13:23 • 16.04.18
Ռազմական փոխադրամիջոցներով բեռնված երկու ռուսական ռազմանավ շարժվում են դեպի Սիրիայի ափերը, հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ լույս ապրիլի 14-ի գիշերն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումից հետո, աշխարհը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին:
Պարբերականը մանրամասնում է, որ ռուսական ռազմանավերը ապրիլի 15-ին նկատվել են Բոսֆորի նեղուցում: Դրանք ուղևորվում են դեպի Սիրիայի հյուսիսային ափի մոտ գտնվող «Տարտուս» ռուսական ծովային ռազմաբազան:
Նավերի վրա նկատվել են ռազմական «Ռամազ» բեռնատարներ, խորհրդային արտադրության «ԲՏՌ 80» տանկեր, շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև պայթուցիկ նյութերի տեղորոշիչներ, արագընթաց պարեկային նավակներ:
Two Russian warships laden with military vehicles have been spotted en route to the Syria after Friday’s US-led airstrikes obliterated three suspected chemical weapons sites
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան որոշել են Սիրիայի դեմ համատեղ հարված իրականացնել՝ ապրիլի 7-ին Դումա բնակավայրում կառավարական զորքերի կողմից ենթադրյալ քիմիական հարձակում իրագործելուն ի պատասխան:
Պուտինը քննադատել է Արևմուտքի այդ քայլը՝ այն բնորոշելով որպես «ագրեսիայի դրսևորում»:
Մինչդեռ Թրամփը խոստացել է, որ քիմիական զենքի հերթական կիրառման դեպքում, նորից կհարվածի Սիրիային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին:
Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
tert.am