Ահաբեկչությո՞ւն, թե՞ ազատագրական պայքար
Մարդը մարդուն սպանել, ոչնչացրել է մարդկային հասարակության գոյության բոլոր ժամանակաշրջաններում՝ սկսած նախնադարից մինչեւ մեր օրերը: Սպանությունների եւ ոչնչացումների պատճառները լինում են երկու տեսակի՝ արդարացի եւ անարդար: Չարին ոչնչացնելը ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ անհրաժեշտ է: Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր աշխարհի հետ, եթե չոչնչացվեր ֆաշիզմը: Սակայն եթե ոչնչացման պատճառները խմբավորել հնարավոր է, ապա եղանակները՝ ոչ: Պատերազմ, զինված ապստամբություն, զանգվածային բնաջնջման միջոցների օգտագործում, պարտիզանական կռիվներ, ահաբեկչություն եւ այլն: Ոչնչացման եղանակները ինքնին արդարացի կամ անարդար լինել չեն կարող: Այստեղ որոշիչը նպատակն է՝ ընդունելի են այն միջոցները, եղանակները, որոնք հետապնդում են արդար նպատակներ եւ անընդունելի, դատապարտելի այնպիսիները, որոնք լուծում են չարագործ խնդիրներ:
Դրա համար էլ բռնության այս կամ այն եղանակի արդարացումն ու մյուսների բացառումը ինքնին ճիշտ չէ:
Եթե կա արդարացի պատերազմ, ինչո՞ւ չի կարող լինել նաեւ արդարացի պարտիզանական կռիվ կամ ահաբեկչություն: Ով խնդրի չափանիշ համարում է ոչնչացված մարդկային կյանքերի թիվը, ապա թող հիշի, որ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերը խլեցին 70 միլիոն մարդկային կյանք՝ ավելի շատ, քան ոչնչացման մյուս բոլոր եղանակները մարդկության պատմության ամբողջ ընթացքում: Ուրեմն, ինչո՞ւ կարելի է հակահիտլերյան բլոկի մղած պատերազմը համարել արդար, իսկ, օրինակ, Պաղեստինի ժողովրդի մաքառումները սեփական ինքնիշխան հայրենիք ունենալու համար՝ անթույլատրելի ահաբեկչություն: Ինչո՞ւ է օրինականացվում թուրքական բռնապետությունը քրդերի վրա, եւ դատապարտվում 35 միլիոն քրդության պայքարը ազատ, անկախ Քրդստանի համար:
Դժբախտաբար պայքարի եղանակների գնահատականները որոշվում են ոչ թե ելնելով դրանց իրական բնույթից, այլ աշխարհի հզորների շահերից, առանձին դեպքերում՝ անգամ նրանց քմահաճույքից: Ո՞վ կարող է պատասխանել, թե ինչո՞ւ 2001թ. ահաբեկչությունը Նյու Յորքում, կամ 2002թ. Մոսկվայի Նորդ Օստի համերգասրահում դատապարտելի էին, իսկ Միացյալ Նահանգների լայնածավալ ռազմական գործողությունները Աֆղանստանում եւ Իրաքում ոչ միայն չեն դատապարտվում, այլեւ հռչակվում են մարդկությանը Վաշինգտոնի մատուցած մեծագույն ծառայություն:
<<Պատմության Նեմեսիսը,-գրում է Ն. Ադոնցը,-թե՛ փոփոխական է եւ թե՛ անողոք հատկապես նրանց հանդեպ, ովքեր ամբողջովին արհամարելով բանականությունն ու խիղճը, ոտնակոխ են անում նրա օրենքները: Որքա՜ն հաճախ է նա ներում հույսի հանկարծակի շողշողուն, բայց վերջին ճառագայթը իր զոհերի վրա, որպեսզի արձակի ավելի սոսկալի դատավճիռ>> (Ադոնց Ն., Հայկական հարցի լուծման շուրջ, Ե., 1989, էջ 36):
Իհարկե, իդեալականն այն կլիներ, եթե մարդկությունն ամբողջությամբ ձերբազատվեր բռնությունից, սպանություններից, բնաջնջումներից: Բայց դա անհաս երազ է: Հասարակությունն ինքն է բռնություն ծնում եւ ինքն էլ դառնում դրա զոհը:
Բռնության եղանակները վճռորոշ դեր չեն խաղում տվյալ երեւույթի արժեքավորման գործում. չափանիշը մեկն է՝ հանուն ինչի՞ է կատարվում տվյալ բռնարարքը՝ դա լինի պատերազմ, թե ահաբեկչություն: Նաեւ հարկ է նկատի ունենալ, որ, որպես կանոն, պատերազմը ուժեղի սեփականությունն է, թույլը, այսինքն ռազմատնտեսական անբավարար հնարավորություններ ունեցող երկիրը, չնչին բացառությամբ, իրենից հզորի վրա չի հարձակվի: Տրամագծորեն հակառակ պատկերն է քաղաքական ահաբեկչության խնդրում: Բռնության այս եղանակը որդեգրում է նա, ով հնարավորություն, զորություն ու կարողություն չունի այս կամ այն էական նշանակության խնդիրը լուծել պատերազմի, բացահայտ առճակատման միջոցով: Ահաբեկչությունը նաեւ բնական ռեակցիա է ուժեղների բռնարարքների դեմ: Դա անզորության, անելանելիության պոռթկում է, հուսահատությունից ծնված խելահեղություն:
Մինչեւ օրս էլ քաղաքական ահաբեկչությունը դուրս է դրվում քաղաքական պայքարի շրջանակներից. զինված ապստամբությունը համարվում է քաղաքական պայքար, իսկ ահաբեկչությունը՝ ոչ: Քաղաքական ահաբեկչությունը, չնչին վերապահումով, նույնացվում է հանցագործության հետ: Ինչո՞ւ: Արդյո՞ք հանցագործ էին Չե Գեվարան, Անդրանիկը կամ Աղբյուր Սերոբը, Սողոմոն Թեհլիրյանը կամ Արամ Երկանյանը: Իհարկե ոչ:
Բանն այն է, որ ահաբեկչությունը՝ որպես հասարակական երեւույթ, վատ է արժեքավորված, համենայն դեպս մինչեւ այսօր էլ այն գիտական լուրջ ուսումնասիրության ենթարկված չէ: Մինչեւ օրս էլ այն համարվում է հանցագործություն (հիմնականում՝ քրեական), չնայած <<այդ <<հանցագործությունների>> մի մասը վայելել ու վայելում է մարդկության հիացմունքը:
2004թ. դեկտեմբերին ՀՀ հանրային հեռուստատեսությունով հանդես եկավ ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամներից Վահան Հովհաննիսյանը, որը բառացի հայտարարեց, թե ահաբեկչությունը քրեական հանցագործություն է եւ պետք է դատապարտվի որպես այդպիսին: Առնվազն տարօրինակ է: Ահաբեկչութունը քրեական հանցագործություն է համարում մի կուսակցության ղեկավար գործիչը, որի 100ամյա քաղաքական գործունեության գրեթե միակ եղանակը եղել է ահաբեկչությունը: Նոր ժամանակների հայկական քաղաքական ահաբեկչության հիմնադիրն այդ կուսակցության <<սուրբ երրորդության>> անդամներից էր՝ Քրիստափոր Միքայելյանը: Դե գնացեք, պարոն դաշնակներ, գերեզմանից հանեք ոչ միայն Ձեր կուսակցության հիմնադրին, այլեւ 1920ական թվականների հայկական ահաբեկչության դեմքերին եւ դատարանի առաջ կանգնեցրեք որպես քրեական հանցագործների:
Ահաբեկչությունը, լինելով բռնություն գործադրելու եղանակ, միասեռ չէ: Ահաբեկչությունը լինում է քաղաքական եւ քրեական, միջազգային եւ ներքին, կոլեկտիվ եւ անհատական, պետական եւ ոչ պետական: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է քաղաքական ահաբեկչությունը, որը կարող է լինել թե անհատական եւ թե կոլեկտիվ: Ընդ որում՝ ոչ քիչ դեպքերում կոլեկտիվ ահաբեկչությունը դժվար է զանազանել պատերազմից, որովհետեւ, վերջին հաշվով, պատերազմն այլ բան չէ, եթե ոչ ահաբեկչություն:
Ընդհանրապես սխալ է, որ բացի պատերազմից կամ ապստամբությունից մյուս բոլոր բռնարարքները կնքվում են <<ահաբեկչություն>> պիտակով: Ի՞նչ է դիվերսիան, ի՞նչ է պարտիզանական կռիվը, ի՞նչ է պետական հեղաշրջումը եւ այլն: Չէ՞ որ նման գործողությունների գնահատականը ուղիղ համեմատական է ոչ թե դրանց բնույթին, այլ հետապնդած նպատակի ինչ լինելուն:
Ուրեմն ահաբեկչության, ինչպես ցանկացած բռնության, արժեքավորման հիմքում պետք է ընկած լինի նրա հասարակական նշանակությունը՝ այն ծառայել է բարո՞ւն, թե՞ չարին, արդարության, թե՞ անարդարության շահերին:
Քաղաքական կոլեկտիվ ահաբեկչությունները, որպես կանոն կրում են պարտիզանական կռիվների բնույթ: Ի՞նչ էին հայդուկային խմբերը: Դրանք կոչված էին մղելու պարտիզանական կռիվներ, որոնք պարունակում էին նաեւ ահաբեկչական գործողություններ:
Ուրեմն ի՞նչ՝ քաղաքական ահաբեկչությունը, միայն հանցագործություն է, թե՞ նաեւ ազատագրական կռիվ: Իհարկե, նաեւ ազատագրական կռիվ, փոքր ժողովուրդների ազատագրության համար պայքարի ամենատարածված, եւ դժբախտաբար, ոչ քիչ դեպքերում՝ միակ ու ամենաարդյունավետ եղանակ: Լավ կյանքից չէ, որ ժողովուրդները դիմում են պայքարի ահաբեկչական եղանակներին: Եթե նրանք ունենային համապատասխան ռազմական ուժ, ազատագրական պայքարի խնդիրները կլուծեին պատերազմի միջոցով, սակայն քանի որ չունեն, դիմում են անհատական կամ խմբակային ահաբեկչության ու պարտիզանական կռիվների:
Նման պարտիզանությունն ու ահաբեկչությունները ազգային-ազատագրական պայքարի արտահայտություն ու եղանակ են:
Ինչո՞ւ 1920-ական թվականների սկզբներին հայերը ձեռնամուխ եղան երիտթուրք պարագլուխների ահաբեկչությանը: Նախ, որ վերջիններն իրականացրել էին ցեղասպանություն, եւ երկրորդ՝ չնայած թուրքական դատարանի մահապատժի վճիռներին՝ ոչ միայն չէին պատժվել, այլեւ վայելում էին գործունեության բացարձակ ազատություն ու մի շարք կառավարությունների աջակցությունը:
Ինչո՞ւ ծնվեց 1970-ական թվականների <<հայկական ահաբեկչությունը>>, որովհետեւ աշխարհը խուլ գտնվեց հայության տասնամյակներ տեւած աղերսանքի հանդեպ՝ գոնե ճանաչեք, որ թուրքերը բնաջնջել են արեւմտահայությանը:
<
<<Հայերը ահաբեկիչներ չեն: Ցեղասպանության իրողության հաստատելը չի նշանակում պաշտպանել ահաբեկչությունը...
Իրականում հակառակն է ճիշտը: Հայկական ցեղասպանությունն ուրանալը կնպաստի, որ ապագայում շեշտվի ահաբեկչությունը:
Դժբախտաբար, ինչպես երեւում է, Ռեյգանի վարչակազմին Ամերիկայի շահերի տեսակետից է ուրվագծվում պատմությունը: Թուրքիայի ռազմավարական դիրքը որպես պատվար Խորհրդային Միության եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ պատճառ է դառնում, որ արտաքին գործերի նախարարությունը թշնամական վերաբերմունք ունենա հայկական պահանջներին ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Ողբերգականորեն հայ ժողովուրդը մեկ անգամ եւս զոհաբերվում է քաղաքական նկատառումներիին>>:
Այդպիսին է իրողությունը: Բայց այդպիսին չէ թուրքերի կարծիքը:
Թուրքական <
<
<
Մոտեցումները ծայրահեղ բեւեռացված են: <
Ցեղասպանություն գործելուց ձեռնպահ չմնաց նաեւ Միացյալ Նահանգները (հնդիկներ (1637թ.), շեյեններ (1864), ֆիլիպիններ (20-րդ դարասկզբին), վիետնամցիներ (1969թ.) եւ այլն):
Ահաբեկչությունն օրինականացվեց երկրորդ աշխարհամարտով, որի մասնակիցները հրաժարվեցին նշանառու ռմբակոծությունից եւ անխնա գնդակոծում էին խաղաղ բնակչությանը, ինչը խլեց միլիոնավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքեր: Այդ ամենի բարձրակետը հանդիսացավ հրեաների ողջակիզումն ու 1945-ին Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումը:
<<Վիետնամի պատերազմով ահաբեկչությունն այնքան սովորական դարձավ, որ գրեթե դադարեց դժգոհություն առաջացնել: Ամերիկացիները յոթ միլիոն տոննա ռումբ նետեցին Վիետնամի, Կամբոջայի եւ Լաոսի վրա (որոնցից ոչ մեկը պաշտոնապես պատերազմի մեջ չէր), ինչը երեք անգամ ավել էր, քան գործածվել էր 2-րդ աշխարհամարտում:
Եթե հզոր ուժերը բնական են համարում իրենց կիրառած ահաբեկչությունը, ապա պե՞տք է զարմանան, երբ հուսահատ զանգվածները, անկարող մղելու ավանդական կամ <<օրինական>> պատերազմ, հետեւում են իրենց բռնարարքների ենթարկողների օրինակին:
Սակայն ի տարբերություն այդ հզոր ուժերի ՀԱՀԳԲ-ը մշտապես շեշտել է, թե զինված պայքարը նույնպես պետք է ունենա բարոյական սկզբունքներ, որն է՝ խույս տալ անմեղների կյանքը վտանգելուց, աննպատակ հարձակումներից, մարդկային եւ նյութական այն բոլոր կորուստներից, որոնք անխուսափելի են դառնում, երբ քաղաքական հիմնախնդիր ունեցող գործողությունը վերածվում է <<հասարակ արկածախնդրության եւ ոճրային անիշխանության>>:
<<Որքան ատեն, որ Թուրքիոյ այժմու պետականութիւնը կուրանայ 1,5 միլիոն հայերու սպանդը,- գրում է <<Հայրենիքը>> 1985թ. ապրիլի 30-ին,- եւ կը մերժե համապատասխան հատուցման դոյզն տրամադրութիւնն անգամ՝ յեղափոխական հայ երիտասարդներու զինեալ պայքարը իբրեւ <<ոճրագործություն>> պիտակելն, անուղղակի քաջալերանք է յանցապարտին>>:
Քաղաքական բռնությունները միասեռ չեն եւ երեւան են գալիս հասարակական կյանքի ամենատարբեր հիմնախնդիրների առնչությամբ՝ սկսած իշխանության համար պայքարից մինչեւ գոյություն ունեցող վարչակարգի տապալումը:
Որ ահաբեկչությունը կոչված է լուծելու նաեւ ապստամբական-պատերազմական խնդիրներ, առավել ակնհայտ դրսեւորվեց Միացյալ Նահանգների բռնազավթման դեմ Աֆղանստանում ու Իրաքում եւ հրեաների դեմ Պաղեստինում ծավալված ու զանգվածային բնույթ ստացած ահաբեկչական պայքարում: Դա ԱՄՆ քաղաքական շրջաններին, մասնավորապես Պենտագոնին, բերեց այն եզրահանգմանը, որ ահաբեկչությունը <<յուրատեսակ պատերազմ է>>, եւ նորագույն ժամանակներում եկել է փոխարինելու ավանդական պատերազմին: Դրանից եզրակացություն՝ Միացյալ Նահանգները պարտադրված է հիմնովին վերանայելու իր ռազմական դոկտրինան, այն ենթարկելով ահաբեկչության՝ <<պատերազմի այդ յուրատիպ տեսակի>> դեմ մղվող պայքարի շահերին:
Նաեւ հարկ է նշել, որ քաղաքական ահաբեկչության համակարգում առաջին պլան են դուրս եկել ազգային եւ ազգային-ազատագրական խնդիրների լուծում հետապնդող բռնի գործողությունները: Արդի աշխարհում նման գործողությունները վերածվել են նշված խնդիրների լուծման, եթե ոչ միակ, ապա գլխավոր եղանակի:
Իհարկե, մեծ հաշվով, անընդունելի ու դատապարտելի է ամեն մի բռնություն, այդ թվում նաեւ ահաբեկչությունը: Սակայն ահաբեկչությունը, մասնավորապես, ազգային ազատագրական նպատակներ հետապնդող բռնի գործողություններն արմատախիլ անելու միայն մի իրական եւ արդյունավետ եղանակ կա՝ վերացնել դրանք ծնող անարդարությունները, տվյալ դեպքում, ազգերի իրավունքների ոտնահարումը:
Մասնավորապես երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում Հայոց ցեղասպանության եւ սփյուռքահայերի շուրջ ձեւավորվեց, մեղմ ասած, տարօրինակ մթնոլորտ:
Պատճառները թե ներազգային էին եւ թե միջազգային: Աշխարհի բաժանվելը երկու հակադիր ճամբարների մասնատեց նաեւ Սփյուռքը, մասնավորապես նրա քաղաքական ուժերին: Որոշ վերապահումներով հնչակյան եւ ռամկավար կուսակցությունները վարում են Խորհրդային Միության հետ կապերը զարգացնելու քաղաքականություն, իսկ ՀՅԴ-ն դեմ էր դրան, ինչին նպաստեց նաեւ այն, որ ցեղասպանության զոհը՝ Սփյուռքը, գործնականում մերժվում էր ոչ միայն Թուրքիայի, այլեւ Խորհրդային Միության կողմից:
Ընդ որում՝ Սփյուռքը միատարր կարգավիճակ չունի: Եթե Մերձավոր Արեւելքում մահմեդական միջավայրը սփյուռքահայերին մղեց կազմակերպվելու, ազգային դիմագիծը պահպանելու, ապա Եվրոպայում եւ Ամերիկայում պատկերը բոլորովին այլ էր: <<Սպիտակ ջարդը>> մաշում, հյուծում էր հայկական գաղթօջախները:
Իհարկե, Սփյուռքին ծանր կացության մեջ էր դնում նաեւ այն, որ Մոսկվայի հարկադրանքով Խորհրդային Հայաստանը հրաժարվեց Արեւմտյան Հայաստանից: Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ կառավարությունը բացեիբաց հայտարարեց, թե Թուրքիայից տարածքային պահանջներ չուներ, ինչը նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը պարտադրված էր հրաժարվել Հայկական հարցից եւ իր պատմական հայրենիքի տարածքների 80%-ից: Որն իր հերթին հարկադրում էր Սփյուռքին վերապահումներով վերաբերվել հիմնահարցին, հայտնվել անորոշ կացության մեջ:
Այդ էր պատճառներից մեկը, որ աշխարհամարտից հետո Մերձավոր Արեւելքում ծավալված շարժումները անակնկալի բերեցին Սփյուռքին, նրա քաղաքական կուսակցություններին, միանգամայն բացորոշ դարձրեցին իրողությունը, որ ավանդական քաղաքականությունը, գործունեության եղանակներն այլեւս վնասակար ու վտանգավոր էին հայության համար, որ ազգային խնդիրների լուծումը պահանջում է ոչ թե մուրացկանություն, դատարկաբանություն, շաղակրատանք, այլ միասնություն, պայքարի կամք ու գործելու պատրաստակամություն: Դժբախտաբար ավանդական կուսակցությունները չընկալեցին նոր ժամանակների հրամայականը, մնացին անորոշության ճիրաններում, իսկ հայության դուռը թակում էր Մեծ եղեռնի 50-ամյակը, որը եկավ ձեւավորելու նոր իրավիճակ Հայկական հարցի շուրջ, ինչին թե՛ հայաստանաբնակ հայերը եւ թե՛ սփյուռքահայությունը բացարձակապես պատրաստ չէին:
Ահա այդ <<անպատրաստ անորոշությունը>> ծնեց անհատական բռնի գործունեություն, ծայրահեղություն:
Երբ <<Վան>> գործողության հերոսներից Վ. Սիսլյանին ասում են, թե իրենց գործունեությունը գնահատվում է որպես ահաբեկչություն, պատասխանը լինում է. <<Թերորը ակտ մըն է, որը կը կատարուի խմբակի կամ անհատի մը կողմէ, իսկ հասարակութիւնը ան չի ընդունիր: Մինչդեռ մեր գործողութիւնը կը հովանաւորէր հասարակութիւնը>> (<<Ժողովրդային պայքար>>, 1990, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր):
Վ. Սիսլյանն իրավացի էր: Երբ նրան ու իր երեք ընկերներին բանտ նետեցին, Փարիզում բազմամարդ հանրահավաքներ տեղի ունեցան: Հայկական եկեղեցու մերձակայքում կայացած հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ նահատակված Եղիա Քեշիշյանի հայրը՝ Արտաշես Քեշիշյանը: Նա իր հիացմունքն արտահայտեց <<Վան>> գործողությունն իրականացնողներին: Հոկտեմբերի 1-ին եւ 24ին ավելի մարդաշատ հանրահավաքներ կայացան ձերբակալված տղաներին քաղաքական ապաստան տալու պահանջով: Դրանք կրկնվեցին նոյեմբերի 19-ին: Այս զանգվածային աջակցությունն ու Չորսի հացադուլը ֆրանսիական կառավարությանը հարկադրեցին հայտարարելու, որ բավարարում է առաջադրված պահանջը: Սակայն այդ նույն օրերին ֆրանսիական համապատասխան ծառայությունները ձերբակալեցին Մոնթե Մելքոնյանին, ինչը իշխանությունները դարձրին պատրվակ ու հետ կանգնեցին տված խոստումից:
Հունվարի 10-ին Չորսը նոր հացադուլ սկսեցին, նրանց միացան Փարիզում եւ Լիոնում բնակվող զգալի թվով հայեր: Որպես համերաշխության արտահայտություն՝ հունվարի 15-ին Փարիզում նոր հանրահավաք տեղի ունեցավ: Իշխանություններն ընկրկեցին եւ Չորսին տեղափոխեցին քաղաքական բանտարկյալների բանտ: Նրանց իրավունք տրվեց օրվա որոշ ժամերի միասին լինելու, ժողովներ անցկացնելու, այցելուներ ընդունելու եւ այլն:
Կրկնում ենք, ով ազատագրական նպատակադրումներով կամ անարդարության դեմ հարկադրված է կռվել ահաբեկչական եղանակներով, ահաբեկիչ չէ, այլ ազատագրական պայքարի մարտիկ: Նաեւ սխալ է բռնարարքների մի ամբողջ շարք եղանակներ, որոնք ունեն միմյանցից միանգամայն հակադիր առաքելություն ու հասարակական հնչեղություն, հավաքել մի բառի տակ՝ ահաբեկչություն՝ տեռոր:
Հարկ է նկատի ունենալ նաեւ հետեւյալ հանգամանքները. աշխարհում հաստատված է մի չգրված օրենք, ահաբեկչությունը թիվ 1 սպառնալիք հռչակած գերտերություններն իրենք են հովանավորում այլեւայլ ահաբեկչական կազմակերպությունների: Մյուս կողմից, ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, դրա հեղինակներին պատժելու անհրաժեշտությունն ամրագրված է միջազգային իրավունքով, մինչդեռ ցեղասպանություն իրականացրած Թուրքիան մինչ օրս էլ ոչ միայն չի ճանաչել ու դատապարտել հայոց զանգվածային ջարդերն ու դրանց կազմակերպիչներին, այլեւ կատարվածը ներկայացնում է որպես ի շահ Թուրքիայի իրականացված հերոսական բնույթի միջոցառում, որ <<եթե որեւէ ժողովրդի պատմության այս կամ այն հանգրվանում օտարի տիրապետության դեմ բռնություն, այդ թվում նաեւ ահաբեկչություն, իրականացրած անհատներին նույնացնենք ժամանակակից>> բոլոր ու ամեն տեսակի ահաբեկիչների հետ եւ նրանց մեղադրանքներ ներկայացնենք, ապա նշանակում է պահանջել ժողովուրդներից ոտի տակ տալ իրենց շատ ու շատ սրբություններ:
Ու նաեւ անհրաժեշտ է, անպայման, նկատի ունենալ <<հայկական ահաբեկչության>> բնույթը. այն պատմությանը հայտնի ամենափոքր արյունահեղություն պարունակողն է: Ութ տարում սպանվել է 40-45 մարդ, ընդ որում, այսպես կոչված <<ահաբեկիչների>> կորուստներն ավելի մեծ էին, քան բռնության ենթարկվածներինը: Ցինիզմ ասել, թե նման ինչ որ բան՝ 1,5 միլիոն մարդու սպանության շուրջ լռության պատ են կառուցել, իսկ մի քանի տասնյակի համար համաշխարհային աղմուկ են բարձրացնում:
<<Հայկական ահաբեկչությունը,- գրում է լեհական <<Վիդնոկրենգի>> ամսագիրը իր 1981թ. թիվ 2ում,- առանձնահատուկ երեւույթ է միջազգային ահաբեկչության համակարգում: Ահաբեկչական գործողությունները կատարվում են արտասահմանում, առանց տարածքային սահմանափակման՝ ամենատարբեր մայրցամաքներում: Դա պայքար չէ ստեղծելու սեփական պետականություն եւ չունի նաեւ հասարակական կամ գաղափարախոսական այլեւայլ նպատակ: Դա բողոքի ծայրահեղ եղանակ է ամբողջ աշխարհի կողմից արհամարհական վերաբերմունքի դեմ՝ ազգի վրեժխնդրություն, առաջին հերթին բարոյական արդարացի իրավունքի հանդեպ… Առանց միջազգային կազմակերպությունների կողմից հանցագործության իրավաբանական ճանաչման… խոսք լինել չի կարող որեւէ փոխհատուցում ստանալու մասին…>>:
Ամերիկյան հրապարակախոսներից մեկը հայկական ահաբեկչությունն անվանեց <<պատերազմ առանց ռազմաճակատի>>: Քանի որ հարձակումներ տեղի էին ունենում ամենատարբեր քաղաքներում ու երկրներում, առաջացնում համընդհանուր, եթե ոչ անհանգստություն, ապա անպայման հետաքրքրություն: Կ. Գուրսկին տագնապ հնչեցրեց, թե <<վտանգը շատ լուրջ է, իսկ ահաբեկչությունը թուրքական դիվանագետների դեմ գնալով աճում է>>:
Այո, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ-ի տղաների (Այսուհետ տեքստում՝ ՀԱՀԳԲ, անգլերեն ASALA-ԱՍԱԼԱ) գործողությունները ոչ թե արյունահեղության ծավալներով, այլ իրենց բնույթով ցնցեցին լայն հասարակությանը, որովհետեւ դրանց նպատակը ոչ թե սպանելն էր, այլ որպես հակաթուրք քարոզչության բաղադրիչ հանդես գալը:
Հարկ է նաեւ անպայման նկատի ունենալ, որ <<հայկական ահաբեկչությունը>> մյուս ահաբեկչություններից տարբերվում է նաեւ նրանով, որ միտված չէ ստեղծելու անկայունություն եւ չի հետապնդում գաղափարախոսական ինչ որ գծի առաջ մղում, իրականացում: Նրա տատմերը թուրքական կառավարության չկամությունն ու համառությունն են, որ օգտվելով պետությունների թողտվությունից շարունակում է մերժել Հայոց ցեղասպանության իրողությունը: <<Ան խըզում մըն է նաեւ նախորդ սերունդներու անկարողութենեն: Երիտասարդ սերունդները կապրին ժամանակաշրջան մը, յատկանշուող ինքնորոշման եւ մարդկային իրավանց հրամայականներով, ինչպես նաեւ քարոզչական ահաբեկչութեան ներկայութեամբ, եւ չեն ընդունիր հայկական ցեղասպանութիւնը իբրեւ <<պատմական ճակատագիր>> (Շալեան Ժ., Տարի մը յատկանշուած հակաթիւրք ահաբեկչութեամբ, <<Ազդակ>>, 1988, հ. հ.):
Բռնի գործողությունները նպատակ ունեին վերակենդանացնելու հոգեվարք ապրող Հայկական հարցը: Եվ որ սպանում էին թուրք դիվանագետներին, ասալայականները պատճառաբանում էին, թե նրանք ծառայում էին ցեղասպան վարչակարգին, թե իրենց ահաբեկիչ գործողությունները միաժամանակ ապտակ էին միջազգային իրավունքի երեսին, որին մեկ դար ժամանակը բավական չեղավ տալու կատարվածի իրավական գնահատականը:
Հայը, որ աշխարհամասում էլ որ ապրելիս լիներ, փարվեց ՀԱՀԳԲ-ի մարտիկներին ոչ թե նրա համար, որ հավանություն էր տալիս բռնարարքներին, մանավանդ ահաբեկչությանը, ոչ եւ հազար անգամ ոչ: Նա միշտ դեմ է եղել բռնությանը: Բայց կառչեց նրանց, ինչպես խեղդվողն է ձեռք ձգում փրկարարին: Նրան բռնության մղեց փակուղին, անելանելի վիճակը: Նա ուշադրության, այո մարդկային սովորական ուշադրության կարիք ուներ եւ զարմանում ու զայրանում էր, որ իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը հանդես է գալիս միջնադարյան ավատատիրական մասնատվածությանը բնորոշ կեցվածքով: Դա ոչ այնքան գիտակցված, որքան ենթագիտակցությունից բխող քայլ էր Թուրքիայի տմարդի գոռոզությունը խորտակելու եւ հարկադրելու նրան պաշտպանվելու, ապացուցելու, որ մարդու իրավունք ասածը բովանդակությունից զուրկ հաշմանդամ չէ, այլ ներքին վիթխարի ուժ ունեցող ճշմարտություն: Բացի բիրտ գործողություններից ուրիշ ոչինչ չէր կարող անցյալի փոշիների տակից դուրս քաշել աշխարհի հիշողությունից անհայտացող Հայկական հարցը:
Արաբական <<ԱլՄուստակբալը>> 1984թ. մայիսի 12ին գրում է. <<Զարմանալի պատահականությամբ դեպի արաբական աշխարհ թուրքերի շարժմանը զուգընթաց ուժեղացավ նրանց դեմ հայերի խստությունները ու նաեւ տեղի ունեցավ հայկական շարժման միավորում...>>:
Թերթը նաեւ նկատում է. <<Ճիշտ է, որ հայերն անցած 50 տարում պահպանել են իրենց մշակութային ու կրոնական միասնությունը... բայց քաղաքական միասնությունը պահպանել չկարողացան... Հայկական հին կուսակցութունները շարունակեցին իրենց ավանդական վեճերը եւ այդպես էլ չկարողացան ընդհանուր քաղաքական գիծ մշակել:
Երբ ՀԱՀԳԲ-ը սկսեց իր գործունեությունը,- շարունակում է թերթը,- Եվրոպայում Հայկական հարցի մասին ոչ լսել էին եւ ոչ էլ մտածել>>:
—————————————————
Ս. Կ. Պողոսյան, Հայկական Հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմություն, Նահատակներ հավերժության, Երեւան, 2005 թ.։
—————————————————
ԱՍԱԼԱ-ի 40-ամյակի միջոցառման ժամանակ արված պատմական լուսանկար: 20 հունվար 2015 թ., Եռաբլուր: