Ինչու Իրանի առաջնորդը Պուտինին հիշեցրեց Հայաստանի սահմանի մասին, 22.07.2022 

Ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի հետ Իրանի սահմանի արգելափակմանը»:

Խամենեիի այս հայտարարությունը նշանակում է, որ Իրանը Թուրքիայի հետ միասին Հայաստանի հետ սահմանի արգելափակման ծրագրերի հեղինակ ու պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Ընդ որում, սա երկրորդ դեպքն է, երբ Իրանը ուղիղ դնում է այդ հարցը․ առաջին անգամ Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում ասուլիսի ժամանակ ուղիղ հարցրել էր Լավրովին՝ Ռուսաստանը կո՞ղմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, եւ այդպես էլ պատասխան չէր ստացել։

Մոսկվան ու Անկարան բազմիցս հայտարարել են, որ գործում են համատեղ, համաձայնեցնելով բոլոր հարցերը, այդ թվում՝ միջանցքների։ Ռուսաստանը չի օգտագործում միջանցքներ բառը եւ շաղակրատում է Հայաստանի տարածքով ճանապարհներին հայկական իրավազորության մասին, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ այդ ճանապարհներին ներդրվելու է «պարզեցված ռեժիմ»։ Օրինակ, այսպես կոչված «Ադրբեջանի» ճանապարհներին նման ռեժիմի մասին խոսակցություն չկա։

Թեհրանում Պուտինը իրանական կողմին հորդորել է կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածը եւ գործարկել Սանկտ-Պետերբուրգից «Ադրբեջանով» Պարսից ծոց Հյուսիս-հարավ ճանապարհը։ Իր հերթին, թուրքական կողմը «Զանգեզուրի միջանցքի» համար օգտագործել է միջին միջանցք եզրը, ինչը ենթադրում է դրա կցումը այլ նախագծերին։ Սա ցույց է տալիս, որ ճիշտ են այն պնդումները, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները որոշակի շեղող նպատակ ունեն այլ, ավելի լայն խնդիրներից, քան զուտ հաղորդակցությունները, այդ թվում՝ սահմանազատում, խաղաղ պայմանագիր եւ այլն, որոնցով ճանաչվում է Արցախի ու Նախիջեւանի (որը 1921 թ․ Կարսի պայմանագրով հայկական ինքնավարություն է՝ փոխանցված Բաքվի խնամակալությանը) պատկանելությունը Բաքվին։

«Զանգեզուրի միջանցքի» մյուս նպատակը Հայաստանը Իրանից կտրելն է եւ Իրանի մեկուսացումը, դեպի Եվրոպա նրա ճանապարհը կտրելը, իրանական տարածքների անեքսիայի պայմաններ ստեղծելը, ինչի մասին բացահայտ խոսում են այդ երկրների փորձագիտական տիրույթում։

Ինչ վերաբերում է հաղորդակցություններին, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրարանցման տակ քննարկվում է Հայաստանի այլ մասերով «պարզեցված ռեժիմով» ճանապարհների հարցը։ ՀՀ եւ Թուրքիայի իշխանություններն արդեն պայմանավորվել են «երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու» շուրջ։

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)