Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պաշտօնական պատուիրակութիւնը 2017 թ. օգոստոսի 7-ին յարգանքի տուրք մատուցեց Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհուած ազատամարտիկների յիշատակին (Ֆօտոհաղորդագրութիւն)

07.08.2017

Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների յիշատակի օրը՝ 2017 թ. օգոստոսի 7-ին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական պատուիրակութիւնը Հանրապետութեան Նախագահ Ռադիկ Խամոյեանի եւ Փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլեանի գլխաւորութեան, իրենց ընտանիքների անդամների հետ միասին, այցելեցին Երեւանի Եռաբլուր Զինուորական Պանթէոն եւ յարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհուած ազատամարտիկների յիշատակին:

Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնական նպատակը Արեւմտեան Հայաստանի ազատագրումն էր: Այդ իմաստով կարեւորելով Հայկական Հարցի լուծումը` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պաշտօնեաներն ու պատգամաւորները, ինչպէս նախկինում, այսօր եւս կրկին ընդգծեցին, որ մերձաւորարեւելեան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների հենքին` հայ ժողովուրդը խնդիր ունի ներուժը կենտրոնացնելու հայութեանը տրուած բոլոր իրաւունքների պաշտպանութեան ու վերականգնման ծրագրերի վրայ, ինչը կնպաստի, թե՛ Արցախի Հանրապետութեան անվտանգութեան բաղադրիչի բարձրացմանը, թե՛ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան պահպանմանն ու հզօրացմանը:

Յիշեցնենք, որ օգոստոսի 7-ը նշւում է, որպէս Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների յիշատակի օր:

1982 թուականի օգոստոսի 7-ին Անկարայի Էսանպողայ օդանաւակայանում Զոհրապ Սարգսեանը եւ Լեւոն Էքմեքչեանը իրականացրեցին «Կարին» գործողութիւնը, որի ընթացքում զոհուեց Զոհրապը, Լեւոնը ծանր վիրաւորուեց, ձերբակալուեց ու մահուան դատապարտուեց:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատուական ծառայութիւն

07.08.2017 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)