ԼՂ կարգավիճակի ամենաօպտիմալ տարբերակը հնարավոր է գտնել Ստեփանակերտի ներգրավմամբ՝ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափում. Վահրամ Աթանեսյան, 01 Մայիս, 2022

Հայաստանը չի կարող լեզգիների, թալիշների, թաթերի, լեռնական հրեաների, ռուսների և Ադրբեջանի այլ փոքրամասնությունների ու Արցախի անունից ճանաչել էթնիկ թուրքերի տիտղոսը նախկին Ադր․ԽՍՀ տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքը փոքրամասնության ինքնորոշումը չի պայմանավորում որևէ երկրի տարածքային ամբողջականությամբ։ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է քննարկվի այս ելակետից։

 

———————–

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

 

Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները չեն համըկնում ՝ այս կոնտեքստում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ՀՀ իշխանություններին ուղղված մեղադրանքները՝ թուրքական ու ադրբեջանական ծրագիր իրականացնելու վերաբերյալ։

-Զախարովան, որքան ես եմ դիտարկում, ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը տարակարծիք են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Հայաստանը և Ադրբեջանը միշտ էլ այդ հարցում տրամագծորեն հակառակ մոտեցում են ունեցել։ Այստեղ նորություն չկա։ Բայց Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը փորձում է մոտեցնել կողմերի տեսակետները։ Սա էլ նորություն չէ, դիվանագիտական ստանդարտ ձևակերպում է, որ կարելի է մի քանի ենթատեքստային իմաստով հասկանալ։ Հայաստանում բողոքի ցույցերը քաղաքական օրակարգ չունեն։ Ավելին ասելու իմաստ չեմ տեսնում։

 

Արդյոք կարծում եք, որ այսօրվա ընդդիմությունն առաջարկում է կամ կարող է առաջարկել նոյեմբերի 9-ի համաձայնագրին այլընտրանք, այդ դեպքում ո՞րն է նրանց ու իշխանությունների տարբերությունը։

-Նոյեմբերի 9-ի Հայտարարության այլընտրանք կարող է լինել, պայմանական ասեմ՝ մայիսի 9-ի Հայտարարություն, երբ նոր պատերազմում հաղթած կլինի հայկական կողմը։

 

Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ինչին ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղարը այդ ենթադրյալ տարածքների վերաբերյալ հստակեցում է պահանջել։ Արդյոք նման հռետորաբանության պայմաններում խաղաղության պայմանագրի գործընթացը հնարավոր է առաջ տանել։

-Ես մի առիթով ասել եմ, որ Ադրբեջանի «հինգ սկզբունքները» ձևակերպվել են ոչ Բաքվում։ Տարածքային ամբողջականության մասին Ալիևի ասածը քարոզչական է։ Հայաստանը և Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցել են որպես ՀԽՍՀ և Ադր․ԽՍՀ իրավահաջորդ եւ ԽՍՀՄ փլուզմամբ անկախություն ձեռք բերած պետություններ։ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման իրավական հիմքը դա է։ Արտառոց է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սպասում է, թե Ադրբեջանը ո՞ր սահմաններում է տեսնում իր «տարածքային ամբողջականությունը»։ Խնդիրն այդտեղ չէ, այլ՝ Ադրբեջանի ներկայացրած այլ «սկզբունքի» մեջ, որով կողմերը պետք է ճանաչեն միմյանց «քաղաքական ինքնիշխանությունը»։ Սա անընդունելի է, որովհետև հակասում է ՄԱԿ-ի Խարտիային, միջազգային իրավունքին։ Հայաստանը չի կարող լեզգիների, թալիշների, թաթերի, լեռնական հրեաների, ռուսների և Ադրբեջանի այլ փոքրամասնությունների ու Արցախի անունից ճանաչել էթնիկ թուրքերի տիտղոսը նախկին Ադր․ԽՍՀ տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքը փոքրամասնության ինքնորոշումը չի պայմանավորում որևէ երկրի տարածքային ամբողջականությամբ։ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է քննարկվի այս ելակետից։

 

Խաղաղության պայմանագրի շուրջ թե՛ արևմուտքը և թե՛ Ռուսասատանը առանձին քայլեր են ձեռնարկում, դա պրոցեսին կօգնի՞ թե կվնասի՞։ Արդյոք առկա լարվածության պայմաններում հնարավոր է մի կողմին դուրս թողնել։

-Քննարկումների, շփումների նրբություններին իրազեկ չլինելով դժվար է կողմնորոշվել, բայց կա իրականություն՝ ԼՂ-ում անվտանգություն ապահովում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Բանակցային գործընթացի երաշխիքը կայունությունն է։ Դատելով արևմտյան միջնորդության «անկեղծության» մասին Ալիևի շեշտադրումից, կարելի է տպավորություն ունենալ, որ բուն գործընթացը Մոսկվայի հովանու ներքո կազմակերպելու հարցում նա սկզբունքային համաձայնություն տվել է, բայց աշխատում է հնարավորինս վնասել ռուս-հայական համագործակցությանը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամենաօպտիմալ տարբերակ, կարծում եմ, հնարավոր է գտնել Ստեփանակերտի ներգրավմամբ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափում։ Այլ տարբերակներ ես իրատեսական չեմ համարում։

 

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)