ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերեալ – (11.12.2016)
(2-րդ մաս)
(Հոդվածը պատրաստվել է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին։ 2019 թ․ հոկտեմբերին եւ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւեր ընդունեցին։)
Թւում է, թէ Հայկական Հարցի լուծման վերաբերեալ ԱՄՆ-ի դիրքորոշման հիմքը պէտք է կազմեր ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի 22 նոյեմբեր 1920 թ. կայացրած Իրաւարար վճիռը: Սակայն, Հայկական Հարցի լուծման վերաբերեալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, մինչեւ վերջերս, դա Եւրոպական պառլամենտի բանաձեւի բովանդակութեան ու յօդուածների գործնական իրականացումն է Մերձաւոր Արեւելքում մի փոքր հաւելումով այն իմաստով, որ Արարատ լեռն ու Անի հնաբոյր մայրաքաղաքը ենթադրւում է, որ անցնելու են Հայաստանի Հանրապետութեանը:
ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի եւ Մերձաւորարեւելեան խնդիրների վերաբերեալ ներկայացուած է վերջին տասնամեակներում հրապարակուած տարբեր յօդուածներում: Դրանցից մէկը ԱՄՆ բանակի պաշտօնաթող սպայ Ռալֆ Պիտերսի «Մերձաւոր Արեւելքի նոր քարտէզը ըստ արիւնակցական կապերի եւ հաւատի նմանութիւնների» յօդուածն է ու կից քարտէզը, որն առաւել ամբողջական է արտայայտում ԱՄՆ իշխանութիւնների վերաբերմունքը վերոնշեալ խնդիրների վերաբերեալ (1):
Հայկական պահանջատիրութեան եւ իրաւունքների մասով յօդուածում մասնաւորապէս ասուած է. «Իսկ մի սարսափելի չարագործութիւն, ինչպիսին է հայերի հանդէպ հոգեւարքի մէջ գտնուող Օսմանեան կայսրութեան իրականացրած ցեղասպանութիւնը, երբեք չի կարող փոխհատուցուել տարածքային նուիրատուութեամբ»:
Միանգամից աչքի է զարնում այս ձեւակերպման նմանութիւնը Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2-րդ յօդուածի երկրորդ պարբերութեանը, որտեղ յիշեցնենք նշուած է.
«Եւրոպական պառլամենտը…
«Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարուել Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան ողբերգութեան համար եւ ամենայն հաստատակամութեամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձութիւնների ճանաչումը որպէս ցեղասպանութիւն` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրաւական կամ նիւթական որեւէ պահանջի այսօրուայ Թուրքիայի նկատմամբ» (2):
Ահա թէ ինչու, 2009 թ. հոկտեմբերին, երբ Շուեյցարիայում նախաստորագրւում էին Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յայտնի եւ այնքան աղմուկ հանած արձանագրութիւնները` այլ պաշտօնատար անձանց շարքին ներկայ էր նաեւ ԱՄՆ պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ճիշտ է, որպէս հաւելում` Ռալֆ Պիտերսի քարտէզում նշուած է, որ Արարատ լեռն ու Անի հնաբոյր մայրաքաղաքը անցնելու են Հայաստանի Հանրապետութեանը, ինչպէս նաեւ տեւական ժամանակ է, ինչ խօսւում է այն մասին, թէ ամերիկեան քաղաքական շրջանակներում քննարկւում է իսլամացած հայերի գործօնը տարածաշրջանում: Նկատենք նաեւ, որ 2012 թ. փետրուարից սկսած ամերիկեան պետական շրջանակներում հնչում են ելոյթներ ի պաշտպանութիւն Սիրիայի ու Մերձաւոր Արեւելքի հայութեան (3,4):
Սակայն միեւնոյնն է, տեսանելի է, որ այս կարգի դիրքորոշումները նոյնպէս չեն արտայայտում Հայկական Հարցի լուծման թղթածրարի իրաւական – քաղաքական ամբողջական եւ իրական բովանդակութիւնը:
Այնպէս որ այստեղ եւս ստիպուած ենք կրկնելու, որ Հայկական Հարցի լուծման ուղղութեամբ 1918-20 թթ. արդէն իսկ ընդունուել են որոշումներ, այդ թւում` Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին, 11 յունուար 1918 թ.), Հայաստան պետութեան անկախութեան դէ ֆակտոյ (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ` Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից (19 յունուար 1920 թ.) եւ դէ իւրէ (de jure) ճանաչումը Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղութեան պայմանագրի Հայաստանին վերաբերող յօդուածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն յետագայում շրջանցուել ու մոռացութեան են մատնուել Եւրոպական պետութիւնների ու նրանց կառոյցների կողմից (5):
Ուստի, Հայոց իրաւունքների պաշտպանութեան խնդիրներում պէտք է նկատի ունենալ, որ այս դաշտում եւս հսկայածաւալ աշխատանք կայ կատարելու, նաեւ ամերիկեան պետական շրջանակներին յիշեցնելու համար ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի (ինչպէս նաեւ այլ որոշումների) արծարծման ու իրականացման կարեւորութիւնը հայութեան կեանքում, դրանով նոյնպէս նպաստելու համար կայուն խաղաղութեան ու համագործակցութեան հաստատմանը Մերձաւոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:
(Շարունակելի` «Ռուսաստանի Դաշնութեան դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերեալ»)
Տես, Եւրոպական պառլամենտի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 յունիս 1987 թ., «ուխտ Արարատիէ պարբերական, թիւ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 10-11:
Տես, ԱՄՆ Կոնգրէսը ցանկանում է օգնել սիրիահայերին, 02.08.2012 թ., Azatutyun.am:
Տես, Կոնգրէսականը կոչ է անում պաշտպանել սիրիահայերին, 10.08.2012 թ., Azatutyun.am:
Տես, «Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու՝ հայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական հետեւյալ կայքերում https://gov-wa.nt.am/ , http://parliament-wa.info/ , Իրավական փաթեթ բաժնում։
———————
Աղբիւրը` IA REX — Միջազգային փորձագիտական հանրութիւն կայք —