Մի քանի տարի անց Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արա Սաղաթելյան

22:16 • 25.02.18

Հավատում եմ, որ արժեքները գերակայելու են շահերին. Детали-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ամեն տարի ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության օր հիշատակելու մասին օրինագծի մերժումը Իսրայելի Քնեսեթի կողմից։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ մերժվել է Յայիր Լապիդի («Եշ Աթիդ») առաջարկած օրինագիծը: 28 պատգամավոր աջակցել է Լապիդի առաջարկին, դեմ է քվեարկել 41-ը:

Սաղաթելյանը հիշեցրել է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին հարցը Քնեսեթում քննարկվել է 2015, 2016 և 2017 թվականներին: «Կա դինամիկա. քննարկումներին ներգրավված պատգամավորների թիվը, որոնք կարծում են, որ պետք է լուրջ քաղաքական գնահատական տալ 1915-ի դեպքերին, աճում է: Դա կարևոր է: Ժամանակակից աշխարհում գոյություն ունի հակամարտություն շահերի և արժեքների միջև:

Ես վստահ եմ, որ ուժեղ երկրները վերջնական արդյունքում ընտրում են արժեքները: Հատկապես, եթե մենք խոսում ենք հրեա ժողովրդի մասին, որը շատ լավ է պատկերացնում՝ ինչ է նշանակում ժողովրդի համակարգված և նպատակաուղղված ոչնչացումը, և թե ինչքան կարևոր է պատմական հիշողությունը»,-ընդգծել է Արա Սաղաթելյանը:

-Այլ երկրներում Հայաստանը զբաղվո՞ւմ է ցեղասպանության ճանաչման լոբբինգով:

-Դա տեղի է ունենում ոչ միայն պրոֆեսիոնալ մակարդակով: Լոբբինգը ենթադրում է համակարգային գործունեություն, և այն տարվում է բոլոր մակարդակներով՝ ներառյալ ԱՄՆ Կոնգրեսը, փաստագրական գրականության տարածումը, դասախոսությունները ողջ աշխարհով մեկ: Տեղեկություն են տարածում նաև սփյուռքի անդամները, աշխատում են մշակութային կենտրոնները:

Թերահավատները կարծում էին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո այն ճանաչելու գործընթացը կկորցնի արդիականությունը: Սակայն դա այդպես չէ: Հետարդյունաբերական հասարակության մեջ՝ տեղեկատվական հոսքերի ներկայիս առատության պարագայում, ազգային կամ կրոնական հիմքի վրա մարդկանց ոչնչացման խնդիրը նախկինի պես շատերին է հուզում:

-Միգուցե մեր կառավարության վերաբերմունքը հայերի ցեղասպանությունն ընդունելու հարցում բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զե՞նք է գնում:

-Ադրբեջանն այսպես թե այնպես զենք կգներ Իսրայելից, քանի որ Իսրայելը մրցակիցներ չունի՝ հատկապես անօդաչուների ոլորտում: Կարևորն այն է, որ այդ զենքից խաղաղ քաղաքացիներ չսպանվեն: Լեռնային Ղարաբաղում քառօրյա ռազմական գործողությունների մասին վավերագրական ֆիլմ կա. այնտեղ դպրոց է ռմբակոծվել, մի տղա զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Իսկ դրա նախորդ օրը ծնողներն անօդաչու էին տեսել, որը հետախուզում էր տարածքը: Եվ, ամենայն հավանականությամբ, դա իսրայելական անօդաչու է եղել:

Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ պարոն Լիբերմանի գործողություններին, սակայն կարող եմ հիշել նրա արտահայտություններից մի քանիսը: Օրինակ՝ հարցազրույցը, որը նա տվել է 2016 թվականի ապրիլի 6-ին՝ լինելով արտաքին գործերի նախարար, Լեռնային Ղարաբաղում քառօրյա մարտերից անմիջապես հետո: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների նախաձեռնողը Հայաստանն է եղել: Ադրբեջանում Իսրայելի դեսպանը նույնպես հաճախակի հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Այդ արտահայտություններն անպատժելիության զգացում են առաջացնում Բաքվի իշխանությունների մոտ:

-Չէ՞ որ շատ ուրիշ երկրներ, ինչպես և Իսրայելը, նույնպես հրաժարվում են ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը:

-ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը 2017-ի տվյալներով հասել է 48-ի: 1915-ի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչած նահանգներին միացել են Վայոմինգը (ապրիլի 21), Տեխասը (մայիսի 19), Այովան (օգոստոսի 24), Ինդիանան (նոյեմբերի 6):

Պատահական չէ, որ Ձեր ուշադրությունը հրավիրեցի 2015-2017 թթ. Քնեսեթում այս հարցի քննարկման դինամիկային: Սկզբունքների «նժարն» աստիճանաբար գերազանցում է շահերի «նժարին», և ես վստահ եմ, որ ևս մի քանի տարի անց մենք կստանանք Իսրայելի դրական արձագանքը:

Այն մեզ համար շատ կարևոր է նաև այն պատճառով, որ Թուրքիան երբեք իր մեջ ուժ չի գտնի դառնալու Գերմանիա, որը գիտակցել է իր անցյալի ծանր բեռը: 2009-ին Ցյուրիխում ստորագրվել են «Հայ-թուրքական արձանագրությունները», դա առանց նախապայմանների հաշտության փորձի առաջին քայլն էր: Պաշտոնական միջնորդը Շվեյցարիան էր, սակայն գործընթացին, ընդհուպ մինչև արձանագրությունների ստորագրումը, հետևել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ՌԴ-ն, ինչպես նաև Եվրամիությունը: Սակայն արձանագրությունները տորպեդահարվել են Թուրքիայի կողմից և այլևս ընդգրկված չեն օրակարգում: Թուրքիան մնում է այնպիսին, ինչպիսին կա:

http://www.tert.am/am/news/2018/02/25/saghatelyan/2623732

error

Enjoy this blog? Please spread the word :)