Եթե ԱՄՆ-ն ընդունում է, որ տեղի է ունեցել օկուպացիա, սա նշանակում է օկուպանտի որևէ գործողություն չի կարող իրավական հիմք ստեղծել, 28.12.2021

Կա «Լավրով-2» պլանը, միտումն ու ցանկությունն այն է, որ Արցախն ամբողջովին ենթարկեցնեն ռուսական ազդեցությանը։ Այս մասին այսօր ԱԺԲ հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«2020 թվականի պատերազմի պատճառներից մեկը նաև այն էր, որ ԱՄՆ-ն խորացել էր իր մեկուսացման մեջ՝ ընտրությունների հետ կապված։ Ինչպես նաև covid-19-ի պատճառով մենք տեսանք, որ հակահայկական ուժերն օգտվեցին, և Լավրովի թիվ մեկ պլանն իրականացրեցին։ Գաղտնիք չէ, որ կա, պայմանական ասած, Լավրով-2 պլանը, կա այդ միտումն ու ցանկությունը՝ Արցախն ամբողջովին ենթարկեցնել ռուսական ազդեցությանը և միգուցե ռուսական քաղաքական վերահսկողությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ Արցախի, այսպես կոչված, իշխանությունները ևս դրա ջատագովներն են։ Մյուս միտումն այն է, որ Ռուսաստանը փորձում է Սյունիքը հնարավորինս դնել իր վերահսկողության տակ և դրա համար օգտագործում է թուրքական և ադրբեջանական վտանգը։ Այդ վտանգը սրելով՝ մեզ ուզում են կանգնեցնել այն ընտրության առաջ, որ միակ հնարավորությունը ապավինեն ռուսներին։ Մենք դա չենք ընդունում, որովհետև ունենք դառը փորձը։ Մենք դա չենք ընդունում, քանի որ ունենք պատմական դառը փորձ և հասկանում ենք, որ իր շահերով առաջնորդվելու դեպքում Ռուսաստանը մեզ չի աջակցելու»,- ասաց Պապյանը։

Նրա խոսքով՝ որոշակի դրական փոփոխություններ կան ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի գործնական դաշտ տեղափոխելու հարցով։ Կան նշաններ, որ ԱՄՆ-ն ՀՀ նկատմամբ իր քաղաքականության մեջ էական փոփոխություն է անում։

«Մասնավորապես, Պետքարտուղարության կայքում փոփոխություն արվեց, և ԱՄՆ-ն պաշտոնապես արձանագրեց, որ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները 1920 թվականի ապրիլի 3-ից են։ Սա շատ կարևոր արձանագրում էր, հիշատակվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին, սա էլ շատ կարևոր էր։ Այսինքն՝ պաշտոնապես դրա իրավական գոյությունը շեշտվեց և նաև նշվեց, որ այդ ամբողջն ի կատար չի ածվել բոլշևիկյան և թուրքական օկուպացիայի հետևանքով։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե ԱՄՆ-ն ընդունում է, որ տեղի է ունեցել օկուպացիա, սա նշանակում է օկուպանտի որևէ գործողություն չի կարող իրավական հիմք ստեղծել։ Ես նկատի ունեմ և Մոսկվայի, և Կարսի պայմանագրերը, և Կավբյուրոյի որոշումն Արցախի վերաբերյալ»,- ասաց Պապյանը։ Նրա խոսքով՝ 2022 թվականին դրական զարգացումներ են լինելու Հայաստանի համար։

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)