17:03, 30.01.2018
Արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ինհայտնում են, որ ելույթի սկզբում ընդգծելով, որ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակազմի հետ Ամանորի իր հանդիպմանը նշել էր նման ձեւաչափով նախատեսվող հանդիպման մասին, որտեղ կխոսի արտգործնախարարության ոչ միայն հաջողությունների եւ ձեռքբերումների, այլեւ առկա խնդիրների եւ ապագա անելիքների մասին, Հանրապետության Նախագահը այսօրվա հանդիպումն այդ տեսանկյունից համարել է առանցքային: ԱԳՆ ղեկավար կազմի հետ Նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ՝ որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները եւ ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար: Սերժ Սարգսյանը նախընտրել է այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու եւ կազմակերպելու հարցերից:
«Արտաքին քաղաքականության արդյունավետ իրագործումը մեր երկրի համար ես համարում եմ նույնքան կենսական, որքան ներքին բարեփոխումները: Ավելին՝ մեր ներքին բարեփոխումների հաջող իրականացումը սերտորեն կապված է արտաքին քաղաքականության հետ: Այն կարեւոր է թե՛ բարեփոխումներին միջազգային աջակցության, թե՛ արտերկրում դրանք պատշաճ ներկայացնելու, թե՛ որոշ երկրների դրական փորձը ուսումնասիրելու, տեղայնացնելու եւ կիրառելու առումներով: Արտաքին քաղաքականությունն էական դերակատարում ունի մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման, միջազգային հարաբերություններում մեր շահերի պաշտպանության, երկարաժամկետ զարգացման եւ, իհարկե, արտասահմանում մեր քաղաքացիների շահերի եւ իրավունքների պաշտպանության հարցերում:
Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլեւ որոշ դեպքերում ստեղծում են նաեւ նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժամանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավորինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին:
Ակնհայտ է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում ավելանում են հակամարտությունների ու տարատեսակ ճգնաժամերի քանակը, հակասությունները անվտանգության ոլորտի տարբեր կազմակերպությունների միջեւ, կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության միտումները»,- ասել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանն իր խոսքում մեծապես կարեւորել է նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը: «Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես
Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ։ Ակնկալում եմ, որ արտգործնախարարությունն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում։
Կարծում եմ՝ արտաքին գործերի նախարարությունը կուտակել է անհրաժեշտ գիտելիքներ, փորձ եւ ամենակարեւորը՝ գործիքակազմ ներկայացնելու իսկապես բովանդակային եւ սկզբունքային առաջարկություններ։ Բայց դուք դիվանագետներ եք եւ շատ հստակ պատկերացնում եք, որ այդպիսի հիմնարար եւ երկարաժամկետ փաստաթուղթ ունենալու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ եւ հատկապես այդպիսի փաստաթղթի ստեղծման ժամանակ անհրաժեշտություն է հստակությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ եւ հետեւողական ջանքերի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել:
Լուրեր Հայաստանից — NEWS.am