ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի խրախուսում Իսրայելի կառավարության քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգություններին, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է, որպեսզի թաղամասից դուրս մղի քրիստոնյա հայերին։
«Ինչպես մի քանի առիթով ասել ենք, մենք չենք ցանկանում տեսնել Իսրայելի կառավարության կողմից այնպիսի քայլեր, որոնք կսրեն լարվածությունը», – ասել է Միլլերը։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:
«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար: Այսպես են արձագանքում ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը իրավական ընթացակարգերին։ Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է», – նշել էին պատրիարքությունից։