23-08-2017 23:39:56 | Լիբանան | Հոդվածներ
![](http://nt.am/past/htdocs/files/data/news/2017/08/23/pics/large/bbd9b88c.jpg)
«Հայաստան-Սփյուռք համաժողովներն ունեն հետևողականություն և´ թեմաների, և´ կառուցակարգային խնդիրների, և´ մասնակիցների, և´ հետապնդած նպատակների առումով: Հետզհետե ձևավորվում է պետական տանիքի տակ համախմբվող կազմակերպ հայության ներկայացուցչական դրույթը, որը հանգելու է նոր կառուցակարգի: Կարծում եմ՝ այս Համաժողովը ևս կազմելու է հետևողական ռազմավարական շղթայի մեկ կարևոր օղակը»,-անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին՝ «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը և հավելեց, որ մասնակիցների թիվը, զեկույցների մասնագիտական որակը, տարբեր գերատեսչությունների ներգրավումը ցույց են տալիս, որ անցումային շրջափուլի շեմին ենք՝ իբրև համահայկական հարթություն և Հայկական աշխարհ:
«Նկատի ունենալով այն, որ հոբելյանական տարվա՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի նախաշեմին ենք, կարծում եմ՝ բոլոր քննարկումների առանցքը հանդիսանալու է պետականությունն իբրև մեր համազգային գոյության կարևորագույն երաշխիքը:
Ակնկալում եմ, որ կյանքի կկոչվի Համահայկական խորհուրդը, որի առաջին նախադեպային փորձը փայլուն ձևով աշխատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու առումով: Համահայկական խորհուրդը անհրաժեշտություն է և անհետաձգելի հրամայական՝ իբրև թե´ հայրենական, բնականաբար, նաև՝ Արցախյան, թե´ Սփյուռքյան ռազմավարական նշանակություն և համահայկական տարողունակություն ունեցող հիմնախնդիրները համակարգելու և միասին աշխատելու առումով:
Կարծում եմ՝ նախորդի նման Խորհուրդը կունենա նաև տարածաշրջանային խորհուրդներ կամ հանձնաժողովներ, որոնք կհամագործակցեն և կհամադրեն իրենց ծրագրերը Համահայկական կենտրոնական խորհրդի հետ»,-իր խոսքը եզրափակեց Շահան Գանտահարյանը:
Նոյյան տապան — Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից