Թուրքիան Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Թուրքիային վերաբերող հատվածներից մեկը սա է. «Նույնը կանեն նաեւ Թուրքիայի տառապյալ քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ հանդուրժել են կատաղի զինվորական ճնշումներն ու «լեռնցի թուրք» նվաստացուցիչ պիտակը, որի նպատակն է մոռացնել տալ նրանց ինքնությունը: Հանդարտության կարճ ժամանակահատվածից հետո վերջերս դարձյալ ուժգնացել են ճնշումները եւ Թուրքիայի արեւելյան այդ 5-րդ մասը պետք է համարել գրավյալ (օկուպացված) տարածք» (1):

Մեկ այլ տեղում Թուրքիան հիշատակվում է, որպես «…հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրություն», բայց դա այլ քննարկման թեմա է եւ, բնականաբար, դրան կանդրադառնանք հետագայում:

Երրորդ եւ չորրորդ հիշատակումները համապատասխանաբար սրանք են.

«Մինչ այդ մեր համազգեստ հագած տղամարդիկ եւ կանայք շարունակելու են պայքարն ընդդեմ ահաբեկչության եւ հանուն անվտանգության ու ժողովրդավարության: Ներկա պարտադրված միությունների (Անկարա եւ Կարաչի) առկայությունն անգամ բերրի հող է կրոնական ծայրահեղությունների եւ ահաբեկչական խմբավորումների կազմավորման համար»,

«Ովքե՞ր են կորցնելու. Աֆղանստանը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Քուվեյթը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Արեւմտյան Ափը»:

Մենք կենտրոնանանք առաջին հատվածի եւ քարտեզի բովանդակության վրա:

Քարտեզում, ինչպես նշված է հոդվածում, «Թուրքիայի արեւելյան 5-րդ մասը» ներառված է ապագա Ազատ Քրդստան պետության կազմում: Դրանով իսկ, իրականում, ներկայացված է Թուրքիայի մասնատման առաջին փուլը: Թուրքիայի մասնատման երկրորդ փուլի մասին մենք մանրամասն խոսել ենք 2010-ին հրապարակված մի հարցազրույցում (2):

Այստեղ է, որ ի հայտ է գալիս Հայաստան – Թուրքիա Արձանագրությունների սպառնալիքը Հայաստանի, եւ Թուրքիայի համար առավել ուժգին, որովհետեւ դրանց վավերացումը արեւմուտքի համար կարեւոր է` Թուրքիայի մասով, որ դրանով սկսվի Թուրքիայի առաջին փուլի մասնատումը, Հայաստանի մասով, որ դրանով Արեւելյան Հայաստանի Կարսի, Արդահանի, Իգդիրի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքները «համարվեն» անտեր, ոչ մեկին չպատկանող, որպեսզի դրանք «նվիրաբերվեն» (3) մեկ այլ` երրորդ կողմի, տվյալ դեպքում` քրդերին:

Նկատելի է, որ Հայաստան – Թուրքիա Արձանագրությունների վրա քրտնած եվրոպական փորձագիտական խումբը սերտ կապեր է ունեցել Ռալֆ Պիտերսի եւ նրա փորձագիտական խմբի հետ, որովհետեւ դրանք միմյանց օրգանապես լրացնող ու շարունակող փաստաթղթեր են:

Ներկայումս Թուրքիայի քաղաքական վերնախավը կանգնած է բավական լուրջ խնդիրների առջեւ, որոնք կարելի է բաժանել երեք խմբի:

Առաջին խումբ: Ընդառաջ գնալ Ռալֆի միջոցով ներկայացված արեւմտյան միտումներին եւ Ազատ Քրդստանի հաշվին զիջել «Թուրքիայի արեւելյան 5-րդ օկուպացված մասը»: Դա նշանակում է, նախ վավերացնել Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, ապա իրականացնել Բալկաններ – Մերձավոր Արեւելք – Կովկաս – Աֆղանստան գծով արեւմուտքի առջեւ ստանձնած ռազմական – քաղաքական պարտավորությունները, որոնց մեկ մասն արդեն իրականացվել է Բալկաններում` Կոսովոյում, Մերձավոր Արեւելքում` Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում եւ այժմ իրականացվում է Սիրիայում եւ Իրանում: Մնում է իրականացնել իրականացնել քրդերի ցեղասպանություն, եւ Ռալֆի ծրագիրը Թուրքիայի մասով պատրաստ է:

Երկրորդ խումբ: Ամեն գնով փորձել պահպանել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական խնդիրը դա է, որովհետեւ Եգեմեն Բաղըշի եւ այլոց ազգայնականությունն ու օսմանականությունը իրականում այլ բան չէ, քան ավելորդաբանություն: Բոլորին է հայտնի, այդ թվում` Թուրքիայում, թե ինչո՞վ սկսվեց եւ ինչպե՞ս ավարտվեց երիտթուրքերի ազգայնականությունն ու օսմանականությունը: Բոլորին է պարզ, որ խնդիրը ոչ միայն երկիրը մասնատումից, այլեւ սեփական անձը պատասխանատվությունից, այդ թվում` միջազգային ատյաններից փրկելն է:

Երրորդ խումբ: Ընդառաջ գնալ Հայկական Հարցը վերջապես կարգավորելու իրավացի պահանջներին, Հայոց հայրենիքը վերադարձնել հայերին, ընդունել Հայոց ցեղասպանության մեղքը, կատարել ցեղասպանության վնասների հատուցում` դրանով իսկ փրկելով եւ՜ ներկայի, եւ՜ ապագայի սերունդները շարունակական դիմակայության եւ թշնամության ճիրաններից: Այս վերջինը, միգուցե, ամենադժվարին իրականացվող տարբերակն է, բայց նաեւ միակն է իր նշանակությամբ, որ հանում է բոլոր հարցերն ու հարցականները տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, խաղաղ ու կայուն զարգացման ապահովման տեսանկյունից:

Մենք հասկանում ենք, որ այս ճանապարհի հակառակորդները դրսում ավելի շատ կլինեն, քան Թուրքիայում, ինչպես դա եղավ Ֆրանսիայի Սենատի ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի դեպքում, երբ դրա հակառակորդները, ազատ խոսքի կեղծ պաշտպանները, Ֆրանսիայում եւ Գերմանիայում ավելի շատ էին, քան` Թուրքիայում, այդ թվում եւ լրատվամիջոցների մակարդակով, որին շատ կարեւոր պատասխանատվություն է hատկացված` ռասիզմի եւ այլատյացության քարոզչության դեմ, առաջին շարքերում, պայքարելու իմաստով (4):

Այնուհանդերձ, Հայկական Հարցը կարգավորելու պահանջին ընդառաջ գնալը նշանակում է նաեւ պատմության քաղաքակրթական քննությունը հանձնել, որովհետեւ միայն այդպես են, իսկապես, հարատեւում ազգերն ու պետությունները: Մնացյալը կրկին ավելորդաբանություն է:

 

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

21.03.2012 թ.

—————-

Ծանոթագրություն

  1. Տես, Ռալֆ Պիտերս, «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.

  2. Տես, «Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում» (Թուրքիան եւ Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների), «Իրավունքը de facto», թիվ 23 (183), էջ 9:

  3. Հիշեցնենք, որ «նվիրատվություն» ձեւակերպումը Ռալֆի ընտրությունն է, որը հոդվածում գործածված է այսպես. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»: Տես, նույն տեղում, նաեւ` «Ռալֆ Պիտերս, «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», «Ուխտ Արարատի», թիվ 3 (14), հոկտեմբեր – նոյեմբեր, 2007, էջ 29-33:

  4. Տես, Ժիրայր Քոչարեան, «Թուրքիան թէ՛ կրկնացեղասպան է եւ թէ՛ սերիալ ցեղասպան», Hraparak.am, 16/03/2012:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)