Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք (տեսանյութ)

09-03-2018 17:31:46 | Հայաստան | Հասարակություն

Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք:

Այս մասին մարտի 9-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նշեց Ալևիների եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայում ալևիների միության ֆեդերացիայի նախագահ Էլդար Քըլչքայան:

Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում, հանդիպումներ ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ազգային փոքրամասնություններին ներկայացնող քուրդ, ասորի, եզդի պատգամավորների և ուսանողների հետ:

Է. Քլչքայայի խոսքերով՝ իրենք Հայաստան կատարած այցի ընթացքում հասկացել են մի բան, որ հայերը և ալևիները միմյանց լավ չեն ճանաչում՝ չնայած որ հարյուրավոր տարիներ ապրել են նույն արևի ու երկնքի տակ:

Ըստ նրա՝ դարեր շարունակ Անատոլիայի հնագույն ժողովուրդներն ապրել են միևնույն ճակատագրով, պատճառը՝ ալևիների, հայերի, քրդերի, հույների ու ասորաքաղդեցիաների միջև գոյություն ունեցող ներդաշնակությունն է եղել, որը Է. Քըլչքայայի բնորոշմամբ՝ չարիք է համարվել նրանց կողմից, ովքեր զզվանք զգալով այդ հողերի մշակութային, լեզվական և կրոնական հարստության հանդեպ, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության նման դրսևորումներն ամենադաժան մեթոդներով ձուլման քաղաքականություն վարելու միջոցով:

«Մենք՝ ալևիներս, կիսում ենք մեր հայ եղբայրների տառապանքը և կցանկանայինք այս այցով ընդգծել, որ մնում ենք մեր կարեկցանքի մեջ: Մենք տեսանք ձեր դահիճի դեմքը և զգացինք ձեր տառապանքը Դերսիմում, Մարաշում, Չորում, Սիվասում, Ղազիում և Ղեզիում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Է. Քլչքայայի համոզմամբ՝ անցյալին դեմքով նայելը և սեփական պատմության մռայլ էջերը ճանաչելը չի նշանակում խայտառակել սեփական երկիրը:

Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն իր հերթին փաստեց, որ տարիներ շարունակ ճանաչողական և մշակութային այցերով բազմիցս եղել են Արևմտյան Հայաստանում և ծանոթացել ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող բազմաշերտ հասարակության հետ:

«Մեր ամբողջ գործունեությունը սկսվեց Դերսիմից մոտ 10 տարի առաջ, երբ որ հատկապես զազա ալևիների հետ մշակութային ծրագրեր սկսեցինք իրականացնել և կամաց կամաց շառավիղները մեծացնել»,- նշեց նա:

Ա. Ախոյանի գնահատմամբ՝ նման այցելությունները կարևոր են այնքանով, որ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները կարողանում են վերագտնել միմյանց և համատեղ լուծել սեփական հարցերը:

Նրա փոխանցմամբ՝ թուրքական վարչակազմի կողմից 1937 թվականին ալևիների նկատմամբ բռնությունները նաև պայմանավորված էին այն հանգամանքով, որ վերջիններս Հայոց ցեղասպանության ժամանակ գրկաբաց ընդունել էին սպանվող ժողովրդին և փրկել այժմ Թուրքիայում ծպտյալ հայերի կարգավիճակով ապրողներին:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան — Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

http://nt.am/am/news/251150/

error

Enjoy this blog? Please spread the word :)