13:15 • 30.01.18
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոստովանել է, որ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսային երեք շրջան, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Ես՝ որպես Թուրքիայի ներքին գործերի նախարար, հայտարարում եմ, որ Ազեզում, Ջերաբլուսում և Մերալում մեր կողմից նշանակվել են ոստիկանապետեր, գավառապետեր և ժանդարմերիայի հրամանատարներ», — ասել է Սոյլուն:
Թուրք նախարարը Սիրիայում տիրող իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ երկրում այժմ քաոս է տիրում:
«Այսօր ԱՄՆ-ն իր հովանու տակ է առել Սիրիայում գործող ահակիչներին, քուրդ զինյալներն իր հովանու տակ են: Հազարավոր բեռնատարներով, հարյուրավոր ինքնաթիռներով զենք են ուղարկում նրանց: Դրանով իսկ հող է նախապատրաստվում այս տարածաշրջանում քաոս ստեղծելու համար»,- պնդել է Սոյլուն:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
http://www.tert.am/am/news/2018/01/30/soylu/2600960