Դեօկուպացիան պետք է վերաբերի մինչեւ 1994 թ․ ազատագրված բոլոր տարածքներին, 01.02.2022

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

Տիկին Ալավերդյան, Արցախի խորհրդարանը շրջանառության մեջ է դրել ադրբեջանական օկուպացիայի մասին նախագիծ։ Դրա հիմնական բովանդակությունն այն է, որ Արցախի բռնազավթված տարածքներում արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն Արցախի կառավարության թույլտվությամբ։ Ի՞նչ մեխանիզմներ կան սա կյանքի կոչելու համար։

Առաջինը, այս օրենքի նախագծի անհրաժեշտությունը վաղուց կար։ Եվ ես ողջունում եմ, որ վերջապես այս օրինագիծը մտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի օրակարգ։ Երկրորդը, սա շատ անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է, որ իրապես իրականացվի այն, ինչ ամրագրված է այդ նախագծով։ Այս օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են թե Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության գործնական քայլերը, իրավակիրառ դաշտը։ Եվ այս առումով, թե ինչպես կարձագանքեն այս օրենքին հասցեատերերը՝ ես նկատի ունեմ այլ պետությունները, դա կարելի է կռահել։ Իհարկե, Թուրքիայի համար դա որևէ նշանակություն չի ունենալու։ Եվ այստեղ է, որ պահանջված է թե Արցախի, թե ՀՀ ակտիվությունը։ Մնացած երկրների դեպքում, ես կարծում եմ, այս օրենքը կուղարկվի համապատասխան երկրներ, նկատի ունեմ այն պետությունները, ովքեր արդեն իսկ նախաձեռնել են ինչ-ինչ ծրագրերի իրականացում։ Եվ ես էլի համոզված եմ,  որ սա վերին աստիճանի անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է։

Երբ խոսում ենք դեօկուպացիայի մասին, Արցախի որ տարածքների մասին կարող է խոսք լինել։

Ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք մտնում էին Արցախի Հանրապետության մեջ նախքան 44-օրյա ագրեսիան, դրանք բոլորը միջազգային իրավունքի համաձայն չեն պատկանում Ադրբեջանին։ Դրանք Սովետական ժամանակահատվածում բռնակցված են անօրինական որոշումներով։ Եվ Ազգերի լիգայի կողմից «վիճելի տարածքներ» անունը ստացած այդ տարածքներն ամբողջովին կամայական ուղղակի խլվել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից և անօրինական ձևով միացվել Ադրբեջանին։ Դրա համար, իմ պատկերացմամբ, դեօկուպացիան վերականգնումն է այն տարածքների, որոնք չեն պատկանում Ադրբեջանին և մինչև 1994 թվականն ազատագրվել ու վերամիավորվել են Արցախի Հանրապետությանը։ Ինչ վերաբերում է Շահումյանին, այն ընդհանրապես դուրս է քննարկումներից, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Սովետական միության օրենքների և միջազգային նորմերի համաձայն՝ դուրս է եկել Սովետական Ադրբեջանից, որը դուրս է եկել ԽՍՀՄ-ից։ Ինչ վերաբերում է Գետաշենին ու Մարտունաշենին, ես գտնում եմ, որ դրանց մասին խոսելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ պարտադիր։ Ինչո՞ւ, որովհետև այդտեղ միջազգային օրենքներով տեղի են ունեցել հանցագործություններ։ Եվ հայաբնակ այդ գյուղերի հայաթափումն ու անմիջապես այլ մարդկանցով բնակեցումը միջազգային նորմերի կոպիտ խախտում է։ Ինչ վերաբերում է Արցախի Ազգային ժողովին, ես չգիտեմ, թե իրենք ինչպես են այս հարցերը դիտարկում։

Ես կարծում եմ, որ ընդհանրապես հարցը պետք է դրվի այնպես, ինչպես պահանջում է միջազգային նորմերի տառն ու ոգին։ Ինչը կհաջողվի և երբ կհաջողվի, դա բոլորովին այլ հարց է, բայց այդ հարցերը մինչ այսօր չհնչեցնելը ես համարում եմ կոպիտ վրիպում։ Եվ տվյալ դեպքում ողջունում եմ, որ վերջապես այս նախաձեռնությամբ հանդես եկան։

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)