Եւրամիութեան դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերեալ – (10.12.2016)

 

(1-ին մաս)

Հայկական Հարցի լուծման վերաբերեալ Եւրամիութեան դիրքորոշումը, բնականաբար այդ թւում եւ Եւրամիութեանը մաս կազմող երկրների, մինչեւ վերջերս, արտայայտւում էր Եւրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի բովանդակութեան ու յօդուածների շրջանակներում (18 յունիս 1987 թ.) (1):

Գործածում ենք «մինչեւ վերջերս» բառակապակցութիւնն այն նկատառումով, որ վերջին ժամանակահատուածում կարող էին ի յայտ գալ նոր դիրքորոշումներ: Իսկ եթէ դրանք, այնուհանդերձ, ի յայտ չեն եկել տակաւին, ապա մեր խնդիրն է հասնել նրան, որ ի նպաստ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման, դրանք ի յայտ գան Եւրոպական պառլամենտի (եւ ոչ միայն Եւրախորհրդարանի) դիրքորոշումներում:

Հայերի ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման Եւրոպական պետութիւնների որոշումներում հիմնականում նշւում են Հայերի ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, բայց ոչ հատուցման հարցերը, ի տարբերութիւն օրինակ` Բոլիւիայի խորհրդարանի երկու պալատների ճանաչման ու դատապարտման բանաձեւի, որտեղ նշւում է ոչ միայն հատուցման, այլեւ այդ հարցում հայ ժողովրդին Բոլիւիայի անվերապահ աջակցութեան մասին, քանի որ Բոլիւիան, ինչպէս նաեւ Եգիպտոսը, սահմանափակուած չեն Եւրոպական պառլամենտի ընդունած բանաձեւի շրջանակներում (2):

Եւրոպական պառլամենտի վերոյիշեալ բանաձեւում Հայկական Հարցի քաղաքական լուծման Եւրոպական հայեցակարգը շարադրուած է հետեւեալ կերպ.

այ) Հայերի կոտորածն ու բռնագաղթը, որ տեղի է ունեցել 1915-1917 թթ., որակւում է որպէս ցեղասպանութիւն համաձայն` ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնուենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.),

բ) հաշուի առնելով, որ տեղի է ունեցել ցեղասպանութիւն, ներկայի Թուրքայի Հանրապետութիւնը պարտաւոր է ճանաչել ցեղասպանութիւնը, սակայն առանց դրա համար հատուցման որեւէ հետեւանքի,

գ) եւ երրորդ, Հայկական Հարցի լուծումը Թուրքիայի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների իրաւունքների, դրանց վերականգման ու իրականացման հարց է, այդպիսի կարգավիճակ ունի:

Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2 յօդուածի առաջին պարբերութեան մէջ նշուած է. «Եւրոպական պառլամենտը…

Գտնում Է, որ ողբերգական իրադարձութիւնները, որ տեղի ունեցան 1915-1917 թուականներին Օսմանեան կայսրութեան տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանութիւն, համաձայն «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնուենցիայի, ընդունուած ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլէայի կողմից 1948 թուականի դեկտեմբերի 9-ին»:

Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2 յօդուածի երկրորդ պարբերութեան մէջ գրուած է.

«Եւրոպական պառլամենտը…

Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարուել Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան ողբերգութեան համար եւ ամենայն հաստատակամութեամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձութիւնների ճանաչումը որպէս ցեղասպանութիւն` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրաւական կամ նիւթական որեւէ պահանջի այսօրուայ Թուրքիայի նկատմամբ»:

Բանաձեւի 5-րդ յօդուածում փոքրամասնութիւնների իրաւունքների մակարդակին իջեցուած պարբերութիւնը (պարբերութիւններից մէկը, եթէ ոչ գլխաւորը) ձեւակերպուած է այսպէս.

«Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգութիւնը, միանում է ազգային ինքնատիպութիւնը զարգացնելու նրա ցանկութեանը, երաշխաւորելու իր իրաւունքները որպէս փոքրամասնութիւն եւ անարգել օգտուելու մարդու եւ քաղաքացիների իրաւունքներից, ինչպէս որ դրանք սահմանուած են Մարդու Իրաւունքների Եւրոպական Կոնուենցիայի դրոյթներում ու նրա համապատասխան արձանագրութիւններում»:

Այսինքն, այդ ամէնը յանգեցւում է երկխօսութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան մէջ փոքրամասնութիւնների` հայերի եւ այլ ազգերի, իրաւունքներին, ինչպէս նշուած է նաեւ բանաձեւի 3-րդ եւ 4-րդ յօդուածներում.

«3. Պահանջում է (Եւրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարութեան վրայ, որպէսզի վերջինս ճանաչի 1915-1917 թուականների հայերի հանդէպ կազմակերպուած ցեղասպանութիւնը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխօսութեան հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազօր պատուիրակների միջեւ:

  1. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դէմ անցեալում երիտթուրքական կառավարութեան կողմից գործադրած ցեղասպանութեան մերժումը ներկայիս թուրքական կառավարութեան կողմից, Յունաստանի հետ գոյութիւն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրաւական նորմերի կիրառումից հրաժարումը, Կիպրոսումթուրքական օկուպացիոն զօրքերի պահպանումը, ինչպէս նաեւ քրդական իրադարձութիւնների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտար դեմոկրատիայի բացակայութիւնը, անհատական, հասարակական ու յատկապէս կրօնական ազատութիւնների ոտնահարումը` այս ամէնը հանդիսանում են անյաղթահարելի արգելքներ Եւրոպական Տնտեսական Համագործակցութեան կազմի մէջ Թուրքիայի հնարաւոր ընդունման հարցի քննարկման համար»:

Աւելորդ չէ ասել, որ դեռեւս 1987 թ. յունիսի 18-ին ընդունուած այս դիրքորոշումը չի համապատասխանում Հայկական Հարցի լուծման իրաւական – քաղաքական բովանդակութեանն ու սկզբունքներին, յատկապէս, եթէ նկատի առնուի, որ Հայկական Հարցի լուծման ուղղութեամբ 1918-20 թթ. արդէն իսկ ընդունուել են որոշումներ, այդ թւում` Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին», 11 յունուար 1918 թ.), Հայաստան պետութեան անկախութեան դէ ֆակտոյ (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ` Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից (19 յունուար 1920 թ.) եւ դէ իւրէ (de jure) ճանաչումը Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղութեան պայմանագրի Հայաստանին վերաբերող յօդուածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն յետագայում շրջանցուել ու մոռացութեան են մատնուել Եւրոպական պետութիւնների ու նրանց կառոյցների կողմից (3):

Աւելին, մեր ժամանակներում, երբ համեմատում ենք Եւրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը եւ Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութայն միջեւ նախաստորագրուած արձանագրութիւնները, համոզւում ենք, որ արձանագրութիւնները նոյնութեամբ կրկնում են բանաձեւի ձեւակերպումները եւ իրաւական, քաղաքական ու բովանդակային իմաստով կազմում են բանաձեւի շարունակութիւնը (4):

Հետեւաբար, այս փաստերից մեկնած, պէտք է ասել, որ այն հայկական կառոյցներն ու կազմակերպութիւնները, որոնք յաւակնում են Հայոց իրաւունքները պաշտպանել Եւրախորհրդարանի եւ կամ Եւրոպական այլ կառոյցների հետ համագործակցութեան միջոցով, պէտք է յստակ պատկերացնեն, որ դրանք չեն ներկայացնում Հայկական Հարցի եւ Հայոց իրաւունքների պաշտպանութեան իրական պատկերը եւ, ըստ այդմ, պէտք է իմանան, որ խնդիր ունեն Եւրախորհրդարանի եւ Եւրոպական այլ կառոյցների դիրքորոշման մէջ փոփոխութիւն իրականացնել: Այլ կերպ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման հնարաւոր չէ յանգել եւ շատ աւելի հաւանական է կցորդ դառնալ այդ կառոյցների ժամանակակից քաղաքականութեան, որ իրականացւում է Մերձաւոր Արեւելքում եւ որը ամենեւին չի բխում տարածաշրջանի ժողովուրդների ու պետութիւնների անվտանգութեան ու իրաւունքների շահերից (5):

Ամէն կերպ պէտք է խուսափել կցորդի կարգավիճակում յայտնուելու բախտից եւ գնալ Հայոց բոլոր իրաւունքների պաշտպանութեան ճանապարհով եւ դրա նկատմամբ պետութիւնների, կողմերի ու կառոյցների դիրքորոշման փոփոխութեան ու ճշգրտման` այնպէս, ինչպէս դա պահանջում է Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման վերոնշեալ թղթածրարի իրաւական – քաղաքական բովանդակութիւնը (6):

(Շարունակելի` «ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերեալ»)

Տիգրան Փաշաբեզեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

10.12.2016 թ.

 

——————

Ծանօթագրութիւն

  1. Տես, Եւրոպական պառլամենտի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 յունիս 1987 թ., «Ուխտ Արարատի» պարբերական, թիւ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 10-11:

  2. Տես, Բոլիւիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հաւատարմութիւնը մարդու իրաւունքներին, ճշմարտութեան եւ արդարութեան արժէքներին, արտայայտում են իրենց զօրակցութիւնը եւ դատապարտում Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի դէմ իրականացուած մարդկային ծանր յանցագործութեան ժխտողականութեան քաղաքականութիւնը»: 21.04.2015 թ., Orer.am:

  3. Տես, «Հայերի ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ռազմավարութեան մասին», 19.10.2014 թ.:

  4. Տես, Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ նախաստորագրուած արձանագրութիւններ, «Ուխտ Արարատի» պարբերական, թիւ 2 (18), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2009 թ., էջ 8-9:

  5. Տես, HDP Եւրոպայի ներկայացուցչութէան կեդրոնին մէջ 17 նոյեմբերին հանդիպում տեղի ունեցած է Արեւմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) պատուիրակութէան եւ Ժողովուրդներու Դեմոկրատական Կ’ուսակցութէան (HDP-ի) ղեկավարութէան եւ Եւրոպայի կառոյցի ներկայացուցիչներուն միջեւ, 17.11.2016 թ., Arevelk.am: (Արեւմտահայոց Ազգային Համագումարը (ԱԱՀ) պէտք չէ շփոթել Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի (ԱՀԱԽ) հետ, հիմնուած Շուշիում 2004 թ. – հեղ.)

  6. Տես, «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու՝ հայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական կայքերում՝ https://gov-wa.nt.am/ , http://parliament-wa.info/ , Իրավական փաթեթ բաժնում։

——————

Աղբիւրը` IA REX – Միջազգային փորձագիտական հանրութիւն կայք –

http://www.iarex.ru/articles/53361.html

 

——————

Թարգմանութիւնը արեւելահայերէնէ՝ Սալբի Տ, «Լուսաւոր Աւետիս» Լրատուական կայք

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)