Արցախում ու Հայաստանում պետք է ընդունեն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք եւ նախաձեռնեն ճանաչման ընթացքը․ ո՞ւմ ենք սպասում, 29.01.2022

Lragir.am-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը

Պարոն Պողոսյան, Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոսեց ադրբեջանցի փախստականների իրավունքների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այսօրինակ հայտարարությունները, ի՞նչ քաղաքականություն է վարվում։

Ընդհանրապես ցանկացած երկրի ղեկավար պետք է խոսի իր երկրի շահերից։ Ադրբեջանական ժողովրդի իրավունքների մասին պետք է խոսեն Ադրբեջանի նախագահը, նրանց պաշտոնյաները, Ադրբեջանի դաշնակիցները, ինչը մենք տեսնում ենք։ Երբ նայում ենք՝ էլ ո՞վ կարող է դրա մասին խոսել, պատասխանը հստակ է՝ մարդ, ով սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Ընդհանրապես, երբ դու պետական պաշտոն ես զբաղեցնում, պետք է հասկանաս, որ տվյալ պետությանն ես ծառայում։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է այն, որ ՀՀ ցանկացած ղեկավար միայն ու միայն խոսի ՀՀ, Արցախի Հանրապետության և ընդհանրապես հայերի իրավունքներից։ Երբ հանկարծ պարզվում է, որ ՀՀ ղեկավարը խոսում է այլ ազգերի, ժողովուրդների իրավունքներից, ապա նա սպասարկում է այդ այլ պետությունների ու ազգերի շահերը։ Դե եթե ՀՀ վարչապետն սպասարկում է Ադրբեջանի շահերը, այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանին ընկալում է թշնամի, ինչի՞ մասին կարող ենք խոսել։

Այս պայմաններում մենք կամ պետք է փոխենք այս իշխանություններին, բերենք իշխանություններ, որոնք կխոսեն Հայաստանի և հայերի իրավունքների մասին, կամ իրենք գիտակցված պետք է հեռանան՝ հանուն Հայաստանի։ Հայ ազգը պետք է կարողանա իր քաղաքական խոսքն ասել, որ սա անթույլատրելի է։ Ամեն մարդ իր տեղում պետք է այդ մասին խոսի։

Դեօկուպացիայի հարցերն այսօր հետին պլան են մղված, Հայաստանի և Արցախի Ազգային ժողովներն էլ քայլեր չեն ձեռնարկում կարծես հարցի վերաբերյալ, ի՞նչ պետք է անել։

Ի՞նչ պետք է անել այսօր։ Առաջինը, եթե Արցախի Հանրապետությունը կայացած միավոր ենք համարում, Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է կարողանան իրենց շահերը պաշտպանել ու այս հարցը գիտակցել։ Իսկ դրա համար, բացի հայտարարություններից, Արցախում ու Հայաստանում պետք է ընդունեն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք, ինչպես անում են բոլոր այն երկրները, որոնք առերեսվել են օկուպացիայի հետ։ Պետք է իմանան, որ ՀՀ-ն էլ է առնչվել ադրբեջանական օկուպացիայի հետ և ընդունում է, որ դա ագրեսիա է։ Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդիսանա Արցախի Հանարպետության և արցախցիների անվտանգության երաշխավորը։ Դե անվտանգությունը հիմա չի կարողանում ապահովել, գոնե իրավական դաշտի անվտանգություն ապահովի։ Պետք է նախաձեռնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։ Նույն ՀՀ իշխանությունները կառավարության ծրագրում կարծես թե ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության մասին էլ են գրել, որոնք Մադրիդյան հայտնի սկզբունքներ են։ Դա նշանակում է, որ իրենք պետք է խոսեն ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին, ինչպես նաև ուժի չկիրառման։ Հիմա, մի անգամ լսեցինք, որ ասում էին՝ Արցախի հարցը դա նաև իրավունքի հարց է։ Մենք ջատագովն ենք ժողովրդավարության, որը հենց իրավունքի խնդրից է բխում։ Հիմա, եթե իրավունքի հարց է դա, ո՞ւմ ենք սպասում։ Եթե Արցախի հարցն իրավունքի հարց է, բա ինչո՞ւ ենք սպասում, եկեք այդ իրավունքը ճանաչենք։ Ո՞նց ենք աշխարհին ասելու՝ հետևեք մեր օրինակին, մենք սա համարում ենք իրավունքի  հարց, և քանի որ ժողովրդավար երկիր ենք, առաջինը հենց մենք ենք քայլ անում։ Ինչո՞ւ պետք է սպասենք, որ այլ երկրները քայլ անեն։ Միջազգային հարաբերություններում արժեքների դաշտ չկա, կան միայն շահերի, այ դրա համար էլ վախենում են այդ նույնն անել։ Բայց իշխանությունները պետք է դա անեն, որ իրականությունը փոխեն։ Պետք է դա անեն, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ հասկանան, որ իրականություն է փոխվում, որ եթե անընդհատ ուշանան ու չայցելեն, չնախաձեռնեն խնդիրների լուծումը, կարող է հետո առերեսվեն այլ իրավիճակների։

Բացի դրանից, ես առաջարկում եմ հետևյալը։ Օրինակ՝ փետրվարի 13-ը Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է, լավ էլ օր է, թող փորձեն այդ օրը մի մեծ միջազգային կոնֆերանս կազմակերպել՝ շարժում, իրավունքներ, ժողովրդավարություն թեմաներով։ Դա էր, չէ՞, այդ շարժման հիմքը։ Բա նախաձեռնեք մի հատ մեծ միջոցառում, ցույց տվեք, որ դուք ժողովրդավար եք։ Ոչ այն է անում, ոչ այն, բայց անում է այն, ինչից զարմանում ենք՝ ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է խոսում Ադրբեջանի ժողովրդի իրավունքներից՝ մոռանալով հայերի իրավունքների մասին։

Այսինքն՝ այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի շատ սպասարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, ոչ թե հայկական պետականության ու հայերի։

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)