«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.»․ Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կայացել, 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին, մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թվականներին» խորագրով մամուլի ասուլիս:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին մասնակցել են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, «Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանը:

Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովի խոսքով՝ 1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը ձևավավորվել է բռնազավթելով տարածաշրջանի բնիկ ժողովրդների պատմական հայրենիքը:

«Հանդիսանալով պանթուրանական նախագիծ, Ադրբեջանը հիմնադրման պահից ի վեր որդեգրել է ինչպես ցեղասպանության, էթնիկ զտումների, քսենոֆոբիայի, ռազմական հանցագործությունների, այնպես էլ՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հազարամյակներով ստեղծած մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականություն: Դրա անկյունաքարը հանդիսանում է հայատյացությունը»,-ասել է բանախոսը:

Նա ընդգծել է, որ 1918 թվականից սկսած Ադրբեջանը հայերի նկատմամբ իրականացրել է բազմաթիվ ցեղասպանական գործողություններ և էթնիկ զտումներ՝ նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունն ու քաղաքակրթությունը:

«Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը երբևէ իրավաքաղաքական գնահատական չի ստացել , ինչն էլ ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որի հետևանքով հայկական երկու հանրապետություների դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմների ընթացքում իրականացրել է բազմաթիվ ռազմական հանցագործություներ: Դրանք կազմակերպվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, ինչը վկայում է այն մասին,որ հայատյացությունը և էթնիկական զտումները հանդիսանում են այդ արհեստածին պետության քաղաքականության անբաժան մաս»,-հավելեց նա:

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ ի դեմս Ադրբեջանի՝ հայկական կողմը գործ ունի, իրապես, ռազմական հանցագործների կողմից ղեկավարվող մի երկրի հետ:

«Այդ երկիրը պարբերաբար իրականացնում է հանցավոր գործողություններ՝ առաջին հերթին թիրախավորելով աշխարհի ամբողջ հայությանը, մասնավորապես, Հայաստանում և Արցախում ապրող հայերին: Վերջին ագրեսիային մենք ականատես եղանք օրերս, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա»,-նշեց ԱՀ ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, և այս իրավիճակը, միանշանակ, անպատժելիության հետևանքն ու արդյունքն է:

«Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար, պ. գ. թ., դոցենտ Մհեր Հարությունյանը շեշտեց, որ 1918 թվականին Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կոչված է շարունակելու նրա ցեղասպան քաղաքականությունն Արևելյան Անդրկովկասում, ինչն առայսօր հետևողականորեն իրականացվում է:

«Պետք է դաս քաղել պատմությունից և կարևոր հետևություն անել՝ միայն մենք կարող ենք կասեցնել թշնամու ցեղասպան քաղաքականության իրականացումը՝ համարժեք պատասխան տալով թշնամու ոտնձգություններին: Պետք է ուժեղանանք ինչքան հնարավոր է, պետք է ժողովրդագրական խնդիրը լուծել: Մեր ամեն մի կորստից հետո պիտի հինգ ծնունդ ունենանք»,-ասել է Մ.Հարությունյանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին հուզող հարցերին:

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)