Բալթիմորում մի քանիերիտասարդ փորձել է ջարդել Քրիստոփոր Կոլումբուսի արձանը, որը տեղադրվել է դեռ 2 դար առաջ: Վանդալներին հաջողվել է թաքնվել ոստիկանությունից, սակայն Youtube-ում տեղադրած տեսանյութում նրանք բացատրել են իրենց այդ քայլը «ցեղասպանություն իրականացրած ահաբեկչին» նվիրված արձանը ոչնչացնելու ցանկությամբ: Երիտասարդները Կոլումբուսին մասնավորապես մեղադրում են հնդկացիներին ոչնչացնելու մեջ:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում լուրջ արշավ է սկսվել արձանների դեմ. Թիրախում հիմնականում Կոնֆեդերացիայի քաղաքական և ռազմական գործիչներին նվիրված հուշարձաններն են: Օգոստոսի 12-ին Շարլոտսվիլի քաղաքապետը հրամայել էր ապամոնտաժել Քաղաքացիական պատերազմի ժամանակ Կոնֆեդերացիայի բանակի հրամանատար գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը, ինչն առաջացրել է աջծայրահեղականների դժգոհությունը: Բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ նեոնացիստներից մեկը սպանել էր հակառակ ճամբարից ցուցարարի: Այս միջադեպի արդյունքում ԱՄՆ-ի ողջ տարածքում սկսվեցին բանավեճեր Կոնֆեդերացիայի հերոսների հուշարձանների շուրջ: Արդեն ամերիկյան մի շարք քաղաքներում, ուսումնական հաստատությունների մոտ ապամոնտաժել են կոնֆեդերալիստների արձանները, սակայն ակնհայտորեն լարվածությունը հարցի շուրջ չի թուլանում:
Նշենք, որ Ամերիկյան նահանգների կոնֆեդերացիան ստեղծվել է 1861 թվականին 13 ստրկատիրական նահանգների՝ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու արդյունքում և գոյություն է ունեցել մինչև 1865 թվականը: Չնայած ստրկատիրությունը քաղաքացիական պատերազմի արդյունքում ԱՄՆ-ում վերացվեց, սակայն ստրկատիրական Հարավի խորհրդանիշները շարունակում են մեծ տարածում ունենալ ամերիկացիների շրջանում: Սպիտակ ռասայի առավելության գաղափարը ամերիկացիների մոտ էլ ավելի ամրապնդվեց Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո: Շատերը Թրամփի «Վերադարձնենք Ամերիկային հզորությունը» կարգախոսը մեկնաբանում են հենց այս համատեքստում: Իսկ Թրամփի ելույթը, որում նա քննադատեց Կոնֆեդերացիայի խորհրդանիշներն ոչնչացնելու փորձերը, էլ ավելի ամրապնդեց հասարակության մոտ տպավորությունը, որ նախագահը նույնպես հանդես է գալիս նեոնացիստների դիրքերից:
Ակնհայտորեն, այս սկանդալը Թրափին չի հաջողվի հարթել բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելով աշխատանքից, ինչպես արվում է Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի շուրջ առաջացած սկանդալի դեպքում: Վերլուծաբանները կարծում են, որ եթե նախագահը մոտ ժամանակներում չվերացնի փողոցային լարվածությունը՝ ընդ որում ընդունելով չեզոք դիրքորոշում, ապա այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ նրա համար:
http://armedia.am/arm/news/51148/ardzanneri-paterazm-amn-um.html