Նենսի Փելոսի․  «Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ», 18․09․2022 

 Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա

Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, Երևանում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», – ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես գալով:

Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հիշեցրեց Նենսի Փելոսին` հավելելով. «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

Ներկայացուցիչների պալատը բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները: «Ես հուսով եմ, որ այդ բանաձևով մենք առաջ կշարժվենք, ինչ վերաբերում է մեր հանձնառությանը Հայաստանի հետ կապված, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու ՀՀ սահմանների որևէ փոփոխությանը», – իր հերթին ընդգծեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը:

Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան:

Երևան ժամանելուց քիչ անց Նենսի Փելոսին սոցցանցերում գրեց. «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին ինքնակալությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնակալության միջև ընտրության առջև, և մենք պետք է, կրկին, ընտրենք ժողովրդավարությունը»:

Սեպտեմբերի 13-ին հայ -ադրբեջանական սահմանին սկսված հետևանքով հայկական կողմն ունի 135, Ադրբեջանը՝ 79 զոհ. դրանք հաստատված տվյալներն են:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)