն համայն ժողովուրդների ամբարած իմաստությաբ կարող ենք կասեցնել այս կառավարվող քաոսի աղետաբեր ընթացքը։
Կոչ ենք ուղղում համաշխարհային հանրությանը երկխոսություն ապահովելու համար ձևավորել քաղաքակրթությունների, կրոնների և մշակույթների միջև նոր, արդյունավետ մեխանիզմներ, դիմագրավելու մեր օրերի ահագնացող, մարդակործան ժանտախտը։
Կոչո՛ւմ ենք և պահանջո՛ւմ…
Համահայկական մտավորականության՝ «12-ի ԽՈՐՀՈՒՐԴ», «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
16.12.2021