12:20 • 14.08.17
Ինչպես նշում է The Guardian-ը, թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ քաղաքական գործիչները հայտարարել են, որ նախագահը չափազանց մեղմ է արձագանքել ցուցարարի սպանությանն ու պարտավոր էր առավել կոշտ դիրքորոշում ունենալ այս հարցում:
Հայտնի է, որ անցած հանգստյան օրերին Շառլոթսվիլում հակառասիստական բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ցուցարարների դեմ են ելել սպիտակ ազգայնականները: Նրանք մեքենայով մրխճվել են ռասիզմի դրսևորման դեմ բողոքող ամերիկացիների մեջ՝ դառնալով մեկ կնոջ մահվան պատճառ: Հայտնի է, որ սպանության գործով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, որը նեոնացիստական գաղափարախոսության հետևորդ է:
Նախագահ Թրամփը կատարվածի վերաբերյալ ելույթում դատապարտել է ատելությունն ու բռնությունը՝ մեղադրելով բոլոր կողմերին ու հատուկ չառանձնացնելով սպիտակ ազգայնականներին: Աղբյուրը մանրամասնում է, որ աջ ծայրահեղականները Շառլոթսվիլի փողոցներով են շրջել նացիստական ողջույններով ու բղավելով՝ «Կեցցե՛ Թրամփը»:
ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների կարծիքով՝ Թրամփը պետք է կատարված չարիքն իր անունով կոչի, ընդունի, որ սպիտակ ազգայնականներն էին մեղավոր և որ դա ներքին ահաբեկչություն էր:
Մինչդեռ Սպիտակ տունը, պատասխանելով նախագահի հասցեին հնչող մեղադրանքներին, հայտարարել է, որ Թրամփը հանդես է եկել շատ խիստ դատապարտող հայտարարությամբ:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ ԱՄՆ նախագահի հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ժամանակին կապեր է ունեցել կամ առնվազն եղել է Կու Կլուքս Կլանի (ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն ԱՄՆ-ում, ստեղծվել է 1865 թ.՝ սևամորթների և նրանց սպիտակամորթ դաշնակիցների դեմ պայքարելու համար) գաղափարակիցը: 1927թ. նրան ձերբակալել են Կլանի հանրահավաքին մասնակցելու համար:
http://www.tert.am/am/news/2017/08/14/trump/2456783